Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոչ ուզում եմ ասել՝ լավ է, որ տեղափոխում են, ոչ էլ ուզում եմ ասել՝ պետք չէ»․ Բերձորի եկեղեցու դուռը պատրաստած վարպետ

Օգոստոս 23,2022 16:15

«Ադրբեջանի հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել է Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին մզկիթի վերածելու մասին՝ ներկայացնելով նախագծի լուսանկարը։ «Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի հիմնադիր ղեկավար, ժողովրդական վարպետ Վանո Դադոյանը այդ մտահոգությամբ օրերս Ֆեյսբուքի իր էջում գրառում էր կատարել ու ցանկացել կարծիքներ լսել, թե ինչպես վարվի Բերձորի եկեղեցու՝ իր պատրաստած դռան հետ, որը ստեղծվել է Հենրիկ Սոլախյանի նախագծով:

Դադոյանի անունը նաեւ այն հայտարարության ներքո է, որտեղ խոսվում է նոր Սուրբ Համբարձման տաճարի կառուցման հիմնադրամի ստեղծման մասին: Հայտարարության մեջ արծարծվում էր Բերձորում 1996-1998 թթ. կառուցված Սուրբ Համբարձման եկեղեցու ճակատագրի հարցը, որի ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը, շինարարության ղեկավարը՝ Գեորգի Առաքելյանը, գլխավոր քանդակագործը՝ Արտաշես Հովսեփյանը, դռների հեղինակը՝ Վանո Դադոյանը, ջահի հեղինակը՝ Ջանիկ Առաքելյանը, սրբապատկերի հեղինակը՝ Կարեն Սմբատյանը:

Վանո Դադոյան

Aravot.am-ի հետ զրույցում Վանո Դադոյանն ասաց, որ եկեղեցին մզկիթի վերածելու ադրբեջանական կողմի հայտարարությունից հետո՝ մի խումբ մարդիկ որոշեցին Բերձորի Սուրբ Համբարձման տաճարի քանդակներն ու մասունքները տեղափոխել ու փրկել, հետագայում նույն եկեղեցին այլ տեղ վերականգնել: Դադոյանը վստահ է, որ ադրբեջանցիները կջնջեն հայկական արձանագրությունը, հայկական ամեն հետք, եթե եկեղեցին մզկիթի չվերածեն, ապա ամբողջությամբ կքանդեն:

Մյուս կողմից էլ միանշանակ չի վերաբերվում ընդհանրապես հուշարձաններ տեղափոխելուն՝ անկախ նրանից դա վատ մտքով է արվում, թե լավ: Ասում է, օրինակ, երբ խաչքարերը կտրվում են միջավայրից, տեղափոխվում թանգարաններ ցուցադրության, դա վնասում է պատմականության փաստագրմանը:

Ինչ վերաբերվում է Բերձորի եկեղեցուն, նրա ձեւակերպմամբ, ճիշտ կլիներ վաղուց մտածեինք այդ մասին, իրավական հիմքերը դիտարկեինք, միջազգային կառույցների ուշադրությունը հրավիրեինք:

«Կենաց տուն» մշակութային ՀԿ-ի հիմնադիրը կարծում է, որ Բերձորի ոչ այնքան հին եկեղեցու հետ կապված աղմուկ բարձրաձայնելու փոխարեն լավ կլինի Դադիվանքի փրկությանն ուղղել ջանքերը, քանի որ վերջինիս պարագայում ավելի մեծ է միջազգային կոնվենցիաների օգնությամբ հաջողության հասնելու հավանականությունը:

Նրա համոզմամբ, ընդհանրապես լավ կլիներ, որ հուշարձանների հետ կապված մասնագիտական քննարկումներ լինեին, եւ տարբեր շրջանակներ իրար չքննադատեին հուշարձանները տեղափոխել-չտեղափոխելու հարցով, այլ փորձեին համախմբվել ու միմյանց օգնել:

Բերձորի եկեղեցու դուռը

Մեր հարցին, չի՞ կարծում, որ երբ հուշարձանը տեղափոխվում է, էլ փաստարկ չի լինում, որ այդտեղ հայկական հետք է եղել, Վանո Դադոյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Եթե Բերձորի եկեղեցին կառուցված լիներ մի հարյուր տարի առաջ, այդ ժամանակ ամբողջությամբ համաձայն կլինեի, պետք է պայքարեինք, որ չքանդեին, որովհետեւ միջազգային կոնվենցիաներ կան, որոնք հզոր գործիքներ են: Մեր պետությունը կարող է դրանք կիրառելով՝ պաշտպաներ մեր մշակութային հուշարձանները: Մյուս կողմից էլ՝ փաստն այն է, որ ադրբեջանցիները ջնջում են հայկական հետքերը: Հիմա այդ եկեղեցու դուռը ես եմ սարքել, ոնց որ իմ երեխան, իմ մի մասը լինի: Ինձ ճիշտ հասկացեք՝ ոչ ուզում եմ ասել՝ լավ է, որ տեղափոխում են, ոչ էլ ուզում եմ ասել՝ պետք չի բերել: Ախր դրանով ի՞նչը պետք է փաստենք: Փոխարենը շատ կուզենայի իմանալ, թե ո՞ր իրավաբանական ակտով են Աղավնոյից ու Բերձորից մարդկանց տներից հանում… Կապ չունի, որ Ադրբեջանը եւ Ռուսաստանը եկել են համաձայնության, այդ մարդկանց իրենց տներից վտարում են եւ ի՞նչ իրավաբանական ակտով»:

Մեր զրուցակիցը ժամանակագրական մի զուգահեռ տարավ. «Վազգեն Վեհափառի ջանքերով Էջմիածնում Ջուղայի 6-7 խաչքարեր կան: Երբ ժամանակին դրանք բերվում էին, մեծ դժգոհություն կար այդ առիթով: Բայց հիմա կարող ենք ասել՝ ինչ լավ է, որ գոնե մի քանի խաչքար պահպանվել է»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Վանո Դադոյանի ֆեյսբուքյան էջից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031