Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը եւս 6.8% բաժնեմաս է նվիրել կառավարությանը․ պաշտոնական

Օգոստոս 24,2022 15:38

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կառավարությունն ընդունել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու մասին որոշում:

Հիմնավորման համաձայն՝ ՀՀ-ն որպես նվիրատվություն «ԱՄՓ» հոլդինգ ՍՊԸ-ից ստացել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ում սեփականության իրավունքով «ԱՄՓ» հոլդինգին պատկանող 188,947 հատ հասարակ (սովորական) բաժնետոմսեր, որոնք կազմում են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի ընդհանուր քանակի 6,875 տոկոսը:

Դրանց կառավարման լիազորությունը վերապահվել է ՀՀ վարչապետի աշխատակազմին:

Բաժնետոմսերի կառավարման արդյունավետությունը երաշխավորելու նպատակով՝ առաջարկվում է հավատարմագրային կառավարման մասին պայմանագրի հիման վրա բաժնետոմսերը հանձնել «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» (ԱՆԻՖ) ՓԲԸ-ին՝ պահպանելով բաժնետոմսերի նկատմամբ պետության սեփականության իրավունքը։ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առևտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

ԱՆԻՖ-ի միջոցով Հայաստանի Հանրապետությունը առավել արդյունավետ կիրացնի իր բաժնեմասնակցությունն ընկերությունում, ինչպես նաև ԱՆԻՖ-ի միջոցով կարող է ստեղծել պետության և ընկերության բաժնետերերի միջև երկարաժամկետ համատեղ տեսլական և հնարավորություններ բիզնեսի զարգացման և Հայաստանի տնտեսական օգուտների համար։ Այսպիսով, որոշմամբ առաջարկվում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության՝ Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 6,875 տոկոս բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնել ԱՆԻՖ-ի հավատարմագրային կառավարմանը:

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռևս 2021 թ. սեպտեմբերի 30-ին կառավարությունը ստացել է 15 տոկոս Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից նվիրատվություն և այն ժամանակ կառավարությունը այդ բաժնեմասի կառավարումը հանձնել է ԱՆԻՖ-ին: «Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք ևս 6,8 տոկոս: Այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ: Ինչո՞ւ, որովհետև նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ գաղտնի պահվի: Հիմա իրենց համար գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է, և մենք այդ 6.8 տոկոս բաժնեմասը հանձնում ենք ԱՆԻՖ-ին կառավարման համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը մարտի 24-ից հետո ունի 21,875 տոկոս բաժնեմաս, ինչը շատ կարևոր իրադարձություն է»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նման նախընտրական խոստմամբ հանդես է եկել 2021 թ. նախընտրական քարոզարշավի ժամանակ, որը նույնպես իրականացվել է. «Հույս ունեմ, որ այս որոշումը կնպաստի ոլորտի թափանցիկությանը, պետական եկամուտների գեներացմանը և ընդհանուր՝ մեր երկրի զարգացմանը»:

 

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031