Լրահոս
Օրվա լրահոսը

Ես վիրավորվում եմ Կոմիտասի համար, մեր բոլոր նվիրյալների համար․ Զրույց երաժիշտների միջև-6

Օգոստոս 24,2022 10:35

Սիրելի ընթերցող, այս շարքի այսօրվա զրուցակցիս հանդիպեցի Լիսաբոնում, որտեղ օրեր առաջ անցկացվեց աշխարհի ազգերի ավանդական երաժշտությանը նվիրված հերթական՝ 46-րդ համաժողովը։

Հայաստանից երկու պատվավոր մասնակից ունեինք, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Լիլիթ Երնջակյանը և արվեստագիտության թեկնածու, Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի գիտական բաժնի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող Տաթևիկ Շախկուլյանը։ Մեր մասնագետները ազգագրական երաժշտության միջոցով բազմազգ լսարաններին ներկայացրեցին հայկական մշակույթը։

Ն.Դ. Տաթևիկ ջան, բարով եք եկել։ Ամեն անգամ ուրախության առիթ է տեսնել մեր մասնագետներին միջազգային հարթակներում, նման կարևոր միջոցառումներին մասնակցելիս։ Այս անգամ ձեր շնորհիվ հարյուրավոր մարդիկ ծանոթացան կամ ընդլայնեցին իրենց ճանաչողությունը հայկական ազգագրական մշակույթի վերաբերյալ։ Խնդրում եմ ներկայացրեք, ի՞նչ համաժողովի մասին է խոսքը։

Տաթևիկ Շախկուլյան

Տ.Շ. Աշխարհում գոյություն ունեն մի քանի երաժշտագիտական խոշոր կազմակերպություններ, որոնցից մեկը հենց այս՝ Ավանդական երաժշտության միջազգային խորհուրդն է, որը հիմնադրվել է 1947 թվականին Լոնդոնում և ամեն երկու տարին մեկ անգամ համաժողովներ է անցկացնում մի նոր երկրում։

Իր մեջ ընդգրկված են 122 երկիր, բայց արվում է հնարավորինս այդ թիվը ընդլայնելու, ավելի շատ ազգություններ ընդգրկելու և իրենցը ներկայացնելու հնարավորություն ընձեռելու համար։

Կազմակերպությունը ամեն տարի հրատարակում է տարեգիրք, ինչպես նաև տարվա ընթացքում չորս անգամ հրատարակվող լրաբեր։

Պատկերացնելու համար ասեմ, որ նախորդ համաժողովը տեղի ունեցավ Թայլանդում, հաջորդը, լինելով առաջին անգամ, տեղի կունենա Գանայում՝ Աֆրիկայում։

2016 թվականից այս կազմակերպության Հայաստանի ներկայացուցիչն եմ։ Սովորաբար գիտաժողովներին հարակից միջոցառումներ են ներառում, աշխատանոցներ, համերգներ։

Շատ հետաքրքիր հանդիպումներ էլ են պատահում, երբ նախորդ գիտաժողովից հիշում են միմյանց, այս կամ ազգի ներկայացուցչին։ Օրինակ՝ բուլղարական ազգագրական պարերը ներկայացնող մասնագետը անմիջապես հիշեց նախորդ անգամ Կորյուն Դավթյանի կողմից ներկայացրած հայկական պարերը։ Հիշեցինք այդ մասին և ավելի հարազատացանք։

Այս տարի պրոֆեսոր Լիլիթ Երնջակյանը ներկայացրեց հայ֊-իրանական մշակութային հարաբերությունները, շեշտը դնելով հատկապես երաժշտության վրա, իսկ ես ներկայացրեցի հորովելների ժանրը՝ շեշտադրելով քաղաքական ենթատեքստը։ Ընտրեցի Լոռու և Արցախի հորովելները, ցույց տալով նրանց նույնությունը, որը կենդանի ապացույց է այդ տարածաշրջանում հայերի դարավոր ներկայության անվիճելիության հանգամանքին։

Մեզ համար նույնպես կարևոր է լսել ու տեղեկանալ այլ ազգերի մշակույթի մասին, երբեմն նաև մեր թյուր կարծիքները փարատելու իմաստով։ Օրինակ՝ զեկուցումներից մեկի շնորհիվ պարզեցի, որ մեր հորովելների նմանությամբ աշխատանքային երգերի մեջ կենդանիների հետ խոսելու մշակույթը կա նաև աֆրիկացիների, պորտուգալացիների մոտ։

Հետաքրքիր գաղափարներ են առաջ գալիս, գուցե պետք են նոր հետազոտություններ, որտեղ կերևա նույն երևույթի առկայությունը տարբեր մշակույթներում։ Իսկ համեմատությունները շատ հետաքրքիր տեղեր կարող են տանել։

Մեկ այլ զուգահեռ։ Մենք, ցավոք, ունենք Անտունիներ՝ պանդխտության մասին ժանրը, բայց բարեբախտաբար այս ցավոտ թեման հրաշք մշակույթ է ծնել։ Մակեդոնիայում տեսա իրենց շատ հուզական ու տպավորիչ էմիգրանտների պարը։

Նարինե Դելլալյան

Ն.Դ Պորտուգալական ֆադոներում նույնպես հաճախ է այդ թեման արծարծվում։ Ի դեպ, ամեն լեզու չէ, որ ունի կարոտ բառը։ Պորտուգալերենում այն Saudade բառն է։

Վերադառնալով միջազգային հարթակներին, ըստ իս մենք դեռ շատ գործ ունենք մեր մշակույթը ներկայացնելու հարցում։ Իսկ եթե ավելի անկեղծ, մենք դեռ ինքներս մեզ ճանաչելու կարիք ունենք։

Ի՞նչ ես կարծում, որո՞նք են մեր թերացումները կամ ՝ որտե՞ղ են մեր խնդիրները աշխարհում ավելի ակտիվ մասնակցություն ունենալու հարցում։ Չէ՞ որ հարևաններ ունենք, որոնք մեծ ախորժակով յուրացնում են մեր մշակույթը, ջանք ու կամք, ֆինանսներ չեն խնայում իրենց անունից ներկայացնելու համար։ Այդժամ մի քիչ բորբոքվում ենք, բողոքում ենք ինքներս մեզ և հիմնականում հարցը դրանով էլ ավարտվում է։

Արցախում հենց այսօր անխնա կեղծվում են բազում հայկական կոթողներ, և տասնամյակների ընթացքում, երբ այդ ամենը մեր ձեռքերում էր, շատ պատմական, գեղագիտական, մշակութային արժեքներ մնացել են ուսումնասիրությունից, չափագրումներից, գրքի վերածելու և նյութը տարբեր լեզուներով թարգմանելու կարևորագույն գործից դուրս։

Փառք ու պատիվ մեր հազվադեպ գիտնականներին, որոնք հնարավորը արել են, բայց որքա՞ն կարող է սրտացավ, իր պարտականությանը հավատարիմ մասնագետը իր խմբով աշխատել՝ չունենալով բավարար աջակցություն պետության կողմից։

Տ.Շ. Առաջին խնդիրը, որ ես տեսնում եմ, մեր մասնագետների լեզվական անջրպետն է, անգլերենի տիրապետման սահմանափակությունը, որը բավարար չէ դասախոսություններ կարդալու համար։ Մենք ունենք փայլուն երիտասարդ մասնագետներ, որոնք, սակայն, չեն համարձակվում ներկայանալ և իրենց հետազոտությունները բերել միջազգային ասպարեզ։

Նաև մեծ խնդիր է մասնակցության համար անհրաժեշտ ֆինանսավորումը։ Հայաստանում, ցավոք, շատ քիչ է այս հարցերի կարևորման գիտակցությունը։ Իմ և Լիլիթ Երնջակյանի բախտը բերել է, որ այն հաստատություններում, որտեղ աշխատում ենք, խիստ կարևորվում է դուրս հանելու անհրաժեշտությունը։

Նույն խնդիրը բոլոր բնագավառներում է, իսկ գիտնականը միայնակ չի կարող հոգալ այդ ծախսերը, անհնար է։

Մյուս հարցը, որ հրատապ պետք է կարևորվի, թեմաների առաջնայնության հարցն է, ամենակարևորի վերհանումը։ Օրինակ՝ երբ համաժողովին մասնակցելու հայտ ներկայացրեցի, պատերազմը նոր էր ավարտվել, և ես հատուկ որոշեցի խոսել Արցախի մասին։

Շատ շահեկան է ցույց տալ, որ Արցախի և Հայաստանի հյուսիսում գտնվող Լոռվա հորովելը, Շիրակ, Վայոց ձոր՝ Արցախից շատ հեռու գտնվող տարածքները ունեն նույն մշակույթը, նույն ինտոնացիոն, ռիթմական կառուցվածքը, սկզբունքային հարցեր, որոնք չեն հայտնվում այլ մշակույթներում, ինչպես լեզուն, որը ունի բարբառային տարբերություն, բայց նույն լեզուն է։ Նրանք այնքան նման են, որ որևէ մեկը չի կարող ժխտել դա և երբ փորձում են Արցախը անջատել հայ իրականությունից, նաև երաժշտական մշակույթի միջոցով տեսնում ենք նման մոտեցման անհեթեթությունը։

Ն.Դ. Լավ, 21-րդ դարում լեզվի չիմացության պատճառով չմասնակցելը աններելի է, պարտավոր ենք սովորել։ Իսկ ինչպե՞ս լուծենք ֆինանսական խնդիրը։ Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է երկկողմանի շահավետ մի համակարգ ստեղծել և նրանց, ովքեր ցանկանում են Քրիստոսի արձան կանգնեցնել տուրիզմ զարգացնելու պատրվակով, բացատրել, որ ազգի մշակույթը ամենագայթակղիչն է իր ուրույնությամբ, անկրկնելիությամբ, ուստի կարելի է այդ մարդկանց ազատելով որոշ հարկերից՝ պարտադրել ֆինանսավորել մշակութային կարևորություն ունեցող հարցերը։ Ոչ մի նոր բան չեմ ասում։

Դու ունե՞ս այդ խնդրի լուծման որևէ այլ բանալի։ Ի վերջո՝ մենք պետություն ունենք, որը պարտավոր է տեր կանգնել։ Մենք ունե՞նք պետական ծրագրեր, նպատակներ ընդհանրապես։

Ուզում եմ հասկանալ ինչո՞ւ այլ ազգեր նման խնդիր չունեն, գիտեն դեպի ուր են գնում և ինչու են գնում։ Կրկին վերցնենք կողքի հանրապետությունը, Ադրբեջանը ինքն է խնդրում իր գիտնականին, ֆինանսավորում է նրան այս կամ այն հարցը իրեն հարմար վարկածով ներկայացնելու համար, այսինքն ՝ նպատակամղված քաղաքականություն։

Մեր գիտնականը իր էներգիան պետք է վատնի բացատրելու համար, որ սրանք կարևոր հարցեր են և խնդրի աջակցություն։ Մի՞թե մեր ընդհանուր գիտակցությունը կենացներով գովերգումից այն կողմ չպետք է անցնի և երբ հերթը հասնում է կարևոր հարթակներում պատվավոր ձևով ներկայացնելուն ՝ դառնում ենք խեղճ մի ազգ, որ փող չունի, որ աղքատ երկիր է…

Տ.Շ. Այդ հարցում ես բախտավոր եմ այնքանով, որ ինչպես ասացի, փորձում եմ համագործակցել այն ինստիտուտների հետ, որտեղ աշխատում եմ։ Ստացվում է։ Մյուս կողմից պետությունը կամ ինստիտուտը չպետք է գա ու հարցնի, թե ինչի կարիք ունես։ Սա փոխադարձ պետք է լինի։ Իսկ առաջին խնդիրներից մեկը առանցքային հարցերը, կարևորը երկրորդականից տարանջատելը պետք է լինի։ Կան հարցեր, որ գտնում ենք, որ դրա ժամանակը չէ և թողնում ենք, այնինչ այդ ժամանակը մեր օգտին չի աշխատում։ Ադրբեջանցիները այս տարածաշրջանում ու նաև իրանական մշակույթին վերաբերող բազմաթիվ հարցեր իրենց են վերագրում։ Այս համաժողովում էլ նույնը եղավ։ Հետո դա գրքերում նշվում է, ամրագրվում է։

Ն.Դ. Եվ այդ կերպ պատմություն է փոխվում։ Պատկերացրեք ինչպիսի պատկեր կլինի տարիներ հետո։ Իրենց պետք է ապացուցել, մեզ ընդամենը պետք է ներկայացնել, բայց սա էլ կիսով ենք անում։

Այնուամենայնիվ, պատկերացնու՞մ ես ինչ հրաշք կլինի մի օր այս մասշտաբի համաժողով անցկացնել Հայաստանում։

Տ.Շ. Ցավոք, դա դեռ ցանկության սահմաններում է, որովհետև ես չեմ տեսնում, թե որ հաստատությունում է հնարավոր ունենալ 15 սրահ և երկու հազար ունկնդրի համար գերհագեցած տեխնիկայով մեծ երկու դահլիճ, որտեղ կարող ենք ունենալ կրկնակի էկրաններ, որտեղ առցանց հաղորդակցության ժամանակ տեսախցիկը ճկուն կաշխատի և որտեղ ոչ մի տեխնիկական խնդիր չի առաջանա։ Ես այստեղ զարմացած եմ դրանից, կես խնդիր անգամ չեղավ այս օրերի ընթացքում։ Կամավորների քանակն էր զարմանալի, նաև այն, թե որքան լավ են տիրապետում անգլերենին։

Բայց եթե այս պահին հնարավոր չէ ամբողջ համաժողովը անցկացնել Հայաստանում, որի համար դեռ պետք է ուժեղանանք, փոխարենը կարող ենք կազմակերպությանը պատկանող որևէ հետազոտական խումբ հյուրընկալել Հայաստանում։ Առաջիկայում, կարծում եմ, կարող ենք առնվազն այդքանը անել և օգտվել առիթից ու հարակից դիտարկման ժամանակ ու մեր մշակույթը լիարժեք ներկայացնել։

Ն.Դ. Տաթևիկ ջան, Դու աշխատում ես Կոմիտասի թանգարան֊ինստիտուտում թանգարանում, որտեղ բացի գիտական հետազոտություններից, բազում միջոցառումներից, համերգներից, իրականացվում են նաև կրթական հրաշալի նախագծեր՝ նորածին բալիկներից մինչև դպրոցական տարբեր տարիքի համար, պատանեկան ծրագրեր, ամառային դպրոցներ, որոնք դրական արդյունք են տալիս։ Փոքրիկների ականջը սովորում է մաքուր ու բարձրակարգ երաժշտության։ Ինքդ ի՞նչ կցանկանայիր արվածին ավելացնել։

Տ.Շ. Մեր ինստիտուտը շատ է կարևորում ունկնդրի ներգրավվածությունը ամենատարբեր նախագծերին, հանրության կապը, որ մարդիկ ոչ միայն դիտողի դերում լինեն, այլ նաև մասնակցեն այդ ամենին։

Իհարկե, ճանապարհ ունենք անցնելու, բայց շատ կուզենայի առաջիկա տարիներին մեր մշակույթի միջազգայնացված, խորքային վիճակ տեսնել։ Այսօր էլ աշխարհի ամենատարբեր կետերից դիմում են մեզ, կոմիտասյան նոտաներ են խնդրում, որոնք ոչ հայկական երգչախմբեր են կատարում։ Կուզենայի Կոմիտասի համբավը մեծանար, և նրա երաժշտությունը կատարվեր ամբողջ աշխարհում, որովհետև ով առնչվում է այս մշակույթին, չի ցանկանում բաժանվել, անպայման ուզում է ունենալ իր երգացանկում։ Միջազգային ասպարեզում կատարված աշխատանքները կուզեի ընդլայնել։

Ն.Դ. Իսկ մինչ այդ… հաճախ բարկանում ենք, որ մեր հարևանները վերցնում են մեր մեղեդիները և յուրացնում։ Այս երևույթը անուն ունի։ Բայց բավարար է մի քիչ քայլել մեր փողոցներով, լինել որոշ սրճարաններում, տարբեր խնջույքներում, հեռուստատեսության ալիքներ պտտել և տեսնել, որ ցավոք, ժողովրդի որոշ շերտի կողմից սիրված դեմքեր, որոնց անունները ես և դու չգիտենք, մեծագույն հաճույքով կատարում են հայկական մեղեդու հետ կապ չունեցող, հաճախ գոնե իմ ականջների համար սարսափազդու ինչ-որ կլկլոց, որ երգ են կոչում։ Իմ չափանիշները կոմիտասյան են։ Ցանկացած ֆոլկլոր գեղեցիկ է յուրովի, մեր լսածը ես չգիտեմ ինչ անուն ունի։

Ես դեմ չեմ որևէ ազգի կողմից մեր երգի կատարմանը, եթե նշվի ակունքը, նաև դեմ չեմ, որ մեր երաժիշտները կատարեն այլազգի երգեր, նմանապես նշելով այդ երգերի ակունքը, բայց երբեք, օրինակ` թրքական, քրդական մի ցածրորակ մուղամ չներկայացվի որպես հայկական։ Դա վիրավորում է ինձ, իմ ինքնությունը։ Ես վիրավորվում եմ Կոմիտասի համար, մեր բոլոր նվիրյալների համար։ Չէ՞ որ Կոմիտասը զտեց, մաքրեց, տարբերակեց մեր մեղեդին ու վերադարձրեց ժողովրդին։ Հետո եկան նրա ժառանգները, Հայրիկ Մուրադյանը աներևակայելի բարձրակարգ որակ փոխանցեց երգի կատարմանը, հարյուրավոր երգ֊մարգարիտներ փոխանցեց մեզ։ Բազում խմբեր կազմավորվեցին շփվելով կրողների հետ, իրենց կյանքը այս գործին նվիրած բազում երևելի մասնագետներ ունեցանք։

Որտե՞ղ է մեր սայթաքումը, թերացումը, ինչո՞ւ ազգի այդ մասը չյուրացրեց իրենը։

Տ.Շ. Այնքան բարդ է այս ամենի բացատրությունը… Իրականում չնայած, որ կա բավարար տեղեկատվություն, բայց հնարավոր է, որ մարդը չիմանա, թե ո՞րն է մերը։ Մյուս կողմից ես նկատել եմ, որ երիտասարդները, որոնց հետ հանդիպումներ ենք անում, երկխոսություններ, մեկ անգամ առնչվելով իրական մշակույթի հետ՝ նրա ջատագովն են դառնում, այլևս երբեք չեն լքում այն։ Փորձում են ավելին իմանալ, ավելին լսել։ Այդ շփումներից հետո եթե անգամ նրանք ցանկանան կրկին գնալ դեպի աղավաղվածը, միևնույնն է, արդեն գիտեն, որ մեր արժեքը սա է։

Ցավոք, մեր փոփ ոլորտում և ռաբիսի մեջ վերցնում են թրքական, քրդական և այլ ազգերից, թարգմանում են բառերը, բառացիորեն թողնելով գործիքավորումը ու դա բեմ է դուրս գալիս, մատուցվում անգամ խիստ հայտնի անունների կողմից, որոնց հետևից ժողովուրդը գնում է։ Օրինակ՝ քուրդ երգիչ կա Իբրահիմ անունով, որի երգերը թարգմանում են հայերեն ու երգում։

Ն.Դ. Հետո այդ երգիչները ժողովրդականի կոչումներ էին ստանում, խրախուսվում պետության կողմից… Ցավոք սրտի՝ հիշատակած անունների մեջ կան դեմքեր, որոնք ժամանակին մեր մաքուր երգերի կատարողներ են եղել, բայց հետո գնացել են ժողովրդի պահանջարկի, վատ ճաշակի հետևից, այնինչ ՝ հակառակը պետք է լիներ։ Այս անունները մշակութային հանցագործներ են ինձ համար։ Ի՞նչ անել այս երևույթի հետ։ Ի վերջո՝ որքա՞ն կարելի է խոսել այս մասին։

Դու երկու զավակ ունես։ Ի՞նչ երաժշտությունով ես մեծացնում իրենց, ի՞նչ ես երգել իրենց համար։

Տ.Շ. Մի հետաքրքիր ֆենոմեն եմ նկատել, որը առաջին անգամ իմ վրա զգացի։ Երբ իմ առաջնեկը նոր էր ծնվել և ես փորձում էի օրորոցային երգել, չէի կարողանում, հուզվում էի, լաց էի լինում։ Գիտակցում էի, որ գերզգայուն վիճակում եմ, հետո պարզվեց, որ իմ ընկերուհիները նույնպես դժվարանում են երգել։

Իմ փորձը ինքնըստինքյան ստացվեց, Հայրիկ Մուրադյանի երգերից եմ շատ երգել, օրինակ «Խիո խանեն» իմ աղջիկների համար քնի հետ է ասոցացվում, «Մեր տան իտևը», «Ամռան գիշերը»։ Հիմա, երբ մեծացել են ինձ հետ իրենք էլ են երգում։

Ավանդական մեր օրորների մեջ մեծ ողբերգություն կա, ուզենք թե չուզենք։ Հավանաբար այս զգացողությունն էր խանգարում։ Նաև երաժշտական ընկալման տեսակետից երեխայի համար գուցե դժվար ընկալվող է, մեր օրորները հիմնականում ծավալվող են, իմպրովիզացիոն են։ Իսկ ընդհանրապես, երբ երեխան մեծանում է մաքուրը լսելով, իր համար ընկալելի է դառնում, ուրեմն ստացվում է փոխադարձ պրոցեսը։

Ն.Դ. Ստացվում է, քանի որ երեխան ներծծում է այն, ինչ տալիս ենք իրեն։ Եթե ռաբիս լսեցնեինք, նրա ականջների համար հարազատ կդառնար այդ տեսակը։ Նույնը դասական երաժշտության վերաբերյալ է։ Ուրեմն նորից գալիս ենք ամենապարզ իմաստությանը։ Կրթության պակասն է խնդիրների աղբյուրը։

Ի՞նչ ցանկություն ունես։

Տ.Շ Կցանկանայի մի քանի տարի անց տեսնել Հայաստան, որը շատ վստահ է իր անելիքներում և որը մշակույթ կարևորող Հայաստան է։ Ուզում եմ տեսնել այն Հայաստանը, որտեղ յուրաքանչյուրը ամեն գյուղը, տեղանքը, ամեն ծառը իրենը կհամարի։ Կուզենամ, որ ամեն մարդ իր արած գործի կարևորությունը պատկերացնի։ Եթե ես մաքրում եմ փողոցը ՝ պետք է գիտակցեմ, որ դա պետք է անեմ լավագույնս, առանց դժգոհելու։ Եթե ես այս ծառը ջրում եմ, ուրեմն պետք է գիտակցեմ, որ ինձանից է կախված այդ ծառի կյանքը։ Եթե ես անցորդ եմ ու տեսնում եմ, թե ինչպես են ծառը ջրում, ես ներքուստ շնորհակալ պետք է լինեմ դրա համար։

Ն.Դ. Իսկ ես կուզենամ, որ երկարաժամկետ խաղաղ կյանքով ապրենք ու մշակույթ ըմբոշխնենք, սիրուն ու մաքուր ապրենք, առավել կրթվենք, հոգևոր ներդաշնակությունը վերագտնենք։ Այդ դեպքում, վստահաբար, մեր զրույցի թեմաներն էլ այլ կլինեն։

Նարինե ԴԵԼԼԱԼՅԱՆ

«Դելլալյան եռյակի» ջութակահար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anonymous says:

    Իսկ ի՞նչ կասեք այն երկրների մասին, որտեղ մշակույթը պետականորեն չի ֆինանսավորվում …

  2. Այո, կայացած բազում երկրներում պետությունը չէ, որ ֆինանսավորում է մշակույթը, կամ ՝ կիսով է մասնակցում, բայց պետության կողմից մշակված օրենքների շնորհիվ այդ դաշտը հրաշալի գործում է, որովհետև կա կառուցված համակարգ, որ կանոնակարգված է պետության կողմից։ Մեզ մոտ արտիստը անպաշտպան վիճակում է, չկան ազատ արտիստի գործունեությանը վերաբերվող օրենքներ, որոնք նրան թույլ տան ազատորեն շարժվել։ Ամենաչնչին միջոցառման համար նա ստիպված է դիմել պատկան մարմիններին ու այնտեղից էլ սկսվում է մեզ բոլորիս շատ ծանոթ ժամանակի անիմաստ կորուստը և շատ դեպքերում ծրագրի իրականացման անկարողությունը։ Այս բնագավառը շուտափույթ ստեղծելու, վերնայելու կարիք ունի։
    Իսկ պետությունը պարտավոր է ծրագրեր ի կատար ածել, կրթական, մշակութային, գիտական, տեր կանգնել պետությանը ուղիղ կերպով առնչվող խնդիրներին, հնարավորություն տալ զարգացման, այդ ընթացքը ապահովել։ Ժամանակակից գրադարաններ, թանգարաններ, ուսումնասիրության այլ հաստատություններով ապահովելով։
    Հոդվածում վերհանված խնդիրները, ո՞վ, եթե ոչ պետությունն է,պարտավոր տեր կանգնելու մեր պատմությանը առնչվող հարցերը, այս խնդիրների շուրջ ծրագրեր կազմելու, աշխարհին ներկայացնելու հարցում…
    Նման բազում բացեր կան, որոնք պետության գործառության սահմաններում են, այլ խոսքերով ասած ՝ պետական մշակութային քաղաքականություն ունենալու անհրաժեշտության մեջ է։ Շնորհակալ եմ հարցի համար։

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031