Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ո՞վ էր ասում, Ռուբինյա՞նը… Ռուբինյանը գլուխը կախ հիմա գնում է Քըլըչի հետ հանդիպման ու Քըլըչն ինչ ասում է, ինքն էլ կատարում է». Սեյրան Օհանյան

Օգոստոս 23,2022 19:55

Այսօր լրագրողները «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին հարցրեցին՝ եթե ընդդիմությունը տեղյակ էր, որ նոյեմբերի 9-ի փաստաթղթով Բերձորն ու Աղավնոն պետք է հանձնեին, ուղղակի ժամկետից շուտ է հիմա հանձնվում, բա ընդդիմությունն ինչի՞ համար է պայքարում, եթե դա էլ հանձնվեց ու չկարողացան կանխել: Նա պատասխանեց, որ նոյեմբերի 9-ը կնիքն է այսօրվա իշխանությունների գործունեության. «Իրենք այդ կնիքով ամրագրել են այն բոլոր պարտությունները, կապիտուլյացիան, որը տեղի է ունեցել:

Փաստաթղթում նշված է, որ  համապատասխան ժամանակահատվածում պետք է աշխատեն նոր կառուցվող նախագծի վրա, որից հետո արդեն կերեւա ճանապարհը, երբ կկառուցվի: Ադրբեջանն այդ ճանապարհը կառուցել է ժամանակից շուտ: Նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթով ասվում է, որ պետք է միջանցք լինի 5 կմ լայնությամբ Արցախի հանրապետության եւ ՀՀ-ի միջեւ: Երբ խոսում ենք Աղավնոյի, Բերձորի՝ ժամանակից շուտ հանձնելու մասին, այդ հարցը պետք է տաք այսօրվա իշխանություններին՝ ինչու են ժամանակից շուտ կառուցվել, ինչու են խախտվել փաստաթղթի պահանջները, ինչու են տեղի ունենում բանավոր պայմանավորվածություններ: Կողքից այս իրավիճակային դրության մեջ գնահատական տալով՝ ես եզրակացնում եմ՝ ՀՀ-ի, ՌԴ-ի, Արցախի՝ մի կողմից, Արցախի հանրապետություն, ՊԲ, ՌԴ խաղաղապահ ուժեր մյուս կողմից, միգուցե նաեւ ստվերային ՀՀ-Ադրբեջան հարաբերություններում լուրջ բացթողումներ կան»:

Նա ասաց, որ Դիմադրության շարժման հիմնական նպատակն էր Հայաստանի թուրքացման դեմ պայքարելը. «Շարժման նպատակներից մեկն էր թույլ չտալ այլ փաստաթղթեր ստորագրել, բայց ՀՀ իշխանությունները բանավոր կերպով են այդ ամենը պայմանավորվում Արցախի իշխանությունների հետ ու այստեղ ընդդիմությունը, բացի շարժման գործողություններից, բացի տեղում այդ ամեն ինչը դիտարկելուց, որեւիցե այլ գործիքակազմ չունի: Ընդդիմությունը չի կարող այսօր ջոկատներ կազմել, զինվել, դա պետական գործընթաց է ու պետք չի այսօր ամեն ինչ վերագրել ընդդիմությանը»:

Մեր հարցին՝ Սուրեն Պետրոսյանը, որը գնացել էր Աղավնո ու ուզում էր ֆիզիկապես պաշտպանել Աղավնոն, ասում էր, որ իշխանության հետ ընդդիմությունն էլ համակարգված հանձնում է Արցախը, որովհետեւ ընդդիմադիր պատգամավորները գնացել են այնտեղ, որ իրեն համոզեն՝ ոչ մի բան չի ստացվի, որ լքեն Արցախը՝ ինչո՞վ է դա պայմանավորված՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Գիտակից անձնավորությունները ուզում եմ հասկանան, որ պետության ղեկին այսօրվա իշխանություններն են: Նրանք են ընդունում որոշումներ եւ իրենց որոշումները մինչեւ վերջ իրականացնում: «Հայաստան» դաշինքի եւ առանձին պատգամավորներ, որոնք եղել են այնտեղ, գնացել են Աղավնոյի համայնքապետին աջակցելու, իրադրությունը տեղում ուսումնասիրելու, համապատասխան գնահատական տալու, բայց այդ գործողություններն իրականացնում են այսօրվա իշխանությունները: Օրինակ, 44-օրյա պատերազմում, ասում են այս գեներալն այսինչ արեց, այն գեներալն այնինչ արեց, բայց խելացի անձնավորությունը հասկանում է չէ՞, որ ով պետական, քաղաքական, կառավարչական, ռազմական պաշտոնի չէ, նա որեւէ լծակ չունի՝ իրավիճակի վրա ազդելու համար: Ընդդիմությունը փորձել է իրադրության համահունչ անվտանգության, արտաքին հարաբերություների հետ հարցերի մասին բարձրաձայնել»:

Նա ասաց, որ իրենց նախաձեռնությունները մերժվում են ու առաջարկեց, որ այս նույն հարցերը, որոնք իրեն ենք տալիս, տանք իշխանականներին. «Թող իրենք բացատրություններ տան: Որ տեսնեք՝ կտաք, չեք տեսնում իրենց: Պատասխանատուն իրենք են, թող գնան Արցախում, Աղավնոյում բացատրեն: Բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ Արցախը Հայաստան է եւ վերջ, տեսե՞լ եք այսօրվա իշխանություններին երբեւիցե Արցախում: Ընդդիմությունը նախաձեռնել է, երկու անգամ նամակ ենք գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ: Ինչո՞ւ չեն անցկացնում, ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»:

Սեյրան Օհանյանը մեջբերեց իշխանականների խոսքերը, թե երբեւիցե տեսե՞լ եք, որ Արցախին այսքան օգնություն տրամադրվի ու պատասխանեց. «Բայց երբեւիցե եղե՞լ է, որ Արցախի ժողովրդին այս վիճակի գցեք: Ստիպված եք: Բայց սոցիալական օգնությունից բացի, պետք է անվտանգության երաշխիքներ ձեւավորեք, որը չեք ձեւավորում: Ես տեսնում եմ, որ իրենք ձեռքերը լվացել են Արցախից»:

Մեր հարցին՝ հասկանալի է, որ ընդդիմությունը չունի այն լծակները, ինչ ունի իշխանությունը, բայց ստացվում է, որ ձեր մանդատը ոչ մի բանի չի՞ ծառայում, դուք հեռանում եք խորհրդարանից ու հետո, ինչպես Ռուբինյանն է ասում, գլուխներդ կախ վերադառնալու եք խորհրդարա՞ն՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ո՞վ էր ասում, Ռուբինյա՞նը: Ռուբինյանը գլուխը կախ հիմա գնում է Քըլըչի հետ հանդիպման ու Քըլըչն ինչ ասում է, ինքն էլ կատարում է: Ազգային ժողովում լինելու ժամանակ մենք գլուխներս կախ չենք եղել: ԱԺ- ունի իր ընթացակարգերը: Տեսեք այն միջոցառումները ընդդիմության ներկայությամբ, որը երկար քննարկումների, սուր հարցադրումների, նույնիսկ էմոցիաների ներկայությամբ քննարկումներ են տեղի ունենում, որ իրենք կուրորեն չընդունեն ցանկացած որոշում: Եվ տեսեք, թե առանց մեզ որքան կարճ են տեւում հայտարարությունների ժամը, կառավարության հարցուպատասխանը, այսինքն, ձեւական երեւույթ է այսօրվա ԱԺ քաղաքական մեծամասնությունը այսօրվա կառավարության ձեռքին»:

Ինչ վերաբերում է խորհրդարան վերադառնալուն, Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենց մանդատ են տվել՝ այս իշխանություններին հեռացնելու համար ու որքան հնարավորություն եղել է, կարողացել են պայքարել, Դիմադրության շարժման ժամանակահատվածում բարձրացրել են հայ ժողովրդի ոգին ծնկած վիճակից: Այս ամենը հաշվի առնելով՝ ԱԺ վերադառնալու են իրենց օրակարգով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031