«Տղաս իմ միակ զավակն էր՝ 19 տարեկան։ Տղաս ու իր մարտկոցի քսան զինվորները զոհվել են Փաշինյանի եւ իր խունտայի հրահրած պատերազմում՝ հրամկազմի միտումնավոր քաոսի, համատարած դավաճանական հրամանների արդյունքում։ Երկու տարի է անցել, իշխանության որեւէ մարդ մինչեւ օրս չի պատժվել»,-Հանրապետության հրապարակում այսօր «Անկախության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց 2020թ․-ի պատերազմում զոհված հրետանավոր Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակագրի օրվա խորհրդով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նախաձեռնել է «Անկախության շարժումը» եւ քաղաքացիներին հրավիրել հրապարակ՝ հանրային պահանջով Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրանալու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով։
Նաիրա Մելիքյանը նշեց․ «14 ամիս մղձավանջի մեջ էինք, երբ մեր երեխաների մասունքները հանձնեցին մեզ։ Երեխայիցս մեկ ոսկոր եմ ստացել, մինչեւ օրս չգիտեմ, թե ուր է նրա մարմինը։ Մինչեւ օրս ունենք գերիներ ու անհետ կորածներ, մինչդեռ իշխանությունը ցինիզմով եւ մատների արանքով է նայում այս ամենին։
Ապրողների համար մենք պարտավոր ենք պայքարել, որպեսզի ունենանք հայրենիք։ Ես ամեն օր դժոխքի միջով եմ անցնում եւ չեմ ուզում, որ նույնը կրկնվի մյուսների հետ։ Բայց այս թուրքական իշխանությունն ամեն օր հանձնում է մեր հայրենիքի մի մասը։ Ինչպես Աննա Հակոբյանն էր ասում, ստացվում է, որ մեր երեխաները զոհվել են «հանուն ոչնչի»․․․որեւէ խելամիտ հայի համար վեր է կասկածից, որ սա թուրքական ծրագիր է, բայց ինձ սարսափեցնում է այս համատարած անտարբերությունը»։
Կարդացեք նաև
Հերոսի մայրն անհիմն որակեց պնդումները, թե մեր փոխարեն ուժային կենտրոններն արդեն ամեն ինչ որոշել են․ «Եթե ձեր մայրն օգնության կարիք ունենա, այդ ժամանակ էլ ենք ասելո՞ւ, որ մեզանից ոչինչ կախված չէ։ Ուստի ինչո՞ւ չեք օգնում մեր հայրենիքին։ Վերջապես պե՞տք է ապացուցենք, որ ազգ ենք, ոչ թե խառնամբոխ։ Աղավնոյում մարդիկ այրում էին իրենց տները, տեղափոխում հարազատների մասունքները։ Հաջորդը կարող ենք մենք լինել։ Ո՞ւր ենք վերաթաղելու մեր հարազատներին, եթե այլեւս հայրենիք չմնա։ 2018թ․-ից ի վեր ՀՀ-ում կատարվողը մարդասպան ուժային կենտրոնների պլանավորածն է, բայց կա մի բան, որը նրանք չեն կարող պլանավորել։ Դա ժողովրդի զարթոնքի ալիքն է։ Բերձորից հետո հաջորդը Սյունիքն է։ Սյունիքը չլինի՝ ՀՀ-ն գոյություն չի ունենա եւ ՀՀ-ն կդառնա Թուրքիայի եւ Ադրբեջանի տրանզիտային տարածքը։ Եկեք ապացուցենք, որ մենք ազգ ենք եւ մենք ենք մեր երկրի տերը։ Եկեք վերջին ճիգը գործադրենք ու քշենք այս թուրքական խունտային»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ