Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականի արդեն նախկին մարզիչ Արմեն Բաբալարյանը, որն արդեն գլխավորում է ազգային հավաքականը, ամփոփելով Սոֆիայում ավարտված աշխարհի երիտասարդական առաջնությունը, այսպես է արտահայտվել մեր որոշ ըմբիշների բնութագրելիս:
«Սա լուրջ մտածելու եւ աշխատելու տեղիք է տալիս»,-նրա խոսքերը մեջբերում է մարզաձեւի ֆեդերացիայի կայքէջը: «Ես արդյունքներից ոչ գոհ եմ, ոչ դժգոհ: Գոհ կլինեի, եթե իմանայի, որ ավելի շատ մեդալի հնարավորություն չունեինք: 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը եւ 63 կգ քաշային Արման Վարդանյանը ամենաքիչը եզրափակչի մասնակից պետք է լինեին: Սակայն պարտվեցին կիսաեզրափակիչներում, այն էլ՝ ցավալի հաշիվներով, որից հետո արդեն բրոնզե մեդալի համար գոտեմարտերը շատ վատ անցկացրին: Բրոնզե մեդալ նվաճելու մեծ հնարավորություն ուներ 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը, սակայն այստեղ էլ ցավալի պարտություն»,-ասել է մարզիչը:
Նա նաեւ նշել է մեր մարզիկների հաղթանակները, որոնց մի մասը ձեռք է բերվել բարձր կամային որակներ դրսեւորելու շնորհիվ, ինչը գովելի է:
Արմեն Բաբալարյանը եզրափակելով ասել է, որ թեեւ ունենք չեմպիոն եւ փոխչեմպիոն, սակայն ափսոսում է, որ ռեալ մեդալներ կորցրինք:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ