«Խնդրել էի այսօր այս հարթակից ելույթ ունենա լեգենդար մարդ՝ բացառիկ անհատ, լեզվաբան, արեւելագետ, իրանագետ, պրոֆեսոր, ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, Արցախի պաշտպանության բանակի գնդապետ Գուրգեն Մելիքյանը։ Նա ընտանիքով այստեղ է, բայց ելույթ չի ունենալու, որովհետեւ այլեւս չի կարողանում սովորական մարդու պես խոսել։ Նա միայն լացում է, սիրտը մղկտում է, որովհետեւ այս տարիների ընթացքում նրա ափերի մեջ են շենացել Արցախը, Բերձորը»,-Հանրապետության հրապարակում այսօր «Անկախության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակագրի օրվա խորհրդով նա նախաձեռնել է «Անկախության շարժումը» եւ քաղաքացիներին հրավիրել հրապարակ՝ հանրային պահանջով Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրանալու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով։
«Ինչպե՞ս խոսի Բերձորի եկեղեցու հիմնարկեքի քարը դրած մարդը՝ երկու օր առաջ այդ եկեղեցուն հրաժեշտ տալուց հետո։ Բերձորում ԵՊՀ հարյուրամյակի պուրակ հիմնած մարդը երկու օր առաջ է եկել Բերձորից։ Նա չի կարողանում խոսել մեկ դավաճանի պատճառով։ Դա Նիկոլ Փաշինյանն է, որին եւս հրավիրել էի այստեղ ելույթ ունենալու։ Չէի կանչել՝ իր ճղճղան ձայնով խոսելու համար, այլ որպեսզի կարդար 2018թ․-ի օգոստոսի 17-ի իր ելույթը»,-հավելեց Էդգար Ղազարյանը եւ կարդաց Փաշինյանի ելույթը, որում ասված որեւէ խոստում, այդ թվում Արցախի վերաբերյալ, իրականություն չի դարձել։
Ղազարյանը Փաշինյանին նորից հրավիրեց հրապարակ՝ խոսելու իշխանության բարձրագույն մարմին համարվող ժողովրդի հետ․ «Բա դու այս հրապարակից չես վախենո՞ւմ։ Այս հրապարակը վախենալու բան է՝ իրեն խաբողի, դավաճանողի, խաբեությամբ իշխանության զավթողի համար»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ