ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 23-ին «Քաղաքական գործչի կերպարը» թեմայով դաս-հանդիպում է ունեցել Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագրին մասնակցող աշակերտների հետ:
Ինտերակտիվ միջավայրում անցկացված դասի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայտնի քաղաքական գործիչներին բնորոշ եւ դրական գնահատականի արժանացած ու մերժելի դասագրքային եւ իրական օրինակների: Մասնագիտական կողմնորոշմանն առնչվող հարցերի շուրջ զրուցելիս` աշակերտներից շատերը նախընտրելի են համարել հետագայում իրավաբանի, տնտեսագետի եւ քաղաքագետի մասնագիտությունները: Նրանց բազում հարցերի պատասխանի առանցքը հիմնականում դպրոցական տարիներին հնարավորինս շատ գիտելիքներ վերցնելն էր, ինչը մարդ եւ մասնագետ ձեւավորելու հարցում մեծ դեր ունի:
Աշակերտների խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է քաղաքական բանավեճ վարելու գրագետ մոտեցումներին եւ վերջին տարիների քաղաքական մտքի հանրահայտ բանավեճերի հաջողված եւ տապալված օրինակներին: Խոսելով քաղաքական դաշտում հիշվող կերպարների ընդհանրական գծերից` աշակերտներն իրենց համակրանքն են հայտնել քաղաքացիների համար հասկանալի լեզվով արտահայտվող եւ թեւավոր ու պատկերավոր խոսք ունեցող քաղաքական գործիչների օգտին:
Կարդացեք նաև
Աշակերտներն Ալեն Սիմոնյանից խորհուրդներ են հարցրել նաեւ գրքերի ընտրության հարցում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ