Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Վարչապետը թոշակների բարձրացման մասին․ «Կարելի է ասել, որ ինչ որ ձեւով գնաճի ազդեցությունը զսպվում է»

Օգոստոս 24,2022 15:06

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կառավարությունն ընդունել է որոշում՝ կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության եւ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելու, կենսաթոշակների եւ նպաստների չափերի ավելացնելու նպատակով:

Ըստ այդմ՝ առաջարկվում է 2022 թվականի սեպտեմբերի 1-ից սահմանել`

1)Աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 21000 դրամ (18000 դրամի փոխարեն):

2)Զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 20000 դրամ (18000 դրամի փոխարեն):

3) Նվազագույն կենսաթոշակի չափը` 30500 դրամ (28600 դրամի փոխարեն):

4)Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը`

1-ին խմբի հաշմանդամի համար՝ 45000 դրամ (43000 դրամի փոխարեն):

2-րդ խմբի հաշմանդամի համար՝ 35000 դրամ (33000 դրամի փոխարեն)

3-րդ խմբի հաշմանդամի համար՝ 32000 դրամ (30000 դրամի փոխարեն):

 

Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կսահմանվի՝ 32000 դրամ՝ 30000 դրամի փոխարեն։ Արդյունքում ակնկալվում է, որ աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը կավելանա շուրջ 3100 դրամով կամ 7.1%-ով, զինվորական կենսաթոշակները՝ 5200 դրամով կամ 6.8 %-ով:

Առաջարկվում է բարձրացնել նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` դրանք սահմանելով 30500 դրամ (28600 դրամի փոխարեն), իսկ հաշմանդամ երեխա ճանաչված անձի համար՝ 39000 դրամ (37000 դրամի փոխարեն)։

Անդրադառնալով ընդունված որոշմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2023 թվականի միջնաժամկետ ծախսերի ծրագրով կենսաթոշակների բարձրացում է նախատեսում: «Եվ քանի որ բավականին լավ տնտեսական ցուցանիշներ են գրանցվել, պետական եկամուտները հարկային եկամուտների մասով գերակատարվել է ավելի քան 70 միլիարդ դրամով, ուստի կենսաթոշակների, նպաստների բարձրացումը, որը նախատեսում էինք 2023 թվականի հունվարի 1-ից, որոշեցինք իրականացնել 2022 թվականի սեպտեմբերի 1-ից: Բազային կենսաթոշակը ավելանում է 17 տոկոսով, իսկ կենսաթոշակի միջին բարձրացումը 7 տոկոսով: Ուզում ասել նաև, որ մյուս տարվա հուլիսի 1-ի կենսաթոշակի և նպաստի բարձրացումը շարունակում է մնալ ուժի մեջ»,- ասել է վարչապետը:

Նարեկ Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը մանրամասներ է ներկայացրել անկանխիկ առևտրի դեպքում 10% հետվճար կենսաթոշակառուներին տրամադրելու միջոցառումից, որը նույնպես կնպաստի կենսաթոշակների բարձրացմանը: Ըստ նախարարի՝ միջոցառմանը մասնակցել է 17 հազար քաղաքացի. «Անկանխիկ գործարքների դեպքում կենսաթոշակառուներին 10 տոկոս հետվճար տրամադրելու ծրագիրը հուլիսի 1-ից աշխատում է, արդեն առաջին արդյունքներն ունենք: Միջոցառմանը միացած բանկերում սպասարկվող քաղաքացիների շուրջ 10 տոկոսը՝ 17 հազար քաղաքացի միայն հուլիս ամսին իրականացրել է շուրջ 524 միլիոն դրամի անկանխիկ գործարք: Գուցե, հարց առաջանա, որ մասնակիցների թիվը փոքր է, բայց նախքան միջոցառման մեկնարկն այս թիվը եղել է զրո: Այսինքն, կենսաթոշակառուները քարտերով անկանխիկ գործարք չեն արել: Այսօր և վաղը քաղաքացիներին կտրամադրենք ընդհանուր 44 մլն դրամի ընդհանուր հետվճար»:

Կառավարության ղեկավարն ընդգծել է բանկերի հետ ավելի ակտիվ աշխատանք տանելու անհրաժեշտությունը՝ միջոցառմանը մարդկանց մասնակցության թիվն ավելի ընդլայնելու նպատակով. 173 հազար շահառուներից ծրագրին մասնակցում է 17 հազարը: Վարչապետը նշել է, որ այսօրվա որոշմամբ, ինչպես նաև հետվճարի տրամադրմամբ կարելի է ասել, որ ինչ որ ձևով գնաճի ազդեցությունը զսպվում է: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական խոստումներում արձանագրված է, որ մինչև 2026 թվականը միջին կենսաթոշակը պետք է դառնա 61 հազար դրամ: Պետք է նախ ապահովենք պարենային զամբյուղը, ապա՝ սպառողական զամբյուղին հասցնել մեր կենսաթոշակները: Ամեն դեպքում ուրախալի և կարևոր է այս քայլը, ամեն բան կանենք, որ տեմպն արագ պահենք»,-ասել Նիկոլ Փաշինյանը:

Ռուստամ Բադասյան

Անկանխիկ առևտուրն հանրապետության ողջ տարածքում ապահովելուն ուղղված աշխատանքների վերաբերյալ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը տեղեկացրել է, որ  առկա 67 հազար 602 ՀԴՄ սարքերից 13 հազար 356-ն արդեն աշխատում է POS տերմինալով. «Կենտրոնական բանկի հետ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք: Այս պահի դրությամբ ունենք 25 հազար 737 էլեկտրոնային դիմում, ունենք նաև թղթային դիմումներ: Կարծում եմ՝ պատկերն, ընդհանուր առմամբ, դրական է»:

 

ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031