Տավուշի մարզի Իջևան խոշորացված համայնքում մեկնարկել են 2022թ-ին նախատեսված սուբվենցիոն ծրագրերը։ Միջհամայնքային ճանապարհներից բացի, ասֆալտապատման աշխատանքներ են նախատեսված Իջևան քաղաքի մի շարք շենքերի բակերում, որոնց մի մասում կապալառու կազմակերպություններն իրականացնում են նախապատրաստական աշխատանքներ։
Իջևանի համայնքապետարանի զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնի պետ Արարատ Պարոնյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ ծրագրում ընդգրկված են այնպիսի բազմաբնակարան շենքեր, որոնց բակերը չեն նորոգվել տասնյակ տարիներ։
«2022թ-ի սուբվենցիոն ծրագրերը արդեն ընթացքի մեջ են։ Դրանք իրենց մեջ ներառում են ասֆալտապատման, սալիկապատման, ինչպես նաև ոռոգման ու խմելու ջրագծերի կառուցման,վերանորոգման աշխատանքներ։Կասֆալտապատվեն Իջևան քաղաքի Ազամարտիկների հրապարակից մինչև Ս. Օհանյան փողոցը հատող խաչմերուկը,Անկախության փողոցի թիվ 1,2,3,6,8,10,16,18,20,22,26,28, Ազատամարտիկների 2, Մայիսի -28 փողոցի 41,47, Ազատամարտիկների փողոցի 4, 4-Ա, 6,8 և Երիտասարդական 7,14 բնակելի շենքերի բակերը։
Կարդացեք նաև
Նման աշխատանքներ կկատարվեն նաև գյուղական բնակավայրերում։ Կասֆալտապատվի Իջևան համայնքի Աչաջուր բնակավայրի օղակաձև ճակատը,Այգեհովիտ բնակավայրի կենտրոնական փողոցը, Խաշթառակ բնակավայրի կենտրոնից դեպի դպրոց տանող ճանապարհը: Կսալիկապատվի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցից դեպի բազմաբնակարան շենքեր տանող ճանապարհը, Ասլանյան փողոցի 3-րդ, 4-րդ նրբանցքները՝ տուֆ քարով։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Սևքար բնակավայրի գյուղամիջյան ճանապարհի մի հատվածում»,- նշեց Պարոնյանը։
Հավելենք, որ ճանապարհաշինարարական աշխատանքներին զուգահեռ սկսվել են նաև ջրագծերի նորոգման և կառուցման աշխատանքները։
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ