Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պահեստների դռները զմռսված չեն եղել». Անդրանիկ Քոչարյան

Օգոստոս 23,2022 19:10

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրներ

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն օգոստոսի 23-ին կազմակերպել է աշխատանքային քննարկում՝ ««Սուրմալուի» դեպքերի լույսի ներքո տեխնիկական եւ հրդեհային անվտանգության ոլորտում առկա իրավակազմակերպչական խնդիրները» թեմայով:

Օգոստոսի 14-ին Երեւանի «Սուրմալու» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի հետեւանքով 16 մարդ է մահացել: Որոնվում է մեկ անհետ կորած քաղաքացի: Շուրջ վեց տասնյակ քաղաքացի ստացել է տարբեր աստիճանի այրվածք եւ վնասվածք: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասերով:

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է ողբերգական դեպքի համակողմանի բացահայտումը, ինչպես նաեւ առաջարկել է սահմանել, թե ինչպիսի իրավակարգավորումներ են անհրաժեշտ տեխնիկական եւ հրդեհային անվտանգության համակարգը ժամանակակից չափանիշներին համապատասխանեցնելու համար:  «Ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պահեստների դռները զմռսված չեն եղել»,- բարձրաձայնել է Անդրանիկ Քոչարյանը:

Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շահբազյանը մանրամասն ներկայացրել է տեսչական մարմնի վերջին երկու տարվա գործունեության արդյունքները, տեղեկացրել, թե մինչեւ ողբերգական դեպքը քանի անգամ են ստուգումներ եւ վերստուգումներ իրականացրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնում: Ըստ նրա՝ գործող օրենսդրության համաձայն՝ տեսչական մարմինը տարեկան մեկ անգամ իրավունք ունի ստուգում կատարել տվյալ կազմակերպությունում, իսկ խախտման համար սահմանված է ընդամենը 50.000 դրամ տուգանք, որը փաստացի չնչին գումար է: Խոսելով ոլորտում առկա բացթողումներից՝ նա ընդգծել է կադրային խնդիրը: Գեղամ Շահբազյանի հավաստմամբ՝ բազմաթիվ են այն հաստատությունները, որտեղ չեն պահպանվում տեխնիկական եւ հրդեհային անվտանգության կանոններն ու պահանջները:

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, ծանոթ լինելով ոլորտի խնդիրներին, բերել է բազմաթիվ օրինակներ՝ նշելով, որ նմանօրինակ վատթար վիճակ է տիրում նաեւ «Ոսկու շուկայում», որտեղ չեն պահպանվել ու մինչեւ օրս չեն պահպանվում տեխնիկական եւ հրդեհային անվտանգության պահանջները: Ըստ պատգամավորի՝ պետք է կամք դրսեւորել եւ քայլ առ քայլ լուծել խնդիրները:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը շեշտադրել է ոլորտում պետական վերահսկողության խստացման անհրաժեշտությունը:

Հանձնաժողովի անդամ, պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Գուրգեն Մելքոնյանը նույնպես կարեւորել է ոլորտի խնդիրների օրենսդրական ճանապարհով լուծումը:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, բարձրաձայնելով մի շարք խնդիրներ, տեսչական մարմնի ղեկավարին առաջարկել է մշակել պայթուցիկների վաճառքի նվազեցման վերաբերյալ նախագիծ:

Բացի իրավական խնդիրներից, կան նաեւ տեխնիկական բազմաթիվ խնդիրներ, որոնք շտկման կարիք ունեն: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարեւորել է նմանատիպ խնդիրների լուծման հարցում ուժային կառույցների եւ տեսչական մարմինների ներդաշնակ աշխատանքը:

Ամփոփելով աշխատանքային քննարկումը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշել է, որ օրվա քննարկման մասին նամակով կտեղեկացնի ՀՀ վարչապետին՝ առաջարկելով օրենսդիր եւ գործադիր մարմինների համատեղ ջանքերով օրենսդրական հնարավոր լուծումներ գտնել բնագավառում առկա խնդիրների վերաբերյալ:

Նշենք, որ ոլորտում առկա խնդիրների մասին իրավակարգավորումների փաթեթ է ներկայացրել հանձնաժողովի փորձագետ Արտակ Հարությունյանը:

ՀՀ Ազգային ժողով

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031