2022 թ. օգոստոսի 24-ին ժամը 18:00 մի խումբ ՀՀ քաղաքացիներ և օտարերկրյա քաղաքացիներ կազմակերպել են բողոքի ցույց Երևանի Ազատության հրապարակում: Բողոքի ցույցը հակապատերազմական էր (օգոստոսի 24-ին լրանում է Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիվ պատերազմի կես տարին)։
Ակցիայի առաջին իսկ րոպեներից կազմակերպիչներին բերման ենթարկեցին ՀՀ ոստիկանի համազգեստ հագած մարդիկ։ Այնուհետև սկսեցին բերման ենթարկել նաև շարքային մասնակիցներին։ Փաստացի ՀՀ ոստիկանությունը առանց պարզաբանումների ձերբակալություններ է իրականացրել: Նախնական տվյալներով 20 անձ բերման է ենթարկվել ոստիկանական բաժանմունք: Ձերբակալվածների մեջ է ռուս հայտնի բլոգեր Ալեքսեյ Ռոմանովը:
ՀՀ ոստիկանությունը չի թույլատրել անգամ բացել բողոքի պաստառները: Այսպիսով ականատես ենք լինում հետադիմական եւ բռնատիրական երկրներում կիրառվող պրակտիկայի ներդրման մեր երկրում:
Մենք խստորեն դատապարտում ենք ոստիկանության գործողությունները: Մարդու իրավունքները, հավաքների ազատությունը և խոսքի ազատությունը գերագույն արժեք պետք է լինեն Հայաստանում: Ոստիկանությունից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին եւ հրապարակային բացատրություն տալ այս ապօրինության համար:
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն հ/կ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում
Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
Հանրային լրագրության ակումբ
«Հանուն հավասար իրավունքների» ՀԿ