Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամը և ֆրանսիական «Խելք» դպրոցը սեպտեմբերի 1-ից սկսում են 44-օրյա պատերազմի մասնակիցների համար նախատեսված՝ «Վերաինտեգրում կրթության միջոցով» ծրագրի կրթական փուլը։
Ծրագրին դիմած մոտ 9 տասնյակ դիմորդներից փուլային տարբերակով ընտրվել են 20-ը, որոնց հետ հանդիպել են Genesis Armenia-ի և «Խելք»-ի ներկայացուցիչները։
«Կուզեի նշել, որ այս կարևոր ծրագիրը կյանքի է կոչվել Սփյուռքի և Հայաստանի մեր գործընկերների շուրջ մեկ տարվա ջանքերի համատեղման և նպատակաուղղված աշխատանքի շնորհիվ։ Նախքան կրթական փուլի մեկնարկն իրականացվել է դասընթացավարների ու շահառուների մանրակրկիտ ընտրություն։ Ծրագրի մոտ 90 շահառուները մինչև ընտրվելն անցել են 3 փուլ՝ կատարել են տեխնիկական առաջադրանք, մասնակցել հարցազրույցի: Վերջին՝ ոչ ֆորմալ հանդիպման նպատակն էլ մասնակիցներին և ծրագրի պատասխանատուներին միմյանց ծանոթացնելն է»,- նշեց Genesis Armenia-ի «Սփյուռք» ոլորտի ղեկավար Աննա Հեսս Սարգսյանը:
Ծրագրի տևողությունը 6 ամիս է։ Այդ ընթացքում մասնակիցները ստանալու են ոչ միայն ՏՏ կրթություն, այլև հմտանալու են հաղորդակցության, կառավարման և թիմային աշխատանքում։
Կարդացեք նաև
«Genesis Armenia-ն և «Խելք»-ը կիսում են մոտեցումը, որ պետության մտավոր ներուժը պետք է ծառայի Հայաստանին։ Մեզ միավորում է գործը, որի համար պատրաստ ենք մեր տղաներին ապահովել ամենաորակյալ մասնագետներով ու մասնագիտական արդի ծրագրերով»,- ասաց Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի տնօրեն Աբրահամ Գասպարյանը:
«Խելք» դպրոց/հիմնադրամի գործադիր տնօրեն Սեդա Պապոյանն էլ նշեց, որ այս ծրագրի նպատակը պատերազմին մասնակցած և հաշմանդամություն ձեռք բերած տղաներին կրթության միջոցով ինտեգրելն է հասարակությանը։
«Մենք շատ ուրախ ենք, որ մեր կողքին որպես համախոհ ունենք Genesis Armenia-ին։ Մեծ ջանքեր ենք գործադրում ծրագիրը հաջողելու համար։ Մենք պետք է ջանք չխնայենք Հայաստանի համար»,- ասաց Սեդա Պապոյանը։
Ծրագրի ավարտին որակավորված 20 մասնագետ կմտնի ՏՏ աշխատաշուկա։
Genesis Armenia-ն անկուսակցական նախաձեռնություն է՝ ուղեղային կենտրոն/հիմնադրամ, որի նպատակը համահայկական մտավոր ներուժի համախմբումն է, խելամիտ, առարկայական ու երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի միջոցով այդ ներուժը ֆինանսատնտեսական ներդրումների վերածելն ու ծառայեցնելը՝ ի սպաս հայ ժողովրդի ազգային շահերի: Genesis Armenia-ն հայկական մտավոր ներուժը համախմբում է՝ միջազգային հարաբերությունների, անվտանգային քաղաքականության, տնտեսության և բիզնեսի, արդյունաբերության և տեխնոլոգիաների, կրթամշակութային, առողջապահության ու բնապահպանության ոլորտներում` մեկտեղելով մեր հայրենակիցների հետազոտական ունակությունները, համաշխարհային կապերը, լոգիստիկ հնարավորությունները։
Genesis Armenia ուղեղային կենտրոն/ հիմնադրամ