Լրահոս
Օրվա լրահոսը

Աղավնո․ չայրվող տներում վառվողները. «Ա1+»

Օգոստոս 24,2022 23:35

Պատին փակցված օրացույցում օգոստոսի 24-ը կարմիր շրջանակում էր, երբ դեռ 24-ը չէր։ Աղավնոյում՝  նորակառույց  տան խոհանոցում  Գայանեն տնամերձ հողամասում աճեցրած լոլիկն է լվանում, որը հասած մրգի քաղցրություն ունի։

Տան տարբեր անկյուններում կահկարասիի փոխարեն արկղեր են՝ բանջարեղենով լցված։   Կինը ներսուդուրս է անում եւ երեխաներին հրահանգում  փչացնել  իր ամիսների աշխատանքը, արմատախիլ անել թփերը։  Արցունքները հոսում են դեմքով․  Գայանեն չի շտապում մաքրել։ Հայացքում զայրույթ չէ․ անորոշություն է։

Հերթական անգամ սենյակ մտնելուց  հետո բացում  է հեռախոսն ու ցույց տալիս տեսանյութը․

«Եկել էին`  ծայրից ծայր սեղան էր  գցված։ Երեւի  70-80 մարդ կլիներ այստեղ։ Տեսնեիք՝  ոնց էին շնորհավորում, ուրախանում, որ վերջապես Մասիսը ( ամուսինն է- խմբ․)   տուն է ստանում»։

Ցույց տալով  տան դիմացի քարե կիսաքանդ պատը՝ 36-ամյա կինը շարունակում է․« Մենք այդ փլատակում  ենք տարիներով ապրել»։

Արմատներով Տեղ գյուղից Գայանե Իսահախանյանն ու Մասիս Բադասյանը 17 տարի է ապրում են Աղավնոյում , որից 16-ը՝ այդ  փլատակում, եւ  ընդամենը մեկը՝  նորակառույց տանը։

Կարմիր տանիքով նորակառույց տան բանալիները  ընտանիքը ստացել  է 44- օրյա պատերազմից հետո՝  2021թ  մայիսի 9-ին։

Գայանեն, որը Աղավնոյի դպրոցում է աշխատել, պատմում է՝ ինչպես է պարտքով հյուրասենյակի եւ ննջարանի կահույքը գնել։  Միայն երեք երեխաների մահճակալներն էին մնացել, այն էլ գնել չհասցրեց․ «Որոշել էի այս տարվա արձակուրդայինով գնել, այն էլ․․․»։

Ինչպես Աղավնոյի մնացած բնակիչներին, այնպես էլ  նրանց մինչեւ օգոստոսի 25-ը գյուղից դուրս գալու ժամանակ է տրվել․ նրանց տանը, ենթադրվում է, ադրբեջանցիներն են ապրելու։

Մայիսը լուռ ծխում է բակում՝ չցանկանալով հանրայնացնել մտքերը։  5-ամյա Արամայիսը ցատկոտում է մետաղական մահճակալի  վրա, դեսուդեն վազում՝ այդպես էլ չհասկանալով՝ ինչու են տխուր հարազատները։

«Պատերազմից ժամանակ գնացել էինք, էլ ինչու վերադարձանք։  Դպրոցն ինչու էր վերանորոգվում։ Այսպիսի շատ հարցեր, որ մնում են անպատասխան։ Եթե պիտի հանձնվեր, էն վախտը հանձնեին ու վերջ»,- ի տարբերություն ամուսնու՝ մտքերը բարձրաձայնում է Գայանեն։

Հիշում է՝ 2020թ-ին,  44-օրյա պատերազմի ժամանակ ինքը գյուղից դուրս է եկել նոյեմբերի 8-ի երեկոյան, այն էլ ստիպված։ Հայտնի փաստաթղթի ստորագրումից հետո մտածել էր, որ էլ չեն վերադառնալու գյուղ։   Ասում է՝ ինքն էլ , երեխաներն էլ շատ են ուրախացել  հնարավորությամբ, որ վերադառնում են Աղավնո։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031