«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Այսօր Երևանում պետք է կայանար Ուկրաինայում ռուսաստանյան ագրեսիան դատապարտող հավաք և երթ։ Դրա կազմակերպիչները, ամբողջությամբ հարգելով Հայաստանի օրենսդրությունը, երթի մասին նախապես իրազեկում էին ներկայացրել քաղաքապետարան (մի բան, որ ընդդիմությունը չի անում), որն ընդունվել էլ ի գիտություն։
Այսպիսով, հավաքը բոլոր առումներով ամբողջությամբ ու անվիճելիորեն օրինական էր։ Բայց դա չխանգարեց ոստիկանությանը, որ նախ բերման ենթարկի պաստառ ունեցող բոլոր քաղաքացիներին, իսկ ապա մնացածներին արգելի քայլել քաղաքապետարանի կողմից ընդունված իրազեկման մեջ նշված երթուղով (մայթերով)։
Բացի այդ, ոստիկանները նաև բերման են ենթարկել առնվազն երկու լրագրողի։
Կարդացեք նաև
Այս դեպքով ոստիկանության ծառայողները ակնհայտ դիտավորությամբ խախտել են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 44-րդ և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 11-րդ հոդվածներով ամրագրված իրավունքները և կատարել են Քրեական օրենսգրքի 236-րդ, 237-րդ և 441-րդ հոդվածներով արգելված արարքներ։
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» և «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը» առավոտյան այս դեպքի մասով հանցագործության մասին հաղորդում կներկայացնեն դատախազություն։
Մենք միամիտ չենք և ենթադրում եք, որ ոստիկանները գործել են պատվերով (որ Ռուսաստանի դեսպանատան կապրիզը բավարարեն)։ Եթե դա այդպես է, ապա ակնհայտ հանցավոր արարք կատարած այս ոստիկաններին չպատժելու քաղաքական պատվեր կգնա Դատախազությանը ու քրեական հետապնդում չի լինի, ինչը և կապացուցի հակապատերազմական ակցիայի դեմ ոտնձգության կազմակերպված ու պատվիրված լինելը։
Այդ դեպքում մենք բոլոր ջանքերը կգործադրենք, որ միջազգային հանրությանը ցույց տանք, որ Հայաստանում քաղաքական պատվերով ճնշվում է հակապատերազմական ակցիան։
Հ.Գ. Հայաստան տեղափոխված բազմաթիվ պարկեշտ ռուսների համար այս օրը կարող է շրջադարձային լինել։