Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է հասկանալ, թե ինչպես է տրանսֆորմացվում Ռուսաստանը՝ դրսի եւ ներսի գործոների ազդեցության ներքո». Հովհաննես Սարգսյան

Օգոստոս 24,2022 13:11

ԽՍՀՄ–ի փլուզումից ավելի քան 30 տարի է անցել։ Այդ ընթացքում Հայաստանում մեծացել է մի սերունդ, որը չի պատկերացնում, թե ինչ երկիր է Ռուսաստանը։

«Ռուսաստանը բազմազգ պետություն է, ճանաչել Ռուսաստանը՝ նշանակում է հասկանալ նաեւ այլ էթնոսների դերը Ռուսաստանում: Մենք մի քանի օր առաջ ավարտեցինք ռուսաստանագիտությանը նվիրված ամառային դպրոցը, որը մի մասն էր այն հետաքրքրության, որ ունենք դեպի ռուսաստանագիտությունը: Կա դասական ընկալում հայագիտության, չինագիտության, արաբագիտության եւ այլ գիտությունների առումով, ու այդ դասական ընկալումը ենթադրում է ոչ միայն լեզու, գրականություն, դրա իմացությունն ու ճանաչումը, այլ արվեստի որոշ ոլորտներ»,- Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում նշեց Հայ-ռուսական սլավոնական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը:

«Մեր ամբիոնում կատարած հետազոտությունների ժամանակ հանգել ենք այն եզրակացության, որ շատ կարեւոր է լավ հասկանալ պետությունների, ազգերի, տարածաշրջաների գիտությունները: Այս թվում ռուսաստանագիտությունը ոչ միայն լեզուն, գրականությունն ու պատմությունն է, այլ ամբողջ համակարգը, քաղաքական, տնտեսական ոլորտները, աշխարհաքաղաքական գործընթացները հասկանալը»,-ասաց Հովհաննես Սարգսյանը:

«Այն հետազոտությունները, որ իրականացնում ենք, իսկ մենք ինքնության հիմնախնդիրներով ենք լրջորեն զբաղվում, հանգեցին նրանք, որ ռուսաստանագիտությունն էլ պետք է այսօր լայն հասկանալ: Պետությունների, ազգերի հարաբերակցության մեջ հարաբերությունները կարող են տարբեր լինել, ասենք համագործակցության, կոնֆլիկտի, ռազմավարական համագործակցության մակարդակի, բայց ցանկացած դեպքում՝ ռազմավարական համագործակցությունից մինչեւ կոնֆլիկտ ու բախում, պետք է ամբողջությամբ ճանաչել կողմին, որպեսզի հնարավոր լինի գործողություններն ավելի արդյունավետ կառուցել»,-ընդգծեց Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչը:

Նրա ձեւակերպմամբ, հասարակությունն այսօր լավ չի պատկերացնում այն ամենը, ինչ կատարվում է Ռուսաստանում, թեեւ հայաստանյան դպրոցներում դասավանդվում է ռուսաց լեզու, կան ռուսական հեռուստաալիքներ.

«Մինչդեռ, եթե ուզում ենք ադեկվատ հասկանալ Ռուսաստանը, պետք է հետեւենք արդի աշխարհում կատարվող փոփոխություններին: Հատկապես անկախության տարիների սերնդի համար կարող է անհասկանալի լինել Ռուսաստանի ֆենոմենը: Ուստի մեր նպատակն է հասկանալ կատարվող փոփոխությունները, եւ այն, թե ինչպես է տրանսֆորմացվում Ռուսաստանը՝ եւ դրսի գործոնների ազդեցության ներքո, եւ ներսի․ այդ ինքնությունների»,-հավելեց Սլավոնական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ Հովհաննես Սարգսյանը։

Հանրային դիվանագիտության կենտրոնի ղեկավար Նորայր Դունամալյանի խոսքով, ռուսագիտության ամառային դպրոցի հիմնական գաղափարն այն էր, որ այդ թեմային տրվի ավելի գիտական, ակադեմիական հիմք, գիտակցելով այն խնդիրը, որ կան բազմաթիվ կարծրատիպեր եւ խնդիրներ՝ կապված Ռուսաստանը հասկանալու հետ: «Երբ մենք խոսում ենք Ռուսաստանի եւ ռուսագիտության մասին ընդհանրապես, մտածում ենք, որ ով գիտի ռուսերեն, արդեն ապրիորի ռուսագետ է: Իրականում ռուսագիտությունն ընդհանրապես զարգացած չէ Հայաստանում: Հայաստանի Հանրապետության համար ռուսաստանագիտությունը պետք է դիտարկել որպես ռազմավարական ուղղություն, ինչպես իրանագիտությունը, վրացագիտությունը, թուրքագիտությունը, ամերիկագիտությունը, չինագիտությունը եւ այլն, ստեղծել համակարգ, որը կներկայացնի ոչ միայն ռուսաց լեզուն, այլ պատմությունը, մշակույթը, քաղաքականությունը, տնտեսությունը եւ այլ ոլորտներ»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031