«Ամերիկայի ձայն». Այսօր, երբ Ուկրաինան նշում է Անկախության տոնը, լրանում է նաեւ Մոսկվայի կողմից Կիեւի դեմ սկսված պատերազմի կես տարին: Պատերազմ, որի արդյունքում մինչ այժմ օկուպացվել են Ուկրաինայի հարավային տարածքներ, դարձել մեծաթիվ զոհերի ու ավերածությունների պատճառ:
Դեռ մայիսին ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ասել էր, թե Վլադիմիր Պուտինը սկսեց այս պատերազմը՝ հավատալով, որ կարող է ոչնչացնել Ուկրաինան որպես անկախ երկիր և պառակտել ՆԱՏՕ-ն։ Փոխարենը, ասել էր պետքարտուղարը, «Պուտինը միայն ամրապնդեց Ուկրաինայի ինքնիշխանությունն ու անկախությունը, երբ ուկրաինական բանակը դուրս մղեց ռուսական ուժերին Կիևից»:
Պատերազմի սկզբում մեծաթիվ փորձագետների մոտ տպավորություն ստեղծվեց, որ Ռուսաստանը, իր բանակը համարելով «աշխարհում երկրորդ հզորագույնը», արագորեն կտիրի ամբողջ Ուկրաինային կամ գոնե այն տարածքները, որոնք Կրեմլը անվանում է, այսպես կոչված, «Նովոռոսիա», որից հետո Կիևին կստիպի հանձնվել Մոսկվայի պայմաններով:
Բայց Ուկրաինայի զինված ուժերի եւ ժողովրդի հզոր դիմադրությունը ցնցեց աշխարհը ու հասկացրեց Ռուսաստանին, որ իր հավակնոտ ծրագրերը, հպարտությունն ու վստահությունը սին էին ու անհիմն:
Կարդացեք նաև
Ռազմական հարցերով վերլուծաբան, Լատվիայի ազգային զինված ուժերի պահեստազորի գնդապետ Իգոր Ռաևը կարծում է, որ Ղրիմը 2014 թվականին կորցնելուց հետո Ուկրաինայի զինված ուժերը զգալիորեն բարեփոխվել են: Ռաևն առաջին հերթին նշում է մարտունակության բարձրացումը, զինվորների անհատական պատրաստվածության բարելավումը, լայնածավալ գործողություններ իրականացնելու կարողությունը, նոր սարքավորումների օգտագործումը: «Արդյունքում ռուսական բանակն արդեն վեց ամիս չի կարողանում հասնել իր նպատակին», – ասում է նա ու ավելացնում, որ ուկրաինական բանակը պարզապես հիանալի է գործում հանուն հայրենիքի պաշտպանության:
«Ու քանի որ Ուկրաինայի զինված ուժերը Եվրոպայում միակ բանակն է, որը մասնակցում է ակտիվ պատերազմի, ստանում է եզակի փորձ` սեփական մարտունակությունը բարելավելու համար։ Եվ այս փորձը չի կարող համեմատվել այն փորձի հետ, որը ստացել են արևմտյան երկրների բանակները վերջին 20 տարիների ընթացքում Աֆղանստանում և Իրաքում», -ասում է Ռաևը։
Իգոր Ռաեւի խոսքով՝ ուկրաինացի զինվորականներն այժմ պետք է սովորեն անցնել հակահարձակման, ու հիշեցնում Արեւմուտքի երկրների կողմից Կիեւին հատկացվող զենքերի կարեւորությունը:
«Բայց մենք հասկանում ենք, որ Արևմուտքի կողմից տրամադրվող սպառազինությունների ծավալը պետք է մեծ լինի, որպեսզի Ուկրաինան իրականում իրականացնի լայնածավալ ցամաքային գործողություններ»,- եզրափակում է վերլուծաբանը։
Ռուսական բանակի հրամանատարական կազմը պատրաստ չէ կատարել իր առջև դրված խնդիրները
Ռազմական մեկ այլ փորձագետ Յուրի Ֆյոդորովը նշում է, որ երբ Ռուսաստանը զավթում էր Ղրիմը եւ արեւելյան որոշ տարածքներ, Ուկրաինայի ուժերը չունեին դիմակայելու այն հնարավորությունները, որոնք ունեն այսօր: «Երկրի այն ժամանակվա իշխանությունները և քաղաքացիների մեծամասնությունը կարծում էին, որ Ուկրաինան ստիպված չի լինի պայքարել ընդդեմ Ռուսաստանի, երբ հակառուսական տրամադրությունները հիմնականում տիրում էին երկրի հիմնականում արեւմտյան շրջաններում», – ասում է վերլուծաբանը եւ շարունակում. «Բայց 2014 թվականի գարնան իրադարձությունները կտրուկ փոխեցին ուկրաինացիների վերաբերմունքը Ռուսաստանի նկատմամբ, և այդ պահից սկսվեց երկրի բանակի հզորացումը»: Նրա խոսքերով, առաջին հերթին մեծ ուշադրություն է դարձվել ռազմական հրամանատարությանը, աստիճանաբար ձևավորվել է բարձրագույն, միջին և ստորին մակարդակների հրամանատարների բավական որակյալ կորպուս, որը փորձում էր հեռու մնալ քաղաքական կոնֆլիկտներից։ Իսկ սա բանակի հզորություն առաջին ու ամենակարեւոր պայմաններից մեկն է: «Ուժեղ սպայական կորպուսի ստեղծումը Ուկրաինայի նոր Զինված ուժերի կառուցման կարևորագույն ուղղություններից մեկն է»,- կարծում է փորձագետը։
Եվ ներկա պահին ուկրաինական բանակը, ըստ Յուրի Ֆյոդորովի, միանգամայն ողջամտորեն համարվում է Եվրոպայում ամենամարտունակներից մեկը։
Ինչ վերաբերում է ռուսական բանակի վիճակին, ապա, ըստ Յուրի Ֆյոդորովի, այն ստեղծվել է բլից-կրիգ` կայծակնային պատերազմ մղելու համար։ «Այսինքն՝ այս զինված ուժերը նախատեսված էին արևմտյան և հարավ-արևմտյան ուղղությամբ կայծակնային հարձակողական գործողություններ իրականացնելու համար Բալթյան երկրների, Լեհաստանի, Ուկրաինայի և Հարավային Կովկասի դեմ՝ հակառակորդի առանցքային ռազմական և քաղաքական կենտրոնները գրավելու համար։ Մի բան, որը հարկավոր էր անել կարճ ժամանակահատվածում: Այսօր ժամանակի երկարաձգումը գործում է ընդդեմ Ռուսաստանի:
Ռուսական բանակի մյուս թերությունը, ըստ փորձագետի, հրամանատարական կազմի անփորձությունն է, եւ տարածված կոռուպցիան: «Սա բավականին բնորոշ պատկեր է խորհրդային և ռուսական բանակի համար»,- ասում է նա ու հիշեցնում, որ Միության փլուզումից հետո փորձառու մեծաթիվ ռուս հրամանատարներ լքեցին բանակը, ովքեր հասկացան, որ կարող են շատ ավելիին հասնել Ռուսաստանից դուրս։
«Ուկրաինայի ղեկավարության դիրքորոշման շնորհիվ Կիևը գոյատևեց և շարունակեց դիմադրել». ըստ փորձագետներից Մարկ Ֆեյգինի, այժմ սկսվում է պատերազմի երրորդ փուլը, եւ կա զգացողություն, որ Ռուսաստանը գուցե չկարողանա պահպանել Ուկրաինայի հարավային և արևելյան շրջանների օկուպացված տարածքները։ «Ռուսաստանից այսօր զգացվում են խաղաղ համաձայնագրերի գործընթաց մտնելու, զինադադարի և այլնի շուրջ բանակցություններ սկսելու տենդագին փորձեր»,- ասում է նա, ու կարծիք հայտնում, որ ինչ-որ պահի Կրեմլը կարող է համաձայնել դուրս գալ Զապորոժյեի և Խերսոնի շրջանների օկուպացված հատվածներից՝ հաշվի առնելով Ղրիմի վրա Ուկրաինայի զինված ուժերի կողմից սկսված գրոհները և Դնեպրի ափերի երկայնքով ռուսական բանակի համար կարևոր ճանապարհների ոչնչացումը: Մի բան, որի արդյունքում ռուս զինվորականների 25 հազարանոց խումբը կարող է հայտնվել շրջապատման մեջ և մնալ առանց զենքի ու զինամթերքի։
Այս ընթացքում փոխվում է ռուս հասարակության կեցվածքը
Ուկրաինական բանակի նոր հաջողությունների ու ռուսական կողմից նոր կորուստների դեպքում, ինչպես փորձագետներն են ասում, ռուսները կսկսեն մտածել՝ «Բայց մենք պատերազմը ոչ թե հաղթում ենք, այլ այս պատերազմում` պարտվում»: Իսկ սա շատ մեծ դեր է խաղում տվյալ երկրի պարտության համար:
Իսկ երբ տնտեսական պատժամիջոցների հետևանքով ճգնաժամի մասշտաբներն այնպիսին լինեն, որ դադարեցվեն թոշակները, և գործազրկությունն աճի, իրադրությունը կտրուկ կփոխվի ռուս հասարակության մեջ: Եվ ռուսները կսկսեն հասկանալ, որ անցյալ մեծամտությունը շատ մեծ էր, հնարավոր պարտությունը` շատ մոտ: