Երեկ` օգոստոսի 22-ին, ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ են հրապարակել՝ Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության աշխատակիցների կողմից Արցախի Հանրապետության ներկայացուցիչների մասնակցությամբ Սարսանգի ջրամբար կատարած այցի մասին, որը հանրության շրջանում որոշակի մտահոգությունների և հարցերի պատճառ է դարձել:
Այդ կապակցությամբ իրազեկում ենք, որ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակում ջրային ռեսուրսների կառավարման և հանրությանը մատակարարվող խմելու ու ոռոգման ջրերի անվտանգության ապահովման նպատակով Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի ներկայացուցիչները դեռևս 2021 թվականից շփվում են ադրբեջանական կողմի հետ և պարբերական այցեր են կատարում Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հատվածներ՝ Հանրապետության մի շարք համայնքներին (այդ թվում՝ Ստեփանակերտին) մատակարարվող խմելու և ոռոգման ջրերի օգտագործման շուրջ փոխադարձ պայմանավորվածություններ ձեռք բերելու և խնդիրների կարգավորման համար:
Այդ շրջանակներում հերթական հանդիպումը կազմակերպվել էր Սարսանգի ջրամբարի մոտ՝ Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով: Տեղում մտքեր են փոխանակվել ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակների շուրջ՝ հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը: Առաջիկայում քննարկումները կշարունակվեն և որոշումները կկայացվեն Արցախի Հանրապետության շահերից ելնելով՝ հիմք ընդունելով և՛ էլեկտրաէներգիայի արտադրության, և՛ ոռոգման կարիքները Սարսանգի հատվածում, ինչպես նաև խմելու և ոռոգման ջրերի հետ կապված կարիքները Հանրապետության այլ հատվածներում:
Թեև ըմբռնումով ենք մոտենում Արցախի Հանրապետության պետական մարմիններին ուղղված քննադատություններին, այդուհանդերձ, ցանկանում ենք հայտնել, որ Արցախի իշխանությունները որևէ իրադարձություն թաքցնելու նպատակ չեն հետապնդում, առաջնորդվում են բացառապես Արցախի Հանրապետության և արցախցու շահով՝ ստեղծված իրավիճակում նրբանկատորեն ձեռնարկելով հնարավոր բոլոր միջոցները՝ պետության և հանրության անվտանգության մակարդակը բարձրացնելու, լարվածություն ծնող երևույթները չեզոքացնելու ուղղությամբ:
Կարդացեք նաև
Արցախի տեղեկատվական շտաբ