Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալուի պայթյունից տուժած բիզնեսին

Օգոստոս 24,2022 12:59

Կառավարությունը չի փոխհատուցի Սուրմալու առեւտրի կենտրոնի պայթյունից տուժած բիզնեսին։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Եթե այդ միջավայրում աշխատող գործարարներն ապահովագրած լինեին իրենց գույքը (գրագետ բիզնեսները դա արել են, ապահովագրում են իրենց տարածքը եւ գույքը), բնականաբար, այս դեպքը հատուցելի կլիներ։ Հիմա եթե ինչ-որ մեկն արել է, մի մասը չի արել, ապա կառավարությունը չի կարող իր վրա վերցնել ֆունկցիա ՝ փոխհատուցել այն ծախսերը, որը պետք է աներ ապահովագրական ընկերությունը։ Եթե գործարարը չի համարել այդ ռիսկը մեծ, ապա այստեղ կառավարությունն անելիք չունի»,-ասաց նախարարը։

Նրա կարծիքով՝Հայաստանում գործարարները պետք է սովորեն աշխատել բարձր ստանդարտներով եւ եթե պետք է՝ ապահովագրեն իրենց շրջանառու միջոցները, գույքը, եւ չակնկալեն, որ իրենց բացթողումը կառավարությունը պետք է լրացնի։

«Մենք մեր երկրում ստանդարտներն ու օրենքները չենք հարգում, եւ դա բոլորս տեսնում ենք։ Օրինակ՝ սրճարաններում բոլորը ծխում են, դա օրենքի խախտում է, եւ բնականաբար, այսպիսի վարքագիծը չի կարող բերել մեր ազգի անհրաժեշտ զարգացմանը, որպեսզի տարածաշրջանում կարողանանք նորմալ եւ կայուն զարգանանք»,-ասաց Քերոբյանը։

Ապա նա օրինակ բերեց խանութներում վաճառվող միսը, հիշեցրեց՝ օրենքը պահանջում է, որ խանութներում վաճառվող միսը պետք է լինի սպանդանոցում մորթված․ «Սակայն ստուգումների արդյունքում ամեն օր արձանագրություններ են կազմվում։ Հիմա մենք ձեռնամուխ ենք եղել կարգավորումների խստացմանը՝ ոչ միայն արգելենք ոչ սպանդանոցային մսի վաճառքը, այլ տնտեսավարողն իսկապես ցավ զգա օրենքն ու ստանդարտները խախտելու համար։ Մենք ստիպված ենք գործել մահակային ռեժիմով, որպեսզի մեր երկրում բոլորը սովորեն դիսցիպլինային»։

Ավելի վաղ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի խոսնակն «Արմենպրես»-ին ասել էր, որ նախարարությունում կան քննարկումներ՝ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին եւ ֆիզիկապես տուժած անձանց համար պետական աջակցության ծրագիր իրականացնելու ուղղությամբ, իսկ տնտեսվարողներին աջակցություն կամ փոխհատուցում տրամադրելու գործառույթը սոցապի լիազորություններից դուրս է։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031