Լրահոս
Օրվա լրահոսը

40 նոր աշխատատեղ Սիսիանում․ վերագործարկվեց Սիսիանի քարի վերամշակման գործարանը (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 24,2022 22:44

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ վերագործարկվեց Սիսիանի քարի վերամշակման գործարանը։ Այն հիմնվել է 2000 թվականին, եւ 2015-ին դարձել էր կոմբինատի դուստր ձեռնարկությունը։ Մոտ երեք տարի առաջ՝ 2019թ-ին, ինչ–ինչ պատճառներով արտադրամասի գործունեությունը դադարեցվեց ։ Նախկինում այստեղ 120 մարդ էր աշխատում, իսկ այսօր՝40։ Գործարանի վերամշակած քարով ժամանակին կառուցվել է Մատենադարանի նոր շենքը։ Գործարանի հանդիսավոր բացմանը «Գեոպրոմայնիգ» ընկերության նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյը կարեւորեց նման ծրագրեր իրականացումը՝ շեշտելով, որ սա Հայաստանի կառավարության եւ ԶՊՄԿ–ի հետ համագործակցության հերթական դրսեւորումն է։

«Երբ եկանք կոմբինատ՝ որոշեցինք, որ բացի սոցիալականից, պետք է լինեն ծրագրեր ուղղված նոր արտադրությունների բացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։ Դա շատ կարեւոր է բոլոր քաղաքների, նաեւ պետության համար։ Կարեւոր է ոչ միայն մարդկանց սոցիալական աջակցություն ցուցաբերելը, այլեւ նրանց արտադրության մեջ ներգրավելը»,-ասաց Ռոման Խուդոլիյը։

Վերագործարկման նախապատրաստական աշխատանքները սկսվել էին այս տարվա մայիսից։ Արտադրության ընդհանուր ծավալը ամսական 2500 քմ է, այն հնարավոր է բարձրացնել՝ հասցնելով մինչեւ 5000 քմ-ի։ Այդ դեպքում աշխատատեղերի թիվը կհասնի 100-ի։ Այս պահին միջին աշխատավարձը 200 հազար դրամ է, արտադրանքի ավելացմանը զուգընթաց՝ այն կդառնա 250 հազարից 300 հազար դրամ։ Բազալտ, գրանիտ, մարմար․սրանք են վերամշակվող քարատեսակները, որոնք բերվում են Հայաստանի տարբեր մասերից։ Օգտագործվում է նաեւ Սիսիանի բազալտը։ Գործարանի բակում ներկայումս մշակվող քարատեսակներից պատրաստվող արտադրանքն էր ցուցադրված՝ երեսապատման սալիկներ, եզրաքարեր, քիվեր, ճաղավանդակներ, շախմատի սեղան:

«Այստեղ արտադրամասը ընդլայնելու հնարավորություն, որը երկու դրական քայլ կլինի; Եվ աշխատատեղերը կշատանան, եւ արտահանումը կմեծանա, որը տնտեսական լրացուցիչ էֆեկտ կտա։ Ակնհայտ է, որ Սիսիանում քարի պաշար շատ կան, հատկապես բազալտը։ Մյուս կողմից արտադրամասի արտադրողականությունը շատ բարձր է, ի տարբերություն շատ այլ արտադրամասերի։ Բոլոր առումներով ողջունելի է, եւ «Գեոպրոմայնինգի» հետ մենք հանքարդյունաբերության մեջ մի քանի ծրագիր ենք անում, կարծում եմ այս համագործակցությունը եւս կստացվի»,-իր խոսքում նշեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Սյունիքի մարզպետը շնորհակալություն է հայտնում ԶՊՄԿ-ին՝ Սիսիանում աշխատատեղեր ստեղծելու համար՝ շնորհավորելով սիսիանցիներին։

«Հատկապես սուբվենցիոն ծրագրերի սրընթաց աճի պարագայում էական է մարզում ունենալ նման արտադրություն․ հայտարարվեց 40 աշխատատեղի մասին, բայց վստահ եմ, որ կարճ ժամանակ հետո կխոսենք արտադրանքի ծավալների կրկնապատկման ու եռապատկման մասին։ Շնորհավորում եմ սիսիանցիներին, որովհետեւ այս արտադրության դրական ազդեցությունը համայնքի զարգացման վրա զգալի է լինելու։ Արտադրամասի վերաբացումը կարեւոր է հատկապես այս օրերին ու հատկապես` Սյունիքում»,–մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն է նշում։

Գործարանի մուտքը երիզող ժապավենը կտրեցին Ռոման Խուդոլիյը, Ռոբերտ Ղուկասյանը, Սիսիանի համայնքապետի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը: Գործարանի վերագործարկման արարողության մասնակիցները ծանոթացան նաեւ արտադրության ընթացքին, զրուցեցին աշխատակիցների հետ։

Քարի վերամշակման գործարանը այսօր Սիսիանում գործող արդյունաբերական միակ ձեռնարկությունն է։Արտադրանքը ներկայում արտահանվում է Ռուսաստանի Դաշնություն, բայց նախատեսվում է վերականգնել արտահանումը դեպի եվրոպական մի շարք երկրներ եւ Հարավային Կորեա։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031