2020 թվականի Արցախյան պատերազմից ի վեր հայկական կողմի դրությունը անընդհատ բարդանում է։ Ադրբեջանը չի կատարում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված իր պարտավորությունները, բայց, միևնույն ժամանակ, Հայաստանին է պարտադրվում այդ փաստաթղթում տեղ գտած դրույթների ադրբեջանական մեկնաբանության իրագործումը։ Օրինակ՝ հրադադարի հաստատումից մեկուկես տարուց ավելի ժամանակ է անցել, սակայն Ադրբեջանը այդպես էլ չի կատարել նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, այն է՝ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձը։
Ավելին՝ Ադրբեջանը իր համար յուրաքանչյուր պատեհ պահի խախտում է հրադադարի ռեժիմը և նոր տարածքներ բռնազավթում այն պարագայում, երբ հրադադարի մասին եռակողմ հայտարարության մեջ նշվում է, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Բայց այս իրողությունը չի խանգարում, որ առաջ մղվեն նոյեմբերի 9-ի փաստաթղթի՝ միայն Ադրբեջանին ձեռնտու դրույթները, այն էլ խեղաթյուրված տարբերակով։ Օրինակ՝ փաստաթղթի 6-րդ կետում նշվում է, որ, կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարվա ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար: Սակայն Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը չի հաստատվել, բայց Ադրբեջանի պահանջով Լաչինի միջանցքն ընդգրկող հայկական բնակավայրերը՝ մասնավորապես Բերձորը, Աղավնոն և Սուսը, հայաթափվել են ու հանձնվում են հակառակորդին։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում