Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ «Շանգրի Լա»-ի տուրքը կառավարությունն է վճարել, լիցենզավորված մյուս խաղատունն ինքն է վճարել իր պարտքերը. «Հետք»

Օգոստոս 24,2022 16:10
castio

«Հետք». Պետությունը 5.6 մլրդ դրամի օժանդակություն է տրամադրել «Շանգրի Լա» խաղատունը շահագործող «Օնիրա Քլաբ» ընկերությանը՝ հիմնավորելով, որ խաղատունը տուժել է 2020 թվականի տնտեսական սահմանափակումների հետևանքով (մարտսեպտեմբեր)։ Սակայն, այդ ընթացքում լիցենզիա ունեցող մյուս խաղատունը՝ «Ռոյալ Սիգնաչր»-ը, ստիպված է եղել վճարել պետական տուրքը՝ չնայած խաղատունը փակ է եղել։

Այս տարվա հուլիսի 7-ին, Կառավարությունը հայտարարեց, որ պետությունը պետական բյուջեից պետք է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Շանգրի Լա» խաղատան փոխարեն 4.2 մլրդ դրամ պետական տուրք վճարի 2020 թվականի համար։

Ավելի ուշ «Հետք»-ը Ֆինանսների նախարարությունից տեղեկացավ, որ Ծառուկյանի խաղատան փոխարեն պետական բյուջեից հայտարարված 4.2 մլրդ դրամի փոխարեն 5.6 մլրդ դրամ է վճարվել։ Բացի 2020-ի երրորդ և չորրորդ եռամսյակներից, 2022թ․ երրորդ եռամսյակի համար ևս պետական բյուջեից «Օնիրա Քլաբ»-ի փոխարեն պետական տուրք է վճարվել, ինչպես նաև՝ դրանց վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները։

2020 թվականի մարտի տվյալներով, բացի «Շանգրի Լա»-ից, Հայաստանում լիցենզիա է ունեցել ևս 3 խաղատուն։

Երեքն էլ գտնվել են Կոտայքի մարզում՝ Ծաղկաձորում և գործել են մինչև տնտեսական սահմանափակումները։ Պարզել ենք, թե ինչպես են դասավորվել նրանց գործերը 2020-ի տնտեսական սահմանափակումներից հետո, և արդյոք նրանք վճարե՞լ են լիցենզիայի համար նախատեսված պետական տուրքը այդ ամիսներին։ Այսինքն՝ այն ժամանակահատվածի, որի համար «Շանգրի Լա»-ին օժանդակություն է տրամադրել պետությունը։

Այսպես, ընկերություններից մեկը «Վալկան» ՍՊԸն է։ Ընկերության լիցենզիան կասեցվել է 2020 թվականի մարտի 26-ից։ Այսինքն՝ սահմանափակումների մեկնարկից՝ մարտի 23֊-ից, ընդամենը երեք օր անց, հետևաբար՝ լիցենզիայի տուրքի գումար չի գոյացել հաջորդ եռամսյակների համար։ Ֆինանսների նախարարությունից շեշտում են, որ ընկերության լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել միաժամանակ երկու հիմքով՝ որպես պատասխանատվության միջոց և համաձայն ընկերության դիմումի։ Ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հայտարարությունների azdarar.am կայքից, ընկերությունը մինչև այս որոշումը պարտքեր է ունեցել պետությանը։ Նաև դա է եղել պատճառը, որ լիցենզիան կասեցվել է։

Մյուս խաղատունը Ծաղկաձորում շահագործել է «Մանռու» ՍՊԸն։ Ընկերությանը տրված խաղատան կազմակերպման լիցենզիայի ուժը կորցրած է ճանաչվել՝ համաձայն իր դիմումի՝ 2020 թվականի մարտի 31-ից:

Մյուսը «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸն է՝ համանուն խաղատնով (Casino Royale Signature)։ Առավել հետաքրքիր են այս խաղատան հետ կապված զարգացումները։

Երբ պարետի որոշմամբ 2020 թվականի մարտի 23-ից սկսած տնտեսական սահմանափակումներ կիրառվեցին, այդ նույն օրը «Ռոյալ Սիգնաչր» ՍՊԸ-ի տնօրեն Արման Հարությունյանը բաց նամակ հղեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ խնդրելով ընկերությանը տրամադրել պետական տուրքի գծով արտոնություններ, քանի որ համավարակի տարածման օրերին աշխատել են սահմանափակումներով, պակասել են հաճախորդների քանակն ու խաղատան եկամուտը։ Բացի այդ, պարետի որոշումից հետո խաղատունը փակվել է։

Սակայն, հետագայում պարզ է դառնում, որ ընկերությանը որևէ արտոնություն չի տրամադրվել։

««Ռոյալ Սիգնաչր» ՍՊ ընկերությունը շարունակել է մնալ լիցենզավորված խաղատների ցանկում և 2020թ. մարտի 23-ից հետո, երբ արգելված էր խաղատների գործունեությունը, վճարել է իր եռամսյակային պետական տուրքը»,- այս մասին «Հետք»-ին հայտնել է Ֆինանսների նախարարության գլխավոր քարտուղարի պարտականությունները կատարող Արման Ադիլխանյանը։

Չնայած խաղատունը շարունակել է փակ մնալ՝ համաձայն պարետի որոշման, «Ռոյալ Սիգնաչր» ընկերությունը 2020 թվականի սեպտեմբերի 23-ի դրությամբ, այդ տարվա ընթացքում, վճարել է մոտ 141 մլն դրամ պետական տուրքի գումար, ներառյալ՝ վճարումն ուշացնելու համար հաշվարկված տույժերի գումարները:

Սակայն,  ամեն ինչ այդքան հարթ չի ընթացել։ Ընկերությունը ուշացրել է վճարումները։ 2020 թվականի երկրորդ և երրորդ եռամսյակների համար չի վճարել պետական տուրքը, ինչը հիմք է տվել Ֆինանսների նախարարությանը 2020-ի հուլիսի 20-ին ստորագրված որոշմամբ ընկերության լիցենզիան ուժը կորցրած ճանաչել։

Հետագայում ընկերությունը դիմել է Վարչական դատարան, որտեղ վճիռը ընկերության օգտին է եղել։ Եզրակացվել է, որ ընկերությունը չէր կարող ունենալ պետական տուրքի վճարման պարտականություն այն պարագայում, երբ այն գործունեության իրականացումը, որի համար պետք է վճարվեր պետական տուրք, արգելված է եղել պետության կողմից: Հետևաբար, դա էլ չէր կարող հիմք հանդիսանալ, որ ընկերությունը զրկվեր լիցենզիայից։

Ըստ էության՝ ընկերությունը, ՊԵԿ-ն ու Ֆինանսների նախարարությունը դատական քաշքշուկներից հետո համաձայնության են եկել։ Ուշագրավ է, որ ընկերությունը վճարել է բոլոր տուրքերն ու տույժերը, և խաղատունը այժմ գործում է։

Այդպիսով, 2020 թվականի մարտից սեպտեմբեր ժամանակահատվածում, երբ պարետի որոշմամբ խաղատները փակ են եղել, «Ռոյալ Սիգնաչր»-ը վճարել է լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը։ Նույն ժամանակահատվածի համար, ինչպես նաև՝ 2022 թվականի երրորդ եռամսյակի, լիցենզիա ունեցող մյուս խաղատունը՝ «Շանգրի Լա»-ն, արտոնություն է ստանում Կառավարությունից, և պետական բյուջեի հաշվին են վճարվում նրա պարտքերը՝ 5.6 մլրդ դրամ։ 

Սեդա ՀԵՐԳՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031