Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստ ենք բաց քննարկումների»․ Գնել Սանոսյանը՝ բեռնատար ավտոմեքենաների կշռման մասին (ֆոտոշարք, տեսանյութ)

Օգոստոս 24,2022 00:03

Մոտ մեկ ամիս է, ինչ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի որոշումը՝ տրանսպորտային միջոցների թույլատրելի առավելագույն զանգվածի կամ մեկ սռնու վրա ընկնող բեռնվածքի, նաեւ մեծ եզրաչափերի առավելագույն չափերի փոփոխության մասին, դժգոհություններ է առաջացրել վարորդների մոտ։ Բեռնատար ավտոմեքենաների վարորդները բողոքի ցույցեր էին կազմակերպել Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի  Սիսիանի հատվածում,  որտեղ անշարժ կշեռք է տեղադրվել։

Վարորդների հետ նախ՝ օգոստոսի 16-ին հանդիպել էր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ խոստանալով  հարցը քննարկել պատկան մարմինների հետ։ Սակայն անհամբեր վարորդները օգոստոսի 20-ին հերթական բողոքի ցույցը կազմակերպեցին․ այս անգամ նրանց հանդիպեց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Մեկ գիշեր Սիսիանում  անցկացնելուց հետո, մարզպետին հաջողվել էր վարորդների հետ պայմանավորվել, որից հետո Մեղրի-Երեւան միջպետական ճանապարհի Սիսիանի հատվածով մեքենաները  անարգել անցնում էին։

Օգոստոսի 23-ին Գնել Սանոսյանը Սիսիանում  մասնակցում էր Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ֆինանսավորմամբ  քարի արտադրամասի վերաբացման արարողությանը։

Փորձեցինք նախարարից պարզել, արդյո՞ք կատարել է վարորդներին տված խոստումը։ «Մեկ վարորդի հեռախոսահամար ունեի՝ զանգահարեցի, հանդիպեցինք։ Քննարկմանը մասնակցում էին 7-8 պաշտոնյա՝ ես, իմ երկու տեղակալները, վարչության պետեր, տեսչական մարմնի ղեկավարը։ Ներկայացրեցինք օրենքը, որը նոր չէ՝ 2019 թվականից է գործում, ուղղակի շարժական կշեռքներին փոխարինվել են անշարժ կշեռքներով։ Վարորդները ներկայացրին իրենց տեսակետը»,-լրագրողների հետ զրույցում նշեց նախարարը։

Գնել Սանոսյանի խոսքով, առավելագույն քաշ, երբ ասում են՝ պարտադիր չէ այդքանն էլ բարձեն։ «Վարորդներն էլ են շատ լավ գիտեն, որ իրենք 26-ի փոխարեն 52 կամ 49 տոննա բեռ են բարձում, ինչը վնաս է հասցնում ճանապարհներին»,-ասաց նախարարը։

Վերջինիս հավաստմամբ՝ օրենքի կարգավորումներում առկա են որոշակի խնդիրներ, որոնք չենք դիտարկել, բայց նախատեսում են գործընկերների հետ աշխատանքի արդյունքում՝ օրենքը լավացնել։

«Իսկ հիմա այս փոփոխությունը առաջին հերթին արվել է վարորդների անվտանգությունն ապահովելու համար՝  մեր բարդ ռելիեֆային ճանապարհներին։ Հետո դիտարկում ենք մեր նոր կառուցվող, նոր ասֆալտապատվող  ճանապարհներին հասցվող վնասը»,-ասում է Գնել Սանոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031