Լրահոս
Օրվա լրահոսը

«Բերնաբեուից» մինչև «Հանրապետական». «Փյունիկն» ու «Շերիֆը»

Օգոստոս 24,2022 10:53

Երևանի «Փյունիկը» արդեն մեկ ամիս է` պայքարում է եվրագավաթների որակավորման փուլերում։ Նռնագույնները արդեն ապահովել են եվրագավաթային աշունը, սակայն դեռ ասելիք ունեն և կպայքարեն կարգով ավելի բարձր մրցաշարի մասնակցելու համար։

«Փյունիկը» պայքարը սկսեց «Չեմպիոնների լիգայի» որակավորման առաջին փուլում, որտեղ Մելիքյանի սաների բախտը այնքան էլ չբերեց մրցակցի հարցում։ Երևանյան թիմին վիճակված էր դիմակայել ռումինական «Կլուժին», որի հետ հայկական ակումբները դժգույն պատմություն ունեն։ Չափազանց անհարմար մրցակից հայկական ֆուտբոլի համար. որպես օրինակ՝ «Ալաշկերտը» տարիներ առաջ Ռումինիայի չեմպիոնին պարտվել էր ընդհանուր 7։0 հաշվով։ Սակայն այս շրջանում «Փյունիկը» իր կամքից անկախ վրեժ է լուծում հայկական ակումբներին հաղթած մրցակիցներից։

Երևանում, չնայած «Կլուժի» ակտիվ խաղին, գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի հաշիվ։ Խաղի հերոսը դարպասապահ Յուրչենկոն էր, որը դեռ երկար ժամանակ կմնա հայ ֆուտբոլասերների վերջին հույսը թե՛ «Փյունիկում», թե՛ ազգային հավաքականում։ Իսկ Կլուժ-Նապոկայում երկու թիմերը դրամատիկ վերջաբան առաջարկեցին երկրպագուներին։ Ռումինական թիմը խաղասկզբում բացեց խաղի հաշիվը և մինչև հիմնական ժամանակի վերջին րոպեները հանգիստ չէր տալիս Մելիքյանի թիմի պաշտպաններին և Յուրչենկոյին։ Սակայն դեռ նախորդ մրցաշրջանում «Փյունիկը» մեզ ապացուցել է, որ հեշտ հանձնվելը իրեն բնորոշ հատկություն չէ։ Հիմնական ժամանակի վերջին րոպեներին Զորան Գայիչը փրկեց խաղը և տեղափոխեց հավելյալ ժամանակ։ «Կլուժը» ավելացված առաջին խաղակեսում կրկին հաղթողի նժարը թեքեց իր կողմը։ Գերլարված րոպեներ անց Զորան Գայիչը մեզ ապացուցեց, որ «Փյունիկին» կարող է փրկել երկրորդ անգամ նույնպես։ Հետխաղյա տասնմեկ մետրանոց հարվածաշարում մեր ֆուտբոլիստները սառնասիրտ էին և դիպուկ։ «Փյունիկը» կամային հաղթանակ տարավ և հայտնվեց «Չեմպիոնների լիգայի» երկրորդ որակավորման փուլում։

Այստեղ մրցակիցը «Կլուժից» կարգով ցածր էր, բայց ճնշումը «Փյունիկի» վրա՝ ավելի ուժգին։ «Դյուդելանժը» այն թիմն էր, որը տարիներ առաջ թույլ չտվեց «Արարատ Արմենիային» հայտնվել «Եվրոպա լիգայի» խմբային փուլում։ Երևանյան խաղում մարզական բախտը մեզնից երես էր թեքել։ Չնայած «Փյունիկի» բազմաթիվ գրոհներին և հարվածներին՝ տղաները չկարողացան արդյունքի հասնել։ Սակայն նրանց փոխարեն դա արեց «Դյուդելանժը»։ Տասնմեկ մետրանոցից հյուրերը խփեցին հանդիպման միակ գոլը։ Պատասխան խաղից առաջ «Փյունիկի» գլխավոր մարզիչը նշել էր, որ թիմը լցված է մարզական ջղայնությամբ, որն էլ արտացոլվեց խաղի ընթացքում։ Խաղասկզբում կրկին «Դյուդելանժը» առաջ անցավ հաշվի մեջ, սակայն «Փյունիկը» ժամանել էր Լյուքսեմբուրգ միայն հաղթանակի համար։ Խաղի մնացած հատվածում հայկական ակումբը չորս գոլ հեղինակեց և վստահորեն հաղթեց դիմակայությունը։

Պատմական նվաճումը այլևս իրականություն է։ «Փյունիկը» դարձավ հայկական առաջին ակումբը, որը նվաճեց «Չեմպիոնների լիգայի» երրորդ որակավորման փուլի ուղեգիր։ Հայտնվեցինք այնտեղ, որտեղ չէինք եղել և հասկացանք, որ այդտեղ կարգերի տարբերությունը չափազանց մեծ է։ Եթե կա նպատակ ունեցածով չբավարարվելու, ապա ահռելի ներդրումներ են պետք։

Հեքիաթային երազանքից մեզ իրականություն ետ բերեց «Ցրվենա Զվեզդան»։ Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիրը և այդ մրցաշարի խմբային փուլի մշտական բնակիչը «Փյունիկին» շանս չտվեց։ Բելգրադում 7։0, իսկ Երևանում 0։2 հաշվով մենք լքեցինք «Չեմպիոնների լիգայի» համար պայքարը։

Եվ ահա մենք «Եվրոպա լիգայի» որակավորման վերջին՝ փլեյ-օֆֆ փուլում ենք։ Արդեն չորրորդ անգամ հայկական ակումբը կփորձի հայտնվել «Եվրոլիգայի» խմբային փուլում։ Նախորդ երեք փորձերը անհաջող էին։ 2019 և 2020 թվականներին «Արարատ Արմենիայի» ճանապարհին կանգնեցին համապատասխանաբար «Դյուդելանժը» և «Ցրվենա Զվեզդան»։ Իսկ նախորդ տարի «Ալաշկերտին» խանգարեց շոտլանդական «Ռեյնջերսը», որը հետագայում հայտնվեց նույն մրցաշարի եզրափակչում։

Մեզ այս անգամ բաժին հասավ զորեղ, բայց հաղթահարելի մրցակից։ «Շերիֆ Տիրասպոլ», որը անցած տարի թեթև ցնցումի ենթարկեց եվրոպական ֆուտբոլային էլիտային։ Մինչ պատմական հաջողությունների հասնելը՝ «Շերիֆը» անցած տարի հանդիպեց «Ալաշկերտին»։ Հայկական թիմը պարտվեց, սակայն եզակիները կպատկերացնեին, որը Տիրասպոլի համեստ ակումբը անհավանական հաջողությունների կհասնի։ «Ալաշկերտից» հետո մոլդովական թիմը հաղթահարեց մեզ քաջածանոթ «Ցրվենա Զվեզդայի», իսկ հետո «Դինամո Զագրեբի» արգելքը։ Սենսացիոն նվաճումից հետո տիրասպոլյան թիմը չբավարարվեց ունեցածով։ «Չեմպիոնների լիգայի» խմբային փուլում «Շերիֆը» անակնկալ մատուցեց եվրոպական էլիտայի ներկայացուցիչներին։ Սկզբից հաղթանակ տարավ Դոնեցկի «Շախտյորի» նկատմամբ, իսկ հետո Մադրիդում խելահեղ պայքարում առավելության հասավ արքայական ակումբի նկատմամբ։ Մադրիդյան սենսացիայից հետո «Շերիֆի» աստղը աստիճանաբար մարեց և եվրոպական մրցաշրջանին վերջ տվեց «Բրագան» «Եվրոլիգայի» փլեյ-օֆֆ փուլում…

Հիմա «Փյունիկ»-«Շերիֆ» դիմակայության մասին. «Շերիֆի» գունագեղ պատմությունը իհարկե ճնշում գործադրում է երևանյան թիմին։ Սակայն «Շերիֆը» այլևս չունի անցյալ տարվա ներուժը։ Թիմի մեծ մասը նախորդ մրցաշրջանի ընթացքում հեռացան դեպի ավելի բարձրակարգ ակումբներ։ «Շերիֆը» անհաղթահարելի չէ, և մենք դրանում համոզվեցինք երևանյան գոլազուրկ ոչ-ոքիից հետո։ «Շերիֆ»-«Փյունիկ» դիմակայությունը տեղի է ունեցել նաև 2006/07 մրցաշրջանի «Չեմպիոնների լիգայի» որակավորման փուլում։ Երևանյան թիմը այդ խաղերի վերջնարդյունքում պարտվել է 2-0 հաշվով։

«Շերիֆի» ընդհանուր տրանսֆերային արժեքը (14.10 մլն €) գերազանցում է «Փյունիկին» (6.74 մլն. €) երկու անգամից ավել։ «Շերիֆի» ամենաթանկարժեք ֆուտբոլիստը Մոմո Յանսանեն է (1.20 մլն. €), իսկ «Փյունիկինը»՝ նռնագույնների կազմը օրերս համալրած Ռոման Կարասյուկը (400.000 €)։

Պատասխան հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 25-ին Քիշնևի «Զիմբրու» մարզադաշտում։ «Շերիֆը» միջազգային տնային խաղերը անցկացնում է Քիշնևում, քանի որ «ՈՒԵՖԱ»-ն արգելել է Տիրասպոլում ընդունել ֆուտբոլային եվրոպական հանդիպումները։ Այս ֆակտորից կարող է օգտվել «Փյունիկը», քանի որ «Շերիֆը» սեփական մարզադաշտում չի ընդունի հայկական ակումբին…

 

Լևոն Կիրակոսյան

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ

Երրորդ կուրս

 

Լուսանկարները՝ Փյունիկ ՖԱ-ի և Շերիֆ ՖԱ-ի պաշտոնական կայքերից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031