Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ամաչում եմ, որ հայ եմ…Անգամ սատանայի հետ կհամագործակցեմ, որ վիճակը շտկվի, այսպես ապրելը միայն աննամուս մարդկանց համար է, ինձ համար չի». Մանվել Եղիազարյան

Օգոստոս 23,2022 15:18

Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հրավիրել էր ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ, որին հրավիրվել էին ԳԽ նախկին պատգամավորներ:

Armenian opposition holds an event dedicated to the Independence Day by recreating the symbolic session of the Supreme Council of the first convocation of RA at the Doubletree by Hilton Hotel of Yerevan, Armenia

Ազատամարտիկ, «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն իր ելույթում զարմանք հայտնեց. «Ես չեմ հասկանում, թե ինչ ենք մենք անում: Գիտե՞ք ում ենք նման այսօր՝ այն տղամարդուն, որի մայրը հիվանդ թպրտում է մեր աչքի առաջ ու մենք հիշում ենք, թե մեր մայրիկի համար ինչ ենք արել՝ հիշո՞ւմ եք այն կարմիր շորը, որ առանք: Մեր հայրենիքը հոգեվարքի մեջ է, մենք տանուլ ենք տալիս հայրենիքը: Ով ում է սիրում, ով ում բարեկամն է, ով ինչ կյանքով է ապրել՝ դա ինձ հետաքրքիր չի: Ասում ենք՝ մեղավոր են իշխանությունները: Իհարկե, մեղավոր են: Սրանք մեղավոր էլ չեն, դավաճաններ են, բայց ո՞վ ծնեց այս իշխանություններին, արդյոք մենք ազնի՞վ եղանք մեր պահվածքի մեջ։ Մենք չկարողացանք ազնիվ լինել, որովհետեւ արդարությունն է ճանապարհը դեպի իմաստնություն: Եթե մարդը արդար չէ, չի կարող իմաստուն լինել: Մենք չկարողացանք իմաստուն լինել: Տանուլ ենք տվել մեր հայրենիքը, հասել ենք այս օրհասական վիճակին եւ մտածում ենք՝ ինչպես այդ հանգույցը լուծել: Այդ հանգույցը մենակ Նիկոլը չի, այստեղ մարդիկ կան, Նիկոլի հետ միասին ավերում են Հայաստանը՝ հանուն իրենց կոպեկի, հանուն իրենց թափանի: 30 տարի շան նման եմ ապրել ես, հալածվել եմ առաջին իշխանության օրոք, երկրորդ իշխանության օրոք, երրորդ իշխանության օրոք: Հիմա երեւի Նիկոլը հանգիստ է թողել միայն նրա համար, որ մենք ավելորդ բաներ չանենք, բայց դա իրեն չի փրկելու: Մենք պետք է կենաց ու մահու կռիվ տանք՝ այս վիճակը փրկելու համար: Հետո մենք ամեն մեկին, որ հասցրել են այս վիճակին, ավերմանը, հարցեր կուղղենք»:

Մանվել Եղիազարյանը կոչ արեց հավաքվել, որովհետեւ վտանգված է Հայաստանի ճակատագիրը. «Դուք աննամուսի պես եք ապրելու Հայաստանում, հիշե՛ք, որ բացվեցին սահմանները, Մուստաֆա բաբան որ եկավ, ձեր փողերով մենք նրանց անվտանգությունը պետք է ապահովենք: Հետո կարող է կանգնեցնեն Ալիեւի արձանը ու ասեն՝ պետք է նրա բարեմասնությունները համբուրեք: Ո՞վ է բռնելու Նիկոլի թեւը: Ժամանակը չէ խոսելու, ժամանակն է հավաքվելու ու անելու այն ամենը, անհնարը, թեկուզ մեր կյանքի գնով»:

Մանվել Եղիազարյանն ասաց, որ հակառակ պարագայում Հայաստանում չի ապրի աննամուսի պես. «Ոչ գողացել եմ, ոչ թալանել եմ, երեք պատերազմների մասնակցել եմ, վիրավորվել եմ ու ես ամաչում եմ, որ հայ եմ: Ի՞նչն է ձեզ բերել այստեղ, մի ցավ ունենք մենք՝ մեր հիվանդ մորը փրկելու: Մեր մայրը մահամերձ հիվանդ է, ուշքի՛ արեք: Ես անգամ սատանայի հետ կհամագործակցեմ, որ վիճակը շտկվի, որովհետեւ այսպես ապրելը միայն աննամուս մարդկանց համար է, ինձ համար չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031