Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր փուլ

Օգոստոս 25,2022 11:00

Ռուսաստանը կարող է առաջիկայում ավելի պահանջկոտ ու ագրեսիվ դառնալ գործընկեր պետությունների հետ հարաբերություններում

Օգոստոսի 24-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքէջում զետեղված հաղորդագրության՝ կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Վերահաստատվել է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների միջեւ 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների հետեւողական իրականացման կարեւորությունը։ Միաժամանակ նշվել է ռուսական խաղաղապահների դերը տարածաշրջանում կայունության ապահովման գործում։ Անդրադարձ է կատարվել Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման որոշ արդիական հարցերի։

Հայ-ռուսական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների զարգացման թեման հատկապես ուշագրավ է, եթե վերհիշենք, թե ինչ տեղի ունեցավ անցավ շաբաթ: Երեւանն ու Մոսկվան, կարծես, պահպանում են պաշտոնական «էտիկան»՝ չմոռանալով նշել Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերության ու դաշնակցային հարաբերությունների մասին, սակայն վաղուց եւ բոլորի համար պարզ է, որ այդ հարաբերություններում խնդիրները բավական խորն են:

Առավել վտանգավորը այստեղ հարցն է՝ այս հարաբերություններում առկա խնդիրները լուծելու պատրաստակամություն կա՞ Երեւանում ու Մոսկվայում, թե՞ ոչ…

Անցյալ շաբաթ հայ-ռուսական հարաբերություններում քննարկումների նոր առիթ հանդիսացավ ՌԴ դեսպանատան կողմից ՀՀ ԱԳՆ-ին հղված նոտան՝ «տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ արտանետումների կապակցությամբ»:

Առիթը՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առեւտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությունն էր, որում, ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ «ռուսաստանյան կառույցների հասցեին առնչություն ունենալու հրեշավոր եւ կեղծ մեղադրանքներ են» հնչել: Առանց հստակ հեղինակներին մատնանշելու՝ ՀՀ-ում ՌԴ դեսպատանատունը պնդել էր, թե «դիտարկում է դա որպես ուղղակի սադրանք նման հերյուրանքների հետեւում կանգնած քաղաքական ուժերի կողմից՝ ուղղված ռուս – հայկական դաշնակցային հարաբերությունների սասանմանը»: Դեսպանությունը Հայաստանի իշխանություններից ակնկալում էր «նման ոչ-բարեկամական դրսեւորումների կանխարգելմանն ուղղված քայլեր, ներառյալ՝ անհրաժեշտ հրապարակային մեկնաբանություններ», եւ հայտնել էր, որ համապատասխան նոտա է հղել ՀՀ արտգործնախարարություն:

Մեկ օր անց հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջեւ կառուցողական զրույց է տեղի ունեցել, որի մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել էր ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաեւը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։ Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Երեւանը կպատասխանի ՌԴ դեսպանատան նոտային։ «Այսօր կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի եւ ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջեւ։ Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել էր Նեչաեւը։

Մի պահ պատկերացնենք, թե հայտնի չէ, թե որ երկրի դեսպանատան գնահատականներն են սրանք. «վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից», «մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետեւում», «Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսեւորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները»։

Համաձայնեք, որ սա ո՛չ ռազմավարական, ո՛չ էլ դաշնակցային հարաբերություններին հարիր «լեքսիկոն» է, նման հրապարակային կշտամբանքներ հայտնվում են ասպարեզում, երբ երկու պետություններ դիվանագիտական ճանապարհով ինչ-որ իրադարձությունների վերաբերյալ չեն կարողացել պարզաբանումներ ստանալ ու ընդհանուր հայտարարի գալ:

ՌԴ դեսպանատան քայլը, կարծես, մի «հարմար առիթ» լիներ, որպեսզի ի ցույց դնեին կուտակված դժգոհությունները: Եթե ռուսական մամուլում ու համացանցի ռուսական տիրույթում ռուսաստանցիների գնահատականները մանրադիտակի տակ առնվեն, ապա աշխարհի բազմաթիվ երկրներն իրենց դեսպանատների միջոցով ամենօրյա ռեժիմով ՌԴ-ի ԱԳՆ-ին պետք է նոտաներ հղեն:

Վերջին տարիներին Հայաստանի համար նույնպես նման «յուղոտ» առիթներ եղել են ու կան, եւ ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը կարող էր ցանկացած առիթ վերցնել ու ՌԴ ԱԳՆ-ին նոտա հղեր, եթե հիմք ընդունեինք, օրինակ՝ համառուսական-պետական հեռուստաեթերի թոք-շոուների ժամանակ ընդդեմ Հայաստանի քարոզչական արշավը, այն էլ՝ հենց 44-օրյա պատերազմի օրերից սկսած:

Այնպես որ, ՀՀ-ում ՌԴ դեսպանատան նոտան, ակնհայտորեն, արհեստածին էր: Այլ հարց է, եթե վերլուծենք, փորձենք հասկանալ, թե ինչու է Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում անվստահության մակարդակը շարունակաբար աճում է: Այստեղ է, որ պետք է լուծվեն խնդիրները:

Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի վերաբերմունքը փոխվել է, փոխվում է՝ Ուկրաինայում պատերազմի համատեքստում, իր հերթին Ռուսաստանն էլ փոխվում է, եւ ապագայում կարող է էլ ավելի պահանջկոտ դառնալ գործընկեր պետությունների նկատմամբ: Հետեւաբար, փոքր պետությունները պետք է զգուշավոր լինեն, վարեն խիստ հավասարակշռված քաղաքականություն՝ ելնելով Հայաստանի պետականության, շահի պաշտպանության դիրքերից:

Իսկ այն, որ Ռուսաստանը կարող է առաջիկայում էլ ավելի պահանջկոտ ու ագրեսիվ դառնալ գործընկեր պետությունների հետ հարաբերություններում՝ դրա ազդակներն արդեն իսկ նշմարվում են: ՀԱՊԿ-ի շրջանակում Ռուսաստանի դաշնակիցների շփումները Մոսկվայի համար ոչ բարեկամ երկրների հետ չպետք է վնասեն ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերությանը, անցյալ շաբաթ նշել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաեւը՝ մեկնաբանելով Դուշանբեում Միացյալ Նահանգների հովանու ներքո զորավարժությունների մեկնարկը։ «Մենք ելնում ենք նրանից, որ Ռուսաստանին ոչ բարեկամ երկրների հետ շփումները չպետք է վնասեն մեր երկրի հետ ռազմավարական գործընկերությանը, չհակասեն ընդհանուր ասոցիացիաների, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի եւ ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի եւ ՇՀԿ-ի, գործող համաձայնագրերով ստանձնած պարտավորություններին»,- ասել է դիվանագետը։

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031