«Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան գրառումը
Իր շնորհավորական ուղերձում վարչապետի առանցքային մտքերից մեկն էր՝ «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:
Ռուսաստանը 2010 թվականից սկսեց անսահմանափակ, գրեթե չվերահսկվող ծավալի հարձակողական զենք վաճառել հակառակորդ Ադրբեջանին։ Հայաստանյան քաղաքական և հասարակական շերտերի օբյեկտիվ քննադատություններին ի պատասխան Հայաստանի օրվա իշխանությունները ջանք չէին խնայում արդարացնելու՝ զենք վաճառելու Ռուսաստանի որոշումը։ «Արդարացումների» մեխն այն էր, թե ռուսական զենքը Հայաստանի վրա չի կրակում, կամ թե, եթե Ռուսաստանը չվաճառեր զենքն Ադրբեջանին, միեւնույն է կվաճառեր մեկ այլ պետություն:
Այդ տեսակետը խնդրի դիտավորյալ նենգափոխման արտահայտություն էր իհարկե: Ադրբեջանն, իհարկե, կարող էր զենք գնել այլ երկրից, ու կգներ:
Կարդացեք նաև
Սակայն խնդիրը միայն առեւտրին չէր վերաբերում։ Ադրբեջանին զենք էր և է՛ վաճառում, այն էլ հարձակողական զենք, այն էլ մեծ քանակի զենք, եւ հանդիսանում էր և է՛, այդ երկրի թիվ մեկ ռազմա-տեխնիկական գործընկերը, մի պետություն, որը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորն էր, և է՛, իբրեւ թե: Ավելին՝ այդ երկիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր էր և է՛, որին ՄԱԿ-ի կողմից տրվել էր մանդատ խաղաղ կարգավորում փնտրել արցախյան խնդրին։
Երբ Ռուսաստանը համոզվեց, որ Ադրբեջանին սպառազինության վաճառքը որևէ էական հակադարձում, ընդվզում չի առաջացնում Հայաստանում և Արցախում, հաջորդիվ ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներն արտոնելն ու սանձազերծելը։
Երբ դաշնակցի հանդեպ պարտավորությունները արհամարհում են դաշնակիցները, ապա, մեղմ ասած, միամիտ է կարծել, որ հակառակորդները կարող են հարգել կամ հետեւել որեւէ պարտավորության ու պայմանավորվածության:
Եվ հենց այստեղ է գլխավոր խնդիրը։ Ու խնդիրն այն չէ, որ ռուսական զենքը մեծապես օգտագործվեց արցախյան ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներում։
Այդ վաճառքը Հայաստանին հարվածեց քաղաքականապես, ցույց տալով Ադրբեջանին, որ Հայաստանի հանդեպ միարժեք թույլատրելի եւ հնարավոր է պարտավորություն չհարգելը:
Եվ հենց այստեղ է, որ Հայաստանի անվտանգությունը պահանջում է չհանդուրժել դաշնակցի այդ վարքագիծը, ոչ թե անարժանապատվորեն ապրել այն արդարացնելու բաղձալի նպատակի համար: