Հայաստանի նկարիչների միությունում բացվեց Արթինի (Հարություն Հարությունյանի) ցուցահանդեսը, որն ավելի շատ հայտնի է իր՝ պաստելով արված աշխատանքներով: Հայաստանի նկարիչների միության (ՀՆՄ) նախագահ Սուրեն Սաֆարյանը ցանկացավ, որ Արթինը միշտ իր աշխատանքներով լեցուն դահլիճներ ունենա, ուրախացնի իր արվեստով:
«Ձեր արվեստից շատ բան ունենք սովորելու: Ես մեկն եմ, ով իր ուսումնական շրջանում բախտ է ունեցել ձեզ հետ շփվելու»,-ասաց ՀՆՄ նախագահը:
Կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանը հիշեց, որ կինովարձույթի գրասենյակում թերթ էր հրատարակում, իսկ արվեստանոցում ֆիլմերի գովազդներն էին ստեղծում, ու Արթինը միշտ պահանջում էր նախ ֆիլմերը ցույց տալ, որպեսզի դրանից հետո գովազդները պատրաստի: Ստիպված հաշվի էին նստում նրա պահանջների հետ, որովհետեւ այդ պարագայում, Մաթոսյանի ձեւակերպմամբ, սրտով էր գործն անում:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հետ զրույցում Արթինն ասաց, որ ուրախ է կրկին ներկայանալ հայ հանրությանը: «Երբ ներկայացնում ես քո 15-20 տարիների կյանքը, ավելի զգոն ես դառնում: Ու որ լավ են ընդունում, ավելի լավ ես սկսում նկարել»,-նշեց նա: Արթինի ձեւակերպմամբ, ինքը նկարիչ է «մկրտվել» ոչ թե 1982թ, երբ միության անդամ է դարձել, այլ 1995 թ., երբ ընկերներն են իրեն նկարիչ համարել:
Այս ցուցահանդեսին ներկայացված 130 աշխատանքները ստեղծվել են տարբեր տարիների՝ 1972-ից մինչեւ մեր օրերը:Ընդհանրապես, Արթինը ցուցահանդեսներ է ունեցել 1982-ից՝ նախ ԽՍՀՄ տարածքում, ապա բազմաթիվ այլ երկրներում՝ Ֆինլանդիա, Կանադա, Հոլանդիա, Իտալիա, Գերմանիա, Ֆրանսիա, Պերու, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Բելգիա: Ափսոսում է, որ լավագույն հայ նկարիչները դրսում վատ են ներկայացում, մինչդեռ, նրա խոսքով «Եվրոպայում նկարիչներ կան, որ տեխնիկումի վիճակի էլ չեն, սակայն շատ լավ են վաճառվում»:
Արթինն ասում է,որ մուսան կարող է այցելել ցանկացած պահի, պատահել է գիշերվա 3-ին արթնացել ու նկարել է: Ասում է. «Երազումս այնքան հետաքրքիր նկարներ եմ տեսել, բայց արթնացել ու չեմ կարողացել վերարտադրել, մենակ վերջում մի « Ձմեռ» կար, ժամը 3-ին արթնացել, նկարել եմ»:
Նկարիչն ասում է այսօր հայաստանցի նկարիչներին ոգեւորությունն է պակասում, որովհետեւ դժվար ժամանակներ են, կռիվներ: Ինչ վերաբերվում է իզմերին, ասում է՝ ինքն իր իզմն ունի. «Տղերքն ասում են իմպրեսիոնիստ ես: Ես էլ ասում եմ՝ հա, ինչ կա որ…Ի դեպ, իմ Արթին անունը 1962թ քեռուս տղան է դրել, հիմա թոռանս՝ Հարություն Հարությունյանին, ասում եմ՝ դու էլ անունդ դիր Վան Արթին, այսինքն վանեցի Արթին՝ որպես վանեցու ծոռ, դե ես էլ վանեցու թոռ եմ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ