«Սա տեւելու է մինչեւ ժամը տասը։ Ասել եմ, որ մարդկանց ամեն օր գործողությունների բերելու նպատակ չունենք։ Մեր գործողությունները կազմել ենք այնպես, որ հանրահավաքի մասնակիցներին նվազագույն անհանգստություն պատճառենք»,-Հանրապետության հրապարակում այսօր «Անկախության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության հռչակագրի օրվա խորհրդով նա նախաձեռնել է «Անկախության շարժումը» եւ քաղաքացիներին հրավիրել հրապարակ՝ հանրային պահանջով Նիկոլ Փաշինյանի մոտ բարձրանալու եւ նրա հրաժարականը պահանջելու նպատակով։
«Որեւէ գործողություն չենք անելու, խոսքով եւ մտքով ենք առաջնորդվելու։ Երթ չի լինելու։ Բոլոր իրադարձությունները ծավալվելու են այստեղ»,-հայտարարեց նա։
Լրագրողները նկատեցին՝ տեղեկություններ կան, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքում չէ։
Կարդացեք նաև
«Դրա ցուցիչը ոստիկանների բաշխվածությունն է։ Եթե ինքը հիմա այս շենքում լիներ, բոլոր ոստիկաններն այստեղ էին լցված լինելու։ Քանի որ շենքի դիմաց քիչ են ոստիկանները, դա նշանակում է, որ ինքը տեղում չի։ Ի դեպ, ինքը ՀՀ պատմության մեջ միակ վարչապետն է, որի գործն ավարտվում է ժամը վեցին։ Անգամ մարզպետներն ու նախարարներն են մի քիչ երկար աշխատում։ Իմ տպավորությամբ՝ Փաշինյանը հիմա կառավարության շենքում չէ, բայց դա չի նշանակում, որ չի կարող գալ։ Ուր էլ գնացած լինի, կարող է կարճ ժամանակ հետո գալ։ Հասարակության գումարներով նրա համար երկու միլիոն դոլարի զրահապատ մեքենաներ են աշխատում։ Լեգիտիմ ակնկալիք ունենք, որ կարող է նստել ու գալ։ Իսկ եթե շատ հեռու է, ունի ուղղաթիռ, որն, ինչպես ինքն էր ասում, չքշելու դեպքում փչանում է։ Կարող է ուղղաթիռով գալ։ Ինքը պետք է գա այս հանդիպմանը»։
Այսօր հանդիպել էին առաջին գումարման գերագույն խորհրդի պատգամավորները։ Հարցին՝ նրանք շարունակելո՞ւ են մասնակցել «Անկախության շարժմանը», Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Թեեւ գաղափարական իմաստով կապն ակնհայտ է, բայց կուզեի իրարից առանձնացնել։ Գերագույն խորհրդի այսօրվա նիստը շատ խորհրդանշական էր եւ այն պետք է մնա իր ապաքաղաքական խորհրդի մեջ։ Առաջին գումարման ԳԽ պատգամավորներն ունեն տարբեր կարգավիճակ ու քաղաքական հայացքներ, եւ հնարավոր չի նրանց դիտարկել մեկ քաղաքական հարթության մեջ։ Քաղաքական բաղադրիչն այստեղ է, այս հրապարակում, եւ ԳԽ պատգամավորների մի մասն այս պահին այստեղ է»։
Հարցին՝ ի՞նչ ակնկալիքներ կան եւ ինչո՞վ է տարբերվում «Անկախության շարժումը» «Դիմադրության շարժումից», Էդգար Ղազարյանը պատասխանեց․ «Այս ընթացքում չի եղել մի հանրահավաք, որին ես չեմ մասնակցել։ Այս հանրահավաքը ոչ թե հակադրություն է, այլ փոխլրացում՝ իր առանձին խորհրդով։ Խորին հարգանք ունեմ Փաշինյանին հեռացնելու բոլոր նախաձեռնությունների հանդեպ, եւ մասնակցությունս պահպանելու եմ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ