Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփյուռքը դա մեր գազն է, մեր նավթն է, եթե նրանք իրենց մարդ են զգում իրենց նավթով ու գազով, որը սահմանափակ է, ապա մերը անսպառ է». Հրանուշ Հակոբյան

Օգոստոս 23,2022 18:22

«Ես 30 տարվա մեջ առնվազն 20-25 անգամ եղել եմ այս օրը Մելիք Ադամյան 1-ում, երբ Գալուստ Սահակյանն ու Պարույր Հայրիկյանը նախաձեռնում էին, որ մենք այս օրը նշեինք՝ որպես մեր պետության հիմնադրման կարեւոր փաստաթղթի օր: Իսկ այսօր ես եկել եմ շատ մտահոգ, տխուր, որովհետեւ այսօր թշնամին մեր սահմանից ներս է մտել: Ես այսօր տեսնում եմ մեր հայրենակիցների վառվող տները, թուրք-ադրբեջանական ավելի հզորացումն ու Հայաստանի թուլացումը: Դրա համար հայ ժողովուրդը՝ սփյուռքը, Արցախը պետք է միավորվեն, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը:

Նա նշեց, որ սփյուռքի նախարարության փակվելուց հետո գրեթե չի հետեւում սփյուռքի հետ կապված աշխատանքներին. «Ես ինձ համար գիրք եմ գրում, նախարարության տասնամյակն եմ գրում, բոլոր հանդիպումները, որոնք համայնքներում ունեցել եմ, դրանք եմ ի մի բերում: Ես փորձում եմ եղած կառուցակարգերը, կապերը, հարաբերությունները, որոնք ստեղծվել են սփյուռք-հայրենիք համագործակցության արդյունքում թղթին հանձնել, որովհետեւ դրանք մեզ պետք են գալու: Սփյուռքը դա մեր գազն է, մեր նավթն է, եթե նրանք ուրախանում են կամ իրենց մարդ են զգում իրենց նավթով ու գազով, որը սահմանափակ է, ապա մեր ազգը, որ 10 մլն-անոց մտավորական մարդկանց գումար է, մերը անսպառ է՝ հայի միտքը, հայի խելքը»:

Ըստ Հրանուշ Հակոբյանի, եթե Ալիեւը ճիշտ է ու մենք 5 մլրդ-ի զենք ենք թողել, ուրեմն մենք պետք է 5 մլրդ-ի զենք գնենք, որ բանակն ուշքի բերենք, պաշտպանված սահմաններ ունենք. «Ամբողջ հայ ժողովուրդը պիտի աշխատի բանակի համար, բանակի գեներալների համար, սպայական կազմի, զինվորների համար…30 տարի Ադրբեջանը սարսափել է մեր բանակից, պետք է հասնենք նրան, որ նորից սարսափի»:

Հարցին՝ համեմատական կարո՞ղ եք տանել Գերագույն խորհրդի եւ այսօրվա խորհրդարանի կազմի միջեւ՝ Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «6 անգամ լինելով պառլամենտի անդամ 22 տարի շարունակ, կարծում եմ, որ ամենահզոր, ամենաուժեղ, ամենաինտելեկտուալ պառլամենտը եղել է Գերագույն խորհուրդը՝ 90-95թթ-ին: Որովհետեւ այդտեղ եկել էին մարդիկ՝ հիմնականում կոմունիստներն ու ՀՀՇ-ն, որոնց նպատակը ազգային պետության կառուցումն էր: Հավատացեք, որ գրեթե չեմ նայում այսօրվա պառլամենտի գործունեությունը, հիմնականում կարդում եմ այն օրենքները, որովհետեւ պարտավոր եմ կարդալ, որ դասավանդման ժամանակ օգտագործեմ, բայց չեմ լսում: Աշխատում եմ քաղաքական դիսկուրսից հեռու մնալ, որովհետեւ շատ ծանր եմ տարել շատ բաներ, առողջական խնդիրներ եմ ունեցել։ Դրա համար փորձում եմ կենտրոնանալ ավելի շատ գիտական, ստեղծագործական աշխատանքի վրա:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031