Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետության կայացման ու զորացման հիմքը կրթությունն է, որը կյանքում կայանալու միակ ու անձեռնմխելի կապիտալն է». Վահրամ Դումանյան

Օգոստոս 23,2022 17:27

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ԵՊՀում մասնակցել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի (EERA) «Կրթությունը աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունը կրթական հետազոտությունների հեռանկարների և փորձի վրա» թեմայով ամենամյա համաժողովի (ECER 2022) պաշտոնական մեկնարկին:

Միջոցառմանը ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, EERA-ի նախագահ Ջո Օ’Հարան, ECER 2022 համաժողովի աշխատանքային խմբի ղեկավար, ԵՊՀ մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի տնօրեն Նազիկ Հարությունյանը, համաժողովի համակարգող և EERA-ի հայաստանյան ներկայացուցիչ Աննա Ալեքսանյանը:

«Ժամանակակից աշխարհում ապրող մարդու համար առավել կարևոր է դառնում մրցունակ կրթություն ստանալը, քանի որ կրթության միջոցով է անհատը դիմակայում ի հայտ եկած մարտահրավերներին: Արագ փոփոխվող աշխարհում այսօր հնարավոր չէ առաջընթաց ունենալ առանց որակյալ և ժամանակի պահանջներին համապատասխան կրթության: ՀՀ-ն առանձնահատուկ կարևորում է համապատասխան գիտելիքով և ստեղծարարությամբ օժտված անհատին, որն էլ հենց դառնում է հանրապետության տնտեսության և հանրային կյանքի շարունակական զարգացման գրավականը: Մարդկային կապիտալի զարգացման մեջ շոշափելի ներդրումներ կատարելու միջոցով է հաղթահարվում սոցիալական բևեռացումը, կանխվում ժողովրդավարական զարգացումների վտանգները, լուծվում կրթության ճգնաժամի հիմնախնդիրը»,- ելույթի խոսքում նշել է Վահրամ Դումանյանը:

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև, որ պետության նպատակներն են բարձրագույն կրթության ու գիտության միջազգայնացումը, Եվրոպական բարձրագույն կրթության տարածքում և Եվրոպական հետազոտական տարածքում ինտեգրումը, բարձրագույն կրթություն, գիտություն և տնտեսություն փոխկապակցվածության ապահովումը, ինչպես նաև կրթություն-գիտահետազոտական աշխատանք-նորարարություն համակարգի արդյունավետ փոխգործակցության ամրապնդումը:

«Գաղտնիք չէ, որ կրթությունն է պետության կայացման ու զորացման հիմքը, քաղաքացու և անհատի ձևավորման կարևոր նախապայմանը ու կյանքում կայանալու միակ, անձեռնմխելի կապիտալը: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ ու բաց է նոր համագործակցությունների համար»,- ամփոփել է Վահրամ Դումանյանը:

Նշենք, որ Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիան ամեն տարի կազմակերպում է կրթական հետազոտությունների վերաբերյալ համաժողով (ECER), որն անցկացվում է որևէ անդամ երկրում: 2022 թ. համաժողովի անցկացման վայր է ընտրվել Երևանի պետական համալսարանը, որը 2014 թվականից Մանկավարժության և կրթության զարգացման կենտրոնի անդամակցությամբ դարձել է Կրթական հետազոտությունների եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ:

«Ողջունում եմ համաժողովի բոլոր մասնակիցներին Երևանի պետական համալսարանում: Սա իր տեսակի մեջ եզակի և ամենամեծ իրադարձությունն է կրթական հետազոտությունների ոլորտում, որը համախմբում է կրթական հաստատություններին, հետազոտական ​​ընկերություններին և կրթական փորձագետներին տարբեր երկրներից: Կրթության ոլորտի վերաբերյալ տարբեր հետազոտություններ կներկայացվեն և կքննարկվեն մասնագետների, կրթության փորձագետների, ինչպես նաև տարբեր հետազոտական ​​հաստատությունների հետազոտողների հետ»,- ասել է ԵՊՀ ռեկտորը և հավելել, որ համաժողովը մեկտեղում է ավելի քան 2.000 պատվիրակների աշխարհի 43 երկրից և համարվում է ոլորտի կարևորագույն իրադարձություններից:

Հավելենք, որ համաժողովին մասնակցում են հայաստանյան գրեթե բոլոր բուհերը, գիտահետազոտական ինստիտուտներն ու կենտրոնները, ինչպես նաև Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններ։ Համաժողովի ընթացքում կազմակերպվելու են ոչ միայն աշխատաժողովներ 40 բաժանմունքներում, այլև պլենար քննարկումներ, միջսերնդային հանդիպումներ, հաղորդակցական ու սոցիալական կապերի հաստատման փակ նախաձեռնություններ:

ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031