Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

Անկախության հռչակագրին նվիրված տեքստը քաղաքական ամլության, անճարակության և հոռետեսության չարագուշակ տեքստ է, անլույս և անհույս․ Լիլիթ Գալստյան

Օգոստոս 24,2022 12:05

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը

ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՄՍԽՎԱԾ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՄՆԵՂՍՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Անկախության հռչակագրի 32-րդ ամյակի առթիվ ազգակործանի ուղերձն ամբողջությամբ հանցագործին բնորոշ հոգեբանական վարքի դրսևորում է․ հանցագործը սովորաբար վերադառնում է հանցանքի վայր։

Անկախությունն ու համազգային հաղթանակները մսխածը հայտարարում է, թե «Կառավարությունն ամեն օր պայքարում է Հայաստանի Հանրապետության անկախության համար»։

Այսքա՜ն երեսպաշտ․․․ Դուք պայքարել և պայքարում եք ոչ թե Անկախության համար, այլ՝ Անկախության դեմ։ Այս էլ՝ չորս տարի․․․

Մի՞թե կարծում եք, թե ողջ հայ ժողովուրդն ամնեզիայով է տառապում և չի հիշում, որ իր թիկունքում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածն եք նվիրել թշնամուն, որ թշնամին արդեն վաղուց տեղակայվել է Սյունիքում, կամ կառավարության նիստում թշնամու կողմից ցանկացած կետից մեր Հայրենիք ներխուժելու կանաչ լույս եք վառել։

Ձեր քթին Աղավնոյի ծուխը չի հասնում, բայց հո որբացող Աղավնոյի պատկերն իբրև դավաճանության, հանձնված Արցախի և կորուսյալ Հայրենիքի սիմվոլ՝ սեպ խրվելու է ձեր մեղավոր բիբերում, պատմության չջնջվող ցավի էջերում․․․

«Անկախությունը մեզ համար անվտանգություն է»։ Սա ասում է մեկը, որը կազմաքանդել ու բարոյալքել է Հայոց բանակը, նվաստացրել ու արժեզրկել է մեր անվտանգությունն ու հաղթանակները կերտողներին՝ պատվանդաններն ու խոնարհումը փոխարինելով ատելությամբ, բանտային կտտանքներով ու նվաստացումով։

Մերժումի և ուրացման խորհրդանիշը, պառակտողն ու երեսուն տարիների ձեռքբերումները ամլացնողը չի կարող անվտանգություն ապահովել։ Մենք դեռ պարկերի մեջ հայ զինվորի դիակ ունենք։

«Միջազգային կառուցակարգերը բոլորիս աչքի առաջ ճաք են տալիս, եւ առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում»: Սա ասում է մեկը, որը «Արցախն Հայաստան է» պոպուլիստական էժանագին կարգախոսով ու սեփական կետից բանակցելու հիվանդագին սևեռումով կործանարար պատերազմ հրահրեց։ Սա ասում է մեկը, որն առանց աչքը թերթելու, սեփական պարտությունն արդարացնելու համար Շուշին դժբախտ ու դժգույն համարեց։ Սա ասում է մեկը, որը խոստովանել է պատերազմը չդադարեցնելու գինը՝ հազարների կյանքի գինը․․․ Սա ասում է մեկը, որն իբրև թե միջազգային կառուցակարգերում «ժողովրդավարություն» բաստիոն էր նվաճել։
«Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ․․․ և ամուր դաշնակցային հարաբերություններ»՝ մեղավորներ նշանակելու և պատասխանատվությունից խուսափելու ցինիկ ավանդույթին հավատարիմ, մերկապարանոց հաստատումներ է կատարում մեկը, որը դիվանագիտական ու միջազգային մեկուսացման տարավ Հայաստանը՝ փչացնելով հարաբերությունները ռազմավարական դաշնակիցների հետ։

Հարևանների հետ հարաբերությունները լարախաղացության հետ շփոթողը դիվանագիտական մերկությամբ մսխեց նաև հարևանների հետ շահեկան եզրեր գտնելու հնարավորությունները։

Ի վերջո, Հայաստանում գործադրվող «գավառական շուստրիության, գժի տեղ դնելու կամ պաթոլոգիկ ստախոսի վարքագիծը» միջազգային հարաբերություններում չի կարող արգահատանքի չարժանանալ։

«Մեր որոշ հարևաններ չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում», ասում է մեկը, որն առանց նախապայմանների պատրաստ է սահման բացել ցեղասպան թուրքի առջև, այն թուրքի առջև, որի բայրաքթարների տակ հազարավոր հայորդիներ նահատակվեցին, այն թուրքի առջև, որին երբեք, ոչ մի միջազգային հարթակում այդպես էլ ագրեսոր չանվանեց։

Մեծ գին են պահանջում պարտվածից, իսկ դու տեղով նվաստացում ես, պարտություն ես, աթոռին կառչած պարտություն, աթոռի համար ցանկացած գին տվող պարտություն։ Հայրենիքն աճուրդի հանած պարտություն․․․

Մեր թշնամիները դա լավ են գիտակցում և պոկելու են հնարավորը, քանի դեռ այսպիսին է իշխանությունը, քանի դեռ հայ ժողովուրդը իր շահերը դավաճանողին հեռացնելու ուժ և կամք չի գտել․․․

«Անկախությունը պետականակենտրոն մտածողություն է» ասում է մեկը, որն անդառնալի սեպ է խրել ազգային միաբանության մեջ, ով ներազգային պառակտվածությունն ու անհանդուրժողականությունը հասցրել է անդառնալիության սահմանին, որը երկիրը քպ-ական թայֆայաբազության և դիլետանտության պատճառով դարձրել է մշտական աղետի և ողբի գոտի, որը կազմաքանդել է ազգային և պետական ինստիտուտները, որը ծրագրային հարված է հասցրել Հայաստան-Սփյուռք հարաբերություններին։

«Անկախությունն ազատություն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար»․․․ ստի և երեսպաշտության այս հրավառությունից շնչահեղձ եմ լինում։ Երկրում մենիշխանություն հաստատածն ու հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ քաղաքական հալածանքներ պատվիրածը ազատության մասին է խոսում։

«Անկախությունը կրթություն է»․ այո, բայց ազգային արժեքների վրա հիմնված և ազգային ինքնությունը սնող կրթությունը, և բոլորովին էլ ոչ այն ապազգայինը, որ պարտադրում եք․․․

«Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն»․ դե իհարկե, դատարանները շրջափակելով, դատավորների «վզին դնելով» ու Սահմանադրության ողնաշարը ջարդելով այս չորս տարիներին հրաշալի իրավակարգ եք ստեղծել։

«Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի եւ արարի և ոչ թե մսխի ու փչացնի»: Անկարելի է չհամաձայնել այս խոստովանության հետ․․․ Բայց դուք ամլացնողն եք, Բարաբան, ԱՐԱՐՈՒՄ-ը ձերը չէ, ձեր առաքելությունն այլ է․․․

Իսկ այդ ողջ՝ Անկախության հռչակագրին նվիրված տեքստը քաղաքական ամլության, անճարակության և հոռետեսության չարագուշակ տեքստ է, անլույս և ահնույս․․․ Ճիշտ այնպիսին, ինչի մեջ տապակվում է Հայաստանը։

Այդպես է, որովհետև Հայաստանում իշխանություն է իրականացնում մերժումի, ազգային շահերն ու ապագան դրժած ուժը ․․․
Եվ ամենակարևորը՝ կունենա՛նք պետություն և Անկախություն, բայց առանց քեզ, միայն առանց քեզ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031