Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան․ «Այն ժամանակ այդ նվիրատվությունն ընդունել ենք գաղտնի որոշմամբ․ նվիրատուն էր խնդրել»

Օգոստոս 24,2022 15:00

ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերից 6.8%-ը նվիրատվություն կստանա, ապա այն հավատարմագրային կառավարման կհանձնվի Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդին։

Այս մասին որոշման նախագիծն այսօր հավանություն ստացավ կառավարության նիստում։ Նվիրատվությունը վարչապետի աշխատակազմին կատարել է ԶՊՄԿ-ի բաժնետեր ընկերություններից մեկը՝ «ԱՄՓ հոլդինգ» ՍՊԸ-ն։

Բագրատ Բադալյան

Հարցը զեկուցում էր վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը։ Նա ասաց, որ ԱՆԻՖ-ը հանդիսանում է 100% պետական սեփականությամբ առեւտրային կազմակերպություն, որի մանդատներից մեկը պետության ռազմավարական նշանակության ակտիվներում պետության՝ որպես սեփականատեր, արդյունավետ ներկայացուցչությունն է:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հիշեցրեց՝ 2021-ի սեպտեմբերին 30-ին կառավարությունը կոմբինատից որպես նվիրատվություն 15% բաժնետոմս է ստացել․ «Այն ժամանակ կառավարումը հանձնեցինք ԱՆԻՖ-ին։ Հիմա 2022 թվականի մարտի 24-ին մենք որպես նվիրատվություն ստացել ենք բաժնետոմսերի եւս 6.8%։ Այն ժամանակ այդ նվիրատվությունը մենք ընդունել ենք գաղտնի որոշմամբ, որովհետեւ նվիրատուն իր կոմերցիոն հարցերի հետ կապված խնդրանք ուներ, որ մենք առայժմ որոշումը չհրապարակենք, որպես կոմերցիոն գաղտնիք պահվի։ Եվ երբ այդ անհրաժեշտությունը՝ իրենց կողմից, մեզ համար որեւէ գաղտնիություն չկար, իրենց համար այդ գաղտնիության անհրաժեշտությունը վերացել է եւ մենք հիմա այդ բաժնեմասն էլ հանձնում ենք ԱՆԻՖ-ին»։

Այժմ ՀՀ կառավարությունը Զանգեզուրի պղնձամոլիբդենայինում ունի 21,8% բաժնեմաս, ինչը, ըստ Փաշինյանի, շատ կարեւոր իրադարձություն է․ «Կապանում նախընտրական հանդիպման ժամանակ ես հանդես եմ եկել նման խոստմամբ ու այս մի նախընտրական խոստումն ի կատար է ածված»։

Այս տարվա մարտի 1-ին Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն էր տարածել, ըստ որի, ՊԵԿ-ի քննչական վարույթում քննվող գործով պարզվել է՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավար՝ գլխավոր տնօրեն հանդիսացող անձը, ղեկավարելով ընկերության կողմից կազմակերպված և իրականացված շահույթ հետապնդող ձեռնարկատիրական գործունեությունը, առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով, օտարերկրյա պետություններում գրանցված և իր հետ փոխկապակցված ոչ ռեզիդենտ համարվող կազմակերպությունների միջոցով և վերջիններիս անունից հատուկ մշակված և կիրառված սխեմայով, կատարել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ արտադրանքի՝ պղնձի խտանյութի շուկայականից էականորեն ցածր արժեքով մատակարարման գործարքներ, որի հետևանքով ընկերության հարկվող շահույթը պակաս է ցույց տրվել և արդյունքում պետական բյուջե չի վճարվել ավելի քան 15.017.640.469 ՀՀ դրամ հարկեր և վճարներ:

«Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված համապատասխան ելակետային տվյալների հիման վրա 2022 թվականի դեկտեմբերի 29-ին կազմվել է ստուգման ակտ և առաջադրվել լրացուցիչ գանձման ենթակա ընդհանուր 15.017.640.469 ՀՀ դրամ պարտավորություններ, որոնք 2022թ.-ին ամբողջությամբ վճարվել են պետական բյուջե:

Հատկանշական է, որ 2017-2019թթ. ընկերության իրական հարկվող շահույթը պակաս ցույց տալու հետևանքով հարկերի և վճարների տեսքով պետությանը պատճառված 15.017.640.469 ՀՀ դրամ գումարը՝ տույժերով և քրեական գործով հանդերձ, վերականգնվել է ոչ թե «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ գործող ակտիվների հաշվին, այլ՝ սույն քրեական գործով մեղադրյալ ընկերության նախկին գործադիր մարմնի ղեկավարի կողմից՝ վերջինիս անձնական միջոցներից»,-նշված է հաղորդագրության մեջ:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031