«Մենք այստեղ ենք՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքին։ Մնացածի պատասխանները կտան կյանքն ու ժամանակը։ Մենք հայտարարել ենք, որ ցանկացած օր, ցանկացած մարդ եթե արդար պայքար սկսի այս իշխանության դեմ, ապա մենք ամեն կերպ աջակցելու ենք»,-Հանրապետության հրապարակում այսօր «Անկախության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, «Դիմադրության շարժման» առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։ Նա նշեց, որ «Հայաստան» դաշինքի տարբեր ներկայացուցիչներ մասնակցում են հանրահավաքին։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակագրի օրվա խորհրդով Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը նախաձեռնել է «Անկախության շարժումը» եւ քաղաքացիներին հրավիրել հրապարակ՝ հանրային պահանջով Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրանալու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով։
Հարցին՝ ինչո՞ւ այս ընթացքում «Դիմադրության շարժումը» չի արձագանքել Բերձորի հանձնմանը, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց․ «Երբ ընդդիմությունը հանրահավաքներին մանրամասն խոսում էր այդ մասին, շատերը հարցի վտանգը, խորությունը եւ սպառնալիքը չէին գիտակցում։ Չի եղել հարց, որի վերաբերյալ ընդդիմությունը դիրքորոշում հայտնած չլինի կամ գործողություններ արած չլինի։ Նոյեմբերի իննից հետո ամեն օր ասել ենք, որ քանի այս մարդը մնացել է իշխանության, կորուստներ ենք ունենալու։ Քանի նա մնում է, հաջորդ նման խոսակցությունը կվերաբերի Տիգրանաշենին, Տավուշի գյուղերին»։
Սաղաթելյանի խոսքով՝ օրվա գլխավոր խնդիրն Արցախի հայաթափումն է, եւ ընդդիմությունը դեռեւս մեկ տարի առաջ էր այդ մասին խոսում։ Աշնանը սպասվող իրադարձություններին անդրադառնալով՝ Սաղաթելյանը հիշեցրեց, որ սեպտեմբերի երկուսին Արցախում, ՀՀ-ում եւ Սփյուռքում կլինեն հանրահավաքներ՝ Արցախի անկախության օրվա առթիվ։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ