Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Անկախության շարժման» երեկվա հանրահավաքի ժամանակ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել էր ունենալ վարչապետի թեկնածու եւ այդ թեկնածուի շուրջ սկսել խոսել իշխող ՔՊ-ի հետ։ Այս առաջարկի հետ կապված «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը հետեւյալն է․ «Վարչապետին իմպիչմենտ հայտնելու գործընթաց բացառապես սկսելու ենք այն ժամանակ, երբ դրա հաջողությանը հասնելու համար բավարար հիմքեր լինեն։ Այս իշխանությանը հեռացնելու երկու ճանապարհ կա. հրաժարական և խորհրդարանի միջոցով պաշտոնանկություն։ Այս երկու տարբերակներից որևէ մեկը հաջողության կհասնի բացառապես համաժողովրդական լայն ընդվզման, եթե կուզեք, ասեմ՝ ապստամբության միջոցով, որովհետև սրանք հակահայ իշխանություններ են։ Եթե այդ պատկերը չունենանք, այսինքն՝ համաժողովրդական ընդվզումը, ապա ո՛չ հրաժարականն է ստացվելու, ո՛չ էլ պաշտոնանկությունը»։
Խորհրդարանական մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ»-ի կարծիքն էլ արտահայտել է Հայկ Մամիջանյանը՝ ասելով․ «ՔՊ-ն դրան կգնա միայն ժողովրդի տեսանելի եւ շոշափելի ճնշման տակ։ Դա լուծումներից հավանականն է, որի մասին «Հանրապետականը» խոսում է վաղուց: Իմ խորին համոզմամբ, շատ ավելի էականը ժողովրդի ճնշումն է, քան վարչապետի թեկնածուի անձը, բայց թե առաջին, թե երկրորդ իրողությունների կերտման համար պատրաստ ենք աշխատել»։
Այս դիրքորոշումների եւ մի շարք այլ կարծիքների վերաբերյալ Aravot.am-ը զրուցեց Էդգար Ղազարյանի հետ։
-Պարոն Ղազարյան, ընդդիմադիր խմբակցությունների նշյալ հայտարարությունների վերաբերյալ ձեր դիրքորոշումը ո՞րն է։
Կարդացեք նաև
-Բնականաբար, ես առաջնորդվում եմ իմ տեսակետներով, այլ ոչ թե պատգամավորական խմբակցությունների։ Իմ տեսակետները երեկ հստակ հայտնել եմ հանրահավաքի ժամանակ։ Այլեւս արդիական չեմ համարում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը, որովհետեւ երեկվա հանրահավաքը համարում եմ վերջին արարը՝ իր համար այդ լավագույն որոշումը կայացնելու համար, սակայն երեկ նա խուսափեց հանդիպումից, առավել եւս՝ այդ որոշման կայացումից։ Երկրորդ տարբերակը դա ՀՀ գլխավոր դատախազի հնարավոր գործողություններն են, որոնք պետք է մնան միայն արդարադատության տիրույթում՝ առանց հանրային ճնշումների։ Երրորդ օրինական տարբերակն ԱԺ պատգամավորների կողմից նախաձեռնության ցուցաբերումն է։ Ինչպես երեկ եմ ասել, այնպես էլ հիմա եմ պնդում, որ պատգամավոր ասելով՝ առաջնահերթություններ չեմ սահմանել ըստ նրանց խմբակցությունների ընդգրկվածության, որովհետեւ ՀՀ սահմանադրության համաձայն՝ պատգամավորները որոշումներ են կայացնում ոչ թե խմբակցություններով, այլ յուրաքանչյուրն անհատապես՝ առաջնորդվելով սեփական խղճով եւ համոզմունքներով։ Հետեւաբար, Սահմանադրությունն օգոստոսի երկուսից թույլ է տալիս, որ անգամ մեկ պատգամավոր նախաձեռնի վարչապետի պաշտոնանկության գործընթաց եւ մյուս պատգամավորներին առաջարկի, որ միանան նախաձեռնությանը՝ անկախ նրանից, թե որ խմբակցություններում են ընդգրկված։ Սահմանադրության միակ պայմանն այն է, որ նախաձեռնության հեղինակը կամ հեղինակները միաժամանակ պետք է ներկայացնեն վարչապետի իրենց նախընտրելի թեկնածուին։
Հիմա ես չգիտեմ՝ այդ հայտարարությունները վերջնակա՞ն որոշումների արդյունք են, թե ոչ, բայց տրամաբանորեն մտածում էի, որ պատգամավորներին մի քանի օր ժամանակ է պետք՝ այդ մասին մտորելու համար, որովհետեւ սա չափազանց պատասխանատու որոշում է նաեւ իրենց համար։ Իմ նախաձեռնությունը քաղաքական չէ, ես քաղաքական որեւէ ուժի չեմ պատկանում, իմ մոտեցումները քաղաքական այս կամ այն դիրքերից չէ, որ բխում են։ Բխում են բացառապես պետության եւ քաղաքացու շահերից, եւ եթե պատգամավորները նման նախաձեռնություն չեն ցուցաբերում(իսկ սահմանադրությունը տալիս է այդ հնարավորությունը), ապա իրենց հիմնավորումները, որոնք դուք ներկայացրիք, կարող են լինել, բայց թե որքանով են համարվում ընդունելի, տրամաբանված եւ թե որքանով են դիմանում քննադատությանը, ապա դա արդեն ապագայի հարց է։
Որպեսզի մեր պատգամավորները հետագայում իրենց հարվածի տակ չդնեն իրենց դիրքորոշման համար, պետք է նկատի ունենան, որ իրենց գործողությունների համար հաշվետու են հանրությանը եւ պատասխանատվություն են կրում դրանց համար։ Ես ակնկալում եմ, որ նրանք տրամաբանված, խելամիտ ժամկետներում քննարկեն եւ կայացնեն որոշում։ Որքան չուշացնեն, այնքան լավ։ Իսկ եթե վերջնականապես պարզվի, որ խելամիտ ժամկետում պատգամավորները նման նախաձեռնություն չեն ցուցաբերում, ապա այդ ժամանակ մենք նրանց հետ կքննարկենք, թե նրանք ինչպես են պատկերացնում հանրային մեծ ընդվզումը, ի՞նչ ծավալներ այն պետք է ունենա, ինչպե՞ս պետք է դրսեւորվի, եւ այդ ի՞նչ ընդվզում պետք է իրենք կազմակերպեն, քան այն, ինչ նրանք արել են մինչեւ հիմա։ Այնպես որ, ես հիմա չեմ շտապում վերջնական դատողություններ անել, բայց տեսակետներս վերանայելու հիմք չունեմ, համենայն դեպս, ձեր մեջբերած հայտարարություններից հետո։
-Արձակագիր Լեւոն Ջավախյանը ձեր՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու պատրաստակամության առնչությամբ հարցադրում էր հնչեցրել, թե դուք ինչո՞վ եք տարբերվում Նիկոլ Փաշինյանից, որը ժամանակին ասում էր՝ կամ ես կլինեմ վարչապետ, կամ վարչապետ չի լինի։
-Որպեսզի Լեւոն Ջավախյանն իմանա, թե ես ինչով եմ տարբերվում Նիկոլ Փաշինյանից, պետք է ծանոթ լինի իմ հայտարարությանը։ Ասել եմ եւ կրկնում եմ, որ որեւէ մեկն իրավունք չունի որպես վարչապետի թեկնածու ինքնառաջադրվելու։ Ես դա գիտակցելով՝ չեմ կարող ինքնառաջադրվել։ Վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն միայն ԱԺ պատգամավորները՝ նրանք, ովքեր կցուցաբերեն վարչապետին պաշտոնանկ անելու նախաձեռնություն։ Ես ոչ թե ինքնառաջադրվել եմ, այլ կոչով դիմել եմ պատգամավորներին, որ սկսեն նախաձեռնություն եւ իրենք քննարկումների արդյունքում որոշեն՝ ո՞վ է այն լավագույն թեկնածուն, որը կարող է, իրենց կարծիքով, հավակնել այդ պաշտոնին։ Միայն իրենք կարող են դա որոշել, ես չեմ կարող իրենց փոխարեն որոշել։ Ինչ-որ առումով անհամեստություն կլիներ ինքնառաջադրմամբ հանդես գալը։ Ես պնդում եմ՝ եթե պատգամավորները քննարկումների արդյունքում պարզեն, որ գործընթացը չեն սկսում այն պատճառով, որ չունեն վարչապետի թեկնածու, ապա ինձ համարեք որպես ամենավատ թեկնածու եւ ինձ առաջադրեք, բայց պատճառ մի բռնեք՝ գործընթաց չսկսելու համար։ Սա է իմ մոտեցումը։ Եթե հարգարժան գործընկերն այլ ընկալում է ունեցել, հուսամ՝ այս պարզաբանումը կօգնի իրեն ինձ ճիշտ հասկանալ։
-ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը MediaHub-ին ասել էր, որ դուք իրավունք չունեք ՔՊ-ի մասին նման բան խոսելու ու կոչ էր արել նախ ձեր ընտանիքի հարցերը կարգավորել ու ձեր տղային արտասահմանից բերել Հայաստան։ Բայց երեկ ձեր որդին Հանրապետության հրապարակում էր։
-Այո, էլ ի՞նչ ասեմ․․․ինձ ասացին, որ հանրահավաքից 1-2 օր առաջ իմ ընտանիքի, մասնավորապես որդուս՝ Լեհաստանում գտնվելու վերաբերյալ խոսել է «Դոգ» անունով Վարդան Ղուկասյանը՝ հայհոյախառը, գռեհիկ արտահայտություններով․․․Պարզվում է, որ ԱԺ իշխանական խմբակցության առանցքային պատգամավորներից մեկի տեղեկատվության աղբյուրը «Դոգն» է։ Իհարկե չեմ պարզաբանի այն նույն բառապաշարով, որով Հովիկ Աղազարյանը ստացել է այդ տեղեկատվությունը, բայց հպարտությամբ կխոսեմ ընտանիքիս մասին։ Ընտանիքս ինձ հետ միասին Լեհաստանից վերադարձել է 2014թ․-ին՝ դիվանագիտական առաքելության ավարտից հետո։ Որդիս Երեւանում է, երեկ ինձ հետ միասին հարթակում էր եւ ընթերցում էր նաեւ իր պապիկի կողմից ընդունված անկախության հռչակագրի տեքստը։ Նա կրում է պապի անունը եւ սովորում Հայաստանում ֆրանսիական համալսարանի 3-րդ կուրսում, խոսում է 5 լեզվով։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ