Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը պետք է հեռանա, բայց այլեւս ոչ իր կամքով»․ Փաշինյանի հետ Էդգար Ղազարյանի հանդիպումը չկայացավ

Օգոստոս 23,2022 20:35

ՀՀ անկախության հռչակագրի օրվա խորհրդով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր նախաձեռնել է «Անկախության շարժումը» եւ քաղաքացիներին հրավիրել հրապարակ՝ հանրային պահանջով Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրանալու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով։

Ղազարյանը կառավարության մուտքի մոտ ոստիկաններին խնդրեց փոխանցել, որ ինքն ավելի վաղ վարչապետի աշխատակազմից հանդիպում էր խնդրել՝ Փաշինյանի հրաժարականի հարցը քննարկելու համար։ Իրեն չեն պատասխանել, մերժում կամ հաստատում չկա։

Րոպեներ անց ոստիկանության ներկայացուցիչը փոխանցեց՝ աշխատանքային ժամ չի, վարչապետի աշխատակազմը չի աշխատում․ «Մենք ձեր պատասխանը փոխանցեցինք անվտանգության մարմնին, մեզ ասացին, որ աշխատակազմից պատասխանատու մարդ չկա»։ Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց՝ վարչապետը տեղո՞ւմ է։ Ոստիկանը պատասխանեց, որ իրավասու չեն հարցին պատասխանել։

Էդգար Ղազարյանը շեշտեց՝ ինքը սովորական հանդիպում չի պահանջում, այլ հանրային պահանջ է ներկայացնում, ուստի ոստիկանապետը կարող է անձամբ կապ հաստատել Նիկոլ Փաշինյանի  հետ․ «Մենք գիտենք ժամը քանիսն է, բայց վարչապետը քաղաքական պաշտոն է։ Պետք է պարզել՝ վերադառնալո՞ւ է, տեղյա՞կ է»։ Էդգար Ղազարյանը պահանջում է Փաշինյանի հետ հանդիպել ԶԼՄ-ների ներկայությամբ՝ այնպես, ինչպես 2018թ․-ին Փաշինյանն էր հանդիպել Արմեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի հետ։

Ավելի ուշ Էդգար Ղազարյանը լրագրողներին տեղեկացրեց․ «Տեղեկություններ ստացա, որ հանդիպումը չի կայանալու։ Ակնհայտ է, որ նա տեղյակ էր, բայց հասկացա, որ հանդիպում չի կայանա։ Իմ տպավորությամբ՝ նա վախենում է այս հանդիպումից»։ Ղազարյանը հավելեց, որ երկրորդ հանդիպման փորձ չի անելու։ Հարթակից Էդգար Ղազարյանը հայտարարեց, որ Փաշինյանի հետ հանդիպումը չի կայացել․ «Ամոթ։ Ես չէի եկել անձնական հարցեր քննարկելու։ Դու շատ լավ գիտես, թե երկիրն ու ժողովրդին ինչ վիճակի ես հասցրել եւ պահը կորցրիր՝ լսելու հիմնավորումները, թե ինչու պետք է հրաժարական տաս: Աշխատանքային օրով եւ աշխատանքային պահին նա Սեւանի իր ամառանոցում է։ Նրան հեռացնելը նրա կարծիքի հետ այլեւս կապ չունի։ Նա պետք է հեռանա, բայց այլեւս ոչ իր կամքով։ Այդ երկու հնարավոր որոշումներից մեկը պետք է կայացնի ՀՀ գլխավոր դատախազը։ Փաշինյանը վտանգավոր հանցագործություններ է իրականացրել, այդ թվում՝ պատերազմի ժամանակ  ռազմական պլանի հրապարակում  եւ փոխանցում, Արցախի ՊԲ շտաբում կողմնակի անձանց ներկայություն, թշնամուն տեղեկությունների փոխանցում։ Սա դեռ մի մասն է, որոշում պետք է կայացնի գլխավոր դատախազը»։

Ղազարյանը շեշտեց, որ նման որոշում կարող է կայացնել միայն գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը եւ միայն օգոստոսի վերջ, որովհետեւ այդ ժամանակ իր լիազորությունները կավարտվեն, եւ նոր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որը Փաշինյանի օգնականն է, նրան ձերբակալելու որոշում չի կայացնի․ «Սպասելու ենք այդ որոշմանը։ Դրանից պարզ կլինի՝ նա գլխավոր դատախա՞զ է, թե սովորական հանցագործ։ Երկրորդ դեպքում ՔՊ պատգամավորները կարող են սկսել վարչապետի թեկնածու առաջադրելու գործընթաց։ Նրանք պարտավոր են առաջնորդվել հասարակության պահանջով։ Ընդդիմության եւ իշխանության բոլոր պատգամավորներից ակնկալում եմ արագ եւ օբյեկտիվ որոշում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031