Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւակ Ծառուկյանը խնջույքից է վերադառնալիս եղել, մի փոքր ալկոհոլի չափն անցած է եղել. մանրամասներ՝ Առինջի կամուրջի մոտ հնչած կրակոցներից

Օգոստոս 25,2022 13:07

Օգոստոսի 5-ին Առինջի կամարի մոտ կրակոցների գործով մեղադրյալ ներգրավված Սեւակ Ծառուկյանը (լուսանկարում) չի ընդունում առաջադրված մեղադրանքը:

«Հիմնազուրկ գործի մասին ենք հիմա խոսում: Որեւէ ապացույց քրեական գործում չկա: Համոզված եմ, որ չի էլ կարող ձեռքբերվել, որ Սեւակ Ծառուկյանն իր հետ կրել է զենք, կրակոցներ է արձակել: Բացի դրանից՝ Սեւակ Ծառուկյանը նախաքննության այս ողջ ընթացքում ամեն կերպ փորձել է աջակցել վարույթ իրականացնող մարմնին՝ օբյեկտիվ իրականությունը բացահայտելու համար: Ենթարկվել է տարբեր տեսակի փորձաքննությունների, տվել է նմուշներ հետազոտությունների համար, տվել է ցուցմունք, հայտնել է, թե որտեղ է գտնվել, ինչ է արել: Ինչ վերաբերում է իրավապահներին դիմադրելուն: Դատարանն այդ մասով հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի էլ համարել » ,-Aravot.am-ին ասաց Սեւակ Ծառուկյանի պաշտպան՝ փաստաբան Էմին Խաչատրյանը:

Էմին Խաչատրյան

Նա հաստատեց մամուլի տեղեկությունները, որ Սեւակ Ծառուկյանը Գագիկ Ծառուկյանի ազգականն է, բայց ասաց՝ մերձավորության աստիճանը չգիտի:

Սեւակ Ծառուկյանը դատարանի որոշմամբ երկամսյա կալանքի մեջ է: Նա մեղադրվում է զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Պաշտպանական կողմը կալանքը որպես խափանման միջոց ընտրելու դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել, առաջիկայում կնշանակվի դատական նիստ:

Մեր հարցին ի պատասխան՝ եթե Սեւակ Ծառուկյանը պնդում է, որ չի կրակել, ապա ինչ առնչություն է ունեցել հրազենային այդ միջադեպին, պաշտպանը շարունակեց. «Առհասարակ որեւէ կրակոցի մասին որեւէ բան չի կարող հայտնել վարույթ իրականացնող մարմնին, որովհետեւ կրակոցների վերաբերյալ որեւէ տեղեկություն չունի, բացի այդ՝ մասնակիցներից որեւէ մեկին չի ճանաչում, չի էլ կարող ճանաչել»:

Մեր հարցին՝ այսինքն պնդում է, որ դեպքի վայրում չի՞ եղել, պաշտպանը պատասխանեց. «Այո՛, բնականաբար: Դեպքի վայր ասելով՝ ինչ գիտեք, այնտեղ մի քանի դրվագի մասին է խոսքը»:

Փաստաբանը շարունակեց. «Առինջի կամուրջի տակ նա մեքենայի մեջ քնած վիճակում է եղել, այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել: Բայց հաստատապես ասում եմ, որ քնած վիճակում է եղել մեքենայի մեջ ու դա հաստատվում է, թե ոստիկանների ցուցմունքով, թե այլ ապացույցներով: Հիմնավորվում է, որ մեքենայի մեջ, բացի Սեւակ Ծառուկյանից՝ այլ անձինք էլ են եղել: Սեւակ Ծառուկյանը խնջույքից է վերադառնալիս եղել, մի փոքր ալկոհոլի չափն անցած է եղել, դրա համար ինքը մեքենան չի վարել, այլ մեքենայի մեջ վարորդի հետեւի մասում քնած վիճակում է եղել ու նույնիսկ չգիտի էլ, թե այնտեղ ով է եղել սթափ վիճակում եւ ով է իրեն մեքենայով բերել Առինջ գյուղ…այդ գյուղի մեջ եղած միջադեպը, որ պարեկների հետ է եղել, Սեւակ Ծառուկյանի հետ կապ չունի: Այսպես ասած՝ դեպքի վայրից բոլորը հեռացել են, բայց Սեւակ Ծառուկյանը իր մեքենայով կանգնած մնացել է, պարեկներն էլ եկել են ու նրան բերման են ենթարկել»:

Փաստաբանը նաեւ նկատեց, որ եթե իր պաշտպանյալը հանցագործություն կատարած լիներ, դեպքի վայրը վաղուց լքած կլիներ, մինչդեռ նա Առինջ գյուղի աղբյուրի ջրով լվացվելու էր իջել, երբ պարեկները նրան տեսել ու բերման են ենթարկել:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031