Հրազդանի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Մոնթե Մաթեւոսյանն ահազանգում է, որ Հրազդան-Երեւան երթուղու կանոնավոր սպասարկում չկա, համայնքի բնակիչների իրավունքները ոտնահարված են․ երթուղու սպասարկումը «Մուլտի տրանսպորտ» ընկերության կողմից մինչ օրս չի իրականացվում, մինչդեռ այդ ընկերությունը երթուղին սպասարկելու մրցույթը հաղթել է դեռ նախորդ տարվա դեկտեմբերին։ Մանրամասների շուրջ Aravot.am-ը զրուցել է Մոնթե Մաթեւոսյանի հետ։
-Պարոն Մաթեւոսյան, որքա՞ն ժամանակ է, որ բնակիչները բախվում են այս հարցին, ի՞նչ զարգացումներ է այն ունեցել այդ ընթացքում։
-Առաջնահերթ մատնանշեմ, որ շուրջ երկու տարի է, ինչ Հրազդան-Երեւան երթուղին կանոնավոր չի սպասարկվում, այսինքն՝ չկա կոնկրետ սպասարկող ընկերություն։ Կային «Գազելներ» եւ «Սպրինտերներ», սակայն կորոնավիրուսից հետո արդեն երկու տարի՝ երթուղին չի սպասարկվում։ Ժամկետը կարեւոր է ամրագրել։ Կորոնավիրուսից հետո մինչեւ հիմա Հրազդան-Երեւան կանոնավոր երթուղի չունենք։
Կցանկանայի նաեւ ընդգծել, որ պատկան մարմինները, մասնավորապես՝ Կոտայքի մարզպետարանը եւ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը միեւնույն հարցմանը տարբեր պատասխաններ են տալիս։ Մեր խմբակցությունը գրություն էր ուղարկել՝ ստանալու համար պարզաբանում, թե երթուղին այժմ ո՞ր ընկերության կողմից է սպասարկվում։ Կոտայքի մարզպետարանը նշել է, որ սպասարկում են տաքսի-ծառայությունները՝ չնշելով, թե կոնկրետ որ ընկերության մասին է խոսքը։ Իսկ ՏԿԵ նախարարությունը հարցման այս կետին ընդհանրապես չի պատասխանել։
Կարդացեք նաև
Հրազդանը Հայաստանի խոշորագույն քաղաքներից է՝ մոտ 60 000 բնակչությամբ։ Սահմանադրության երրորդ հոդվածի համաձայն՝ մարդը բարձրագույն արժեք է, սակայն մոտ երկու տարի է, ինչ քաղաքացիների իրավունքները ոտնահարվում են։
-Նշել էինք, որ Հրազդան-Երեւան ուղեւորափոխադրումներն ուղեկցվում են բազմաթիվ կամայականություններով, ի՞նչ կամայականությունների մասին է խոսքը։
-Դրանք շատ ավելի տեւական ժամանակ է, ինչ կան։ Հիմնականում դրսեւորվում են այսպես կոչված մասնավոր տաքսի-ծառայությունների սպասարկման ժամանակ։ Քանի որ հստակ չէ, թե որ ընկերությունն է սպասարկում, մասնավոր տաքսիները չեն իրականացնում կանոնավոր ուղեւորափոխադրումներ։ Դրանք հիմնականում մինչեւ երեկոյան 18:00-ն են Հրազդանից գալիս Երեւան, իսկ Երեւանից վերադառնում են շատ ավելի ուշ եւ ուղեվարձը 500-ից դարձնում են 1000 դրամ։ Մատուցվող ծառայությունը որակյալ չէ այն տեսանկյունից, որ վարորդները հաճախ ոչ կոկիկ են հագնված, ոչ սթափ վիճակում են գտնվում, արագությունը գերազանցելով․․․մի խոսքով՝ ինչ հնարավոր է խախտել, այդպես ծառայություն են մատուցում։ Անհույս վիճակում ենք։
Հիմնականում կամայականությունները պայմանավորված են ուղեվարձը թանկացնելով։ Գումարը բարձրացնում են՝ առանց պատճառաբանության, իսկ եթե անգամ պատճառաբանվում է, ապա ասում են՝ մեր սեփական մեքենաներն են, ինչ գին ուզում ենք, դա էլ ասում ենք․․․այսինքն, եթե ցանկանան, 2000 դրամով էլ կվարեն։ Ֆիքսված գումարը 500 դրամ է, բայց եթե ուզում են, դարձնում են 1000 դրամ։ 18:00-ից հետո մեքենա գտնելը շատ դժվար է, իսկ շաբաթ-կիրակի օրերին՝ 15:00-ից հետո։
-Իսկ վերոնշյալ՝ «Մուլտի տրանսպորտ» ընկերության աշխատանքի հետ կապված նախարարությունը որեւէ բան պարզաբանե՞լ է։
-Գրավոր հարցումներով շփվել ենք նախարարության հետ, իսկ մարզպետարանի եւ համայնքապետարանի հետ շփումներում, ավագանու նիստերում հարցը բարձրաձայնել ենք։ Մեզ տրվել է տեղեկատվություն, որ մայիսի մեկից, իսկ վատագույն դեպքում՝ հունիսի մեկից, երթուղին պետք է սպասարկվի, բայց մինչեւ օրս չկա։ Մրցույթը դեկտեմբերին էր, բայց դրա պայմաններում նշված չի, թե որ ամսվա որ օրվանից է երթուղին սպասարկվելու։ Մենք նախարարությունից պահանջել ենք պարզաբանում, թե այդ ընկերությունը որ օրվանից է պարտավորվում երթուղին սպասարկել։ Նախարարության պատասխանում նշված է, որ այդ ընկերությունը երթուղին կսպասարկի օգոստոսի վերջից, բայց չգիտեն, թե կոնկրետ որ օրվանից։ Բանավոր խոսակցությունների ժամանակ մարզպետարանն ու համայնքապետարանն ասել էին, որ կսպասարկվի մայիսից։ Պատճառաբանությունները տարբեր են։
-Հրազդանի բնակիչներն առհասարակ ինչպե՞ս են տրանսպորտի խնդիրը հաղթահարում։
-Քանի որ չկա գործիքակազմ, ստիպված հանդուրժում ենք։ Մարդիկ հավելյալ գումար են վճարում, ժամերով սպասում են։ Առնվազն երկու տարի կանոնավոր ուղեւորափոխադրում չունենք։ Այո, կան մասնավոր տաքսիներ, բայց այս խնդիրը տեր չունի։ Կրկնեմ, որ ըստ ՀՀ սահմանադրության՝ մարդը բարձրագույն արժեք է, բայց երկու տարի՝ խոշորացված Հրազդան համայնքի մոտ 60 000 բնակիչների իրավունքները ոտնահարվում են։ Խնդիրը միայն Երեւան-Հրազդան երթուղուն չի վերաբերում։ Հրազդան-Սեւան երթուղին առհասարակ չի սպասարկվում։ Մյուս երթուղիների դեպքում գնաճ կա։ Միասնական երթուղի է գործում, եւ Հրազդան-Չարենցավան, Հրազդան-Ծաղկաձոր ուղղություններում գնաճ կա։ Օրինակ՝ Չարենցավանի դեպքում ուղեվարձը 200-ից դարձել է 400 դրամ։ Իսկ Հրազդան-Երեւան երթուղին դառնալու է 700 դրամ, այսինքն՝ մրցույթի պայմաններում նշված է դա։ Նվազագույն գնառաջարկը 700 դրամ է։ Ամեն օր քաղաքացիները դժգոհում են, բայց քանի որ չունենք գործիքակազմ, ստիպված հարմարվում ենք։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Հ․Գ․ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունից նախատեսում ենք պարզաբանում ստանալ, որը եւս կհրապարակենք։