Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՎԾ-ն մանկավարժական համալսարանում խախտումներ է հայտնաբերել. ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են դատախազություն

Օգոստոս 23,2022 17:57

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանի կողմից տրված հանձնարարագրի հիման վրա ՊՎԾ Սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության կողմից «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամում իրականացվել է ուսումնասիրություն: Ուսումնասիրվել են Հիմնադրամի կողմից իրականացված գնման գործընթացները, հաշվարկված և աշխատակիցներին վճարված աշխատավարձը, Հիմնադրամին և Հայաստանի Հանրապետությանը պատկանող, սեփականություն հանդիսացող գույքերի կառավարման օրինականությունն և արդյունավետությունը, ինչպես նաև ուսուցման գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցերը:

Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում փաստական տվյալներ են ստացվել՝ Հիմնադրամի 25 աշխատակիցների՝ ՀՀ-ից բացակայելու պայմաններում աշխատավարձ ստանալու, 12 ուսանողների՝ ՀՀ-ից բացակայելու և փաստացի դասընթացներին չմասնակցելու պայմաններում տրված ավարտական դիպլոմների, Հիմնադրամի տրանսպորտային միջոցի վառելիքի ամսական ծախսի մասին հաշվետվություններում ներառված՝ իրականությանը չհամապատասխանող տվյալների, Հիմնադրամի հաշվեկշռից դուրս գրված և ուղղակի վաճառքի եղանակով օտարված տրանսպորտային միջոցի և Հիմնադրամի նախկին ռեկտորի՝ առանց Հոգաբարձուների խորհրդի որոշման իրեն հատկացված լրավճարների վերաբերյալ:

Ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ իրավական գնահատական տալու և հետագա ընթացքն ապահովելու համար, որից հետո Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի, 441-րդ հոդվածի 1-ին մասի և 445-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Պետական վերահսկողական ծառայությունը հետևողականորեն իրականացնում է իրեն վերապահված լիազորությունները՝ բացահայտելու և բացառելու պետական միջոցների անարդյունավետ կառավարումը, ինչպես նաև ՀՀ օրենսդրության հնարավոր խախտումները՝ ապահովելով ՀՀ վարչապետի վերահսկողական լիազորությունների իրականացումը։

Պետական վերահսկողական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031