Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Գրիգորյան. «Բացառվում է մի իրավիճակ, որ հայկական բեռնատարներին կամ ավտոմեքենաներին Ադրբեջանի տարածքով ինչ-որ պարեկ ուղեկցի»

Օգոստոս 23,2022 16:31

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Հայաստանը երեք ճանապարհ է առաջարկում Ադրբեջանին, ո՞րն է նոր անցակետերի ստեղծման պատճառը» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ Հայաստանի կառավարությունն այս որոշմամբ փորձում է ցույց տալ այն տրամաբանությունը, որով պետք է տեղի ունենա ապաշրջափակման գործընթացը: «Այլ հարց է, թե Ադրբեջանն այս փուլում պատրա՞ստ է գնալ ապաշրջափակման այդ տարբերակին: Կան տարբեր կարծիքներ, բայց իմ կարծիքով Ադրբեջանն այս պահին օգտագործում է այն հնարավորությունների պատուհանը, որն ստեղծվել է ռուս-ուկրաինական պատերազմի կողմից եւ ուժային գործիքակազմի կիրառման միջոցով փորձում է մաքսիմալ զիջումներ կորզել: Սա հստակ տեսնում ենք Լեռնային Ղարաբաղում տիրող գործընթացներում: Ադրբեջանը մեծ հաշվով կողմերի հետ վերջնագրերի լեզվով է խոսում: Եվ երբ վերջնագիրը չի կատարվում, դիմում է ռազմական գործողության: Ես կարծում եմ՝ ապագա ամիսներին բանակցությունների տրամաբանությունը հենց դրա մեջ է կայանալու: Եվ բոլոր հարցերում»,-ասաց քաղաքագետը եւ հավելեց. «Կարծում եմ, Ադրբեջանը դեռեւս տեսնում է հնարավորություն՝ բարելավելու սեղանի վրա դրված տարբերակը, որովհետեւ այն այնքան էլ ադրբեջանական կողմի սրտով չէ: Չնայած եթե օբյեկտիվ նայում ենք իրավիճակին, ապա այս տարբերակից ավելի շատ Ադրբեջանն է շահում, որովհետեւ փոխադարձության սկզբունք ամենայն հավանականությամբ չի լինելու: Այսինքն, բացառում եմ մի իրավիճակ, որ հայկական բեռնատարներին կամ ավտոմեքենաներին Ադրբեջանի տարածքով ինչ-որ պարեկ ուղեկցի: Լինի դա ռուսական, թե ադրբեջանական:

Այսինքն, միջանցքային տրամաբանություն արդեն իսկ գոյություն ունի, եթե ապաշրջափակումն այդ տրամաբանությամբ է տեղի ունենում: Այստեղ հարց է առաջանում, թե ինչքանո՞վ կառավարության այս որոշումը որեւէ իրական ազդեցություն կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա: Ես, ճիշտն ասած, մեծ կասկածներ ունեմ»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031