Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հրավիրել էր ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ, որին հրավիրվել էին ԳԽ նախկին պատգամավորներ:
ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը ելույթ ունեցավ եւ ասաց, որ իրենք կանգնած են եղել ակունքներում մեր երկրի անկախության, ժողովրդավարական ինստիտուտների ստեղծման եւ հետագա կայացման. «Ես ուրախ եմ, որ եղել եմ ԳԽ պատգամավոր ու մեր սահմանած նշաձողը դեռևս չի հաղթահարվել: Թող ներվի, անհամեստություն չի, մենք նախահայրերն ենք այս պետության կայացման, այս պետության ինստիտուտների ստեղծման եւ հետագա զարգացման: Այսօր ես եկել եմ սրտի մեծ ցավով, տասը օր առաջ սրտի նոպա եմ ունեցել նաեւ այդ պատճառով, որ մեր ստեղծած ժողովրդավարական ինստիտուտները ոչ միայն ոտնահարվել ու անտեսվել են, այլեւ անթույլատրելի ձեւով։ Այդ մասին չեմ ուզում ընդհանրապես խոսել, բայց մեկ-երկու օրինակ ասեմ՝ ՍԴ-ի օրինակը՝ թվում է, թե մեր Սահմանադրության պաշտպանը, չհաշվեմ ՀՀ նախագահին, պետք է լիներ ՍԴ-ն, բայց ի՞նչ վարք, ի՞նչ վարվելակերպ դրսեւորվեց ՍԴ-ի նկատմամբ: Սա՞ է ժողովրդավարությունը: Իմ սիրտը ցավում է, որ մենք ստեղծել ենք այդ ժողովրդավարական ինստիտուտները, բայց դրանց նկատմամբ իշխանություններն այսօր ինչպես են վարվում: Հռչակագիրը ինստիտուտ է, այն ավելի բարձր է դրված նույնիսկ Սահմանադրությունից ու այդ ինստիտուտի նկատմամբ վերաբերմունքն ինչպիսին է: Այսօր, գուցե նախկին իշխանությունների կողմից էլ Անկախության հռչակագրի նկատմամբ պատշաճ վերաբերմունք չի եղել: Երբ վերլուծում ենք, տեսնում ենք, որ ինչպես Սահմանադրության, այնպես էլ հռչակագրի նկատմամբ հանցագործ անտարբերություն կա, դարձրել են փալաս, դարձել են ոտի տակի «տրյապկա» ու չենք կարող այդ մասին բարձրաձայն չասել: Ներկայիս իշխանությունների կողմից մեր հռչակագրի նկատմամբ դրսեւորած վերաբերմունքը առնվազն հանցագործ անտարբերություն է»:
Նա նաեւ դիմեց ԳԽ գործընկերներին. «Մենք սա չէինք ստեղծել, որ անտեսվեր ու գնար: Մենք պահպանո՞ւմ ենք ինքնիշխանությունը մեր երկրի, պահպանո՞ւմ ենք ավանդույթը՝ հետամուտ լինել Հայոց ցեղասպանության՝ միջազգայնորեն ճանաչման գործընթացին; Առաջին, երկրորդ, երրորդ նախագահների օրոք երբեւէ մոռացության մատնվե՞լ է: 4,5 տարի է անցել, նոր իշխանությունները եկել են, հռչակագրի կարեւորագույն սյուներից մեկը պահպանվո՞ւմ է, թե՞ չէ: Կարո՞ղ եք այս 4,5 տարում նշել մի երկիր, որը Հայոց ցեղասպանության դատապարտման առումով տվել է իր անունը»: Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հուշեց՝ ԱՄՆ-ն՝ Մեխակյանը արձագանքեց՝ դա ԱՄՆ նախագահի բարի կամքի դրսեւորումն է եղել:
Կիմ Բալայանը հավելեց. «Իշխանությունը որեւէ քայլ չի արել, որպեսզի դատապարտի ցեղասպանությունը»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ