Լրահոս
Օրվա լրահոսը

Համաշխարհային տնտեսության տագնապալի միտումները և Հայաստանի տնտեսական քաղաքականության առաջնահերթությունները. Ջուլիետա Թադևոսյան

Օգոստոս 23,2022 14:16

Այսօր աշխարհում տեղի ունեցող գործընթացներն այնքան հակասական են, անորոշ ու ռիսկային, որ նույնիսկ հեղինակություն վայելող միջազգային կազմակերպությունների կողմից ամենաիրատեսական կանխատեսումները չեն մեղմացնում հնարավոր մարտահրավերներից ու ռիսկերից բխող հոռետեսական վարքագիծը տնտեսական քաղաքականություն իրականացնողների, գործարարների և առհասարակ բոլոր քաղաքացիների մոտ։

Փորձենք ուրվագծել համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող տնտեսական երևույթների շղթայական փոխառնչությունները և բարձրաձայնել Հայաստանի համար այն վտանգները, որոնք կարող են որոշիչ դեր կատարել երկրի երկարաժամկետ զարգացման տիրույթում:

Նախ արձանագրենք, որ խոսել համաշխարհային տնտեսության մասին ու շրջանցել «գլոբալացում» կոչված եզրույթը, կարելի է ասել լինել ոչ իրատես: Եվ այսպես, գլոբալացման «ավանդական» գործընթացները մինչ համավարակը սկսեցին կերպափոխվել և իրենց տեղը զիջել նեղ, ազգային շահերից բխող արտաքին տնտեսական քաղաքականության նորանոր դրսևորումների: Այսօր, թերևս, գլոբալացման տիրույթը երկբևեռ է՝ ԱՄՆ ու Չինաստան:

Ավելորդ չենք համարում նշել, որ համաշխարհային տնտեսության գլոբալացման բոլոր փուլերում մղվել և շարունակում է մղվել թեժ պայքար առաջին հորիզոնականների համար: COVID-19 համավարակն առավել սրեց մրցապայքարը: Այն նպաստեց համաշխարհային տնտեսության մեջ նոր ռիսկերի դրսևորմանը, մասնավորապես վարակիչ հիվանդությունների նորանոր սպառնալիքներ, շարունակվող կլիմայական հիմնախնդիրներ, կենսաբազմազանության կորուստ, բնական պաշարների ճգնաժամեր, երկրների արտաքին պարտքի, ենթակառուցվածքների խափանումների հետ կապված խնդիրներ ու այլ նորանոր մարտահրավերներ: Կարծես թե գլոբալացման երևույթի վերջին տարիներին դրա նորովի դրսևորման՝ «գլոբալացում-4»-ի տիրույթում սկսեցին ձևավորվել որոշակի հնարավորություններ՝ հաղթահարելու աշխարհում սկսվող գլոբալ ճգնաժամային իրավիճակը, երկրներին պարտադրելով մի նոր տնտեսական վարքագիծ՝ նոր մտածողություն, գործողությունների ներդաշնակություն։ Այս ամենի կենտրոնում անհատի, քաղաքացու, նրա անվտանգային միջավայրի ապահովումն է։

«Գլոբալացում-4»-ի ամենաէական առանձնահատկությունը նրա ներառականության, երկրների կառավարությունների կողմից ազատական ու հովանավորչական քաղաքականությունների ներդաշնակեցումն էր: Գլոբալացման նոր մարտահրավերները հիմնված էին նոր մտածողության ձևավորման վրա: Սկսեցին միավորվել ազգային, տարածաշրջանային ու համաշխարհային թվային տիրույթները, և ի տարբերություն գլոբալացման նախկին կառուցակարգերի, երբ երկրների միջև ինտեգրացիոն խմբավորումների շրջանակներում ձեռքբերումները հատկապես պայմանավորված էին արտադրության գործոնների (տեխնոլոգիա, աշխատուժ, կապիտալ), միջազգային միգրացիայի խոչընդոտների մեղմացմամբ, գլոբալացման ներկա միջավայրը սկսեց դառնալ վիրտուալ, և առաջնահերթ կարևորվում էին գաղափարների, կարծիքների, գիտելիքի, ապրանքների ու ծառայությունների, տեղեկատվական ծառայությունների նոր ենթակառուցվածքներով անխափան տարածումն ու արդյունավետ տեղայնացումը: Չնայած չենք առարկում այն իրողությունը, որ գլոբալացման-4-ի տիրույթում ևս շարունակվում էր մրցապայքարը՝ ազդեցության նոր կառուցակարգերի ձևավորման, դրանց ներդրման ու գերշահույթներ ստանալու մղումներում։

Գլոբալ զարգացումների նման ընթացքն անկանխատեսելի իրավիճակում էր։ Մարդկային քաղաքակրթությունը հայտնվեց գլոբալացման մի նոր հորձանուտում՝ նոր խաղացողների կողմից թելադրվող խաղի նոր կանոնների շրջանակներում:

Գերազանցապես ռուս-ուկրաինական պատերազմի ու աշխարհի տարբեր տարածաշրջաններում պատերազմական իրավիճակների, ինչպես նաև դեռևս շարունակվող համավարակի սրման պայմաններում գլոբալացման կառուցակարգերը սկսեցին փլուզվել, և այսօր տեղի է ունենում երկրների միջև ազատ փոխառնչությունների համակարգի վերաձևավորման մի նոր գործընթաց, այլ կերպ՝ վերագլոբալացման գործընթաց՝ միանգամայն նոր ներկապնակով։

Համաշխարհային տնտեսության մեջ այսօր ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավերներ է առաջացնում այն գործոնների ազդեցությամբ, որոնք արդեն առկա են համաշխարհային շուկայում և դրսևորվում են խիստ բացասական հետևանքներով: Պարենի, էներգակիրների համաշխարհային գների շարունակական աճը, մատակարարման շղթաների վերականգնման դանդաղումը և նոր փլուզումները, ֆինանսական շուկայի անկայունությունը, դոլարի թանկացումը, աղքատության մակարդակի խորացումը և այլ մակրոտնտեսական ցուցանիշների վարընթաց տատանումների դինամիկան կարող է առաջացնել ավելի խորը ճգնաժամային իրավիճակ ամբողջ աշխարհում։

Արդ, ներկայացնենք որոշ անհանգստություններ։

Աշխարհատնտեսական նոր դիպաշարերն առավել ակտիվ դրսևորվեցին ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ միջազգային կառույցների և գերազանցապես զարգացած երկրների կողմից Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանման շրջանակներում:

Համավարակից հետո՝ 2021թ., համաշխարհային տնտեսության մեջ սկսվեցին թեև դանդաղ, սակայն վերականգնողական գործընթացներ: Սակայն համավարակը ոչ միայն չնահանջեց, այլ նորից ակտիվացավ։ Աշխարհը բախվեց ցնցումների նոր շարքի: Նախորդ տարվա ամռանից սկսված գնաճն առաջին ահազանգն էր: Վերջինս հիմնականում պայմանավորված էր էներգակիրների առաջարկի ու պահանջարկի միջև անջրպետով, նավթի գների բարձրացմամբ, պարենի սակավությամբ և մատակարարման այլ շղթաների նորանոր փլուզումներով:

Ինչպես նշվում է Համաշխարհային բանկի հունիսյան զեկույցում, «… այսօր համաշխարհային տնտեսության մեջ խաթարված է տնտեսական գործունեությունը, առևտուրը, ներդրումները, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների իրականացման արդյունավետությունը: Սպասվող ստագֆլյացիան տարբերվում է 1970-ականների ստագֆլյացիայից… Էներգիայի գների աճը կնվազեցնի իրական եկամուտները, կավելացնի արտադրության ծախսերը, կխստացնի ֆինանսական պայմանները և կսահմանափակի մակրոտնտեսական քաղաքականությունը, հատկապես էներգիա ներկրող երկրներում»:

Ռուս-ուկրաինական պատերազմն ավելի սրեց իրավիճակը: Անորոշությունները ոչ միայն շարունակվում են, այլ անբացատրելի ռիսկեր են առաջացնում։ Դանդաղում է համաշխարհային տնտեսական աճը։

Արժույթի միջազգային հիմնադրամի 2022թ. հուլիսյան զեկույցում նշվում է, որ աշխարհում կանխատեսվում է 3,2% տնտեսական աճ, որը 0,4 տոկոսային կետով ավելի ցածր է ապրիլյան կանխատեսումներից: Սա այն դեպքում, երբ 2021թ. գրանցվեց 6,1%: Դա պայմանավորված է հիմնականում տնտեսական հարաբերությունների տիրույթում աշխարհի երեք խոշոր տարածաշրջանային կենտրոններում՝ ԱՄՆ, Չինաստան Եվրոգոտի, տնտեսական աճի դանդաղեցմամբ: Սա սպառնում է գլոբալ աշխարհի զարգացման հեռանկարներին։

Պատճառները բազմաթիվ են, սակայն առավել որոշիչը տնտեսական անկման տեմպերն են Չինաստանում և Ռուսաստանում, ինչպես նաև շարունակական գնաճն ԱՄՆ-ում, Եվրոպայում: Ավելին, 2023թ. տնտեսական աճի տեմպերն ավելի են դանդաղելու աշխարհում: Զարգացած երկրներում 2022թ. տարեվերջին կանխատեսվում է 2,5% տնտեսական աճ, մինչդեռ զարգացող երկրներում՝ 3,6%: Զարգացած երկրների առաջին տասնյակում առավել ցածր տնտեսական աճ Եվրամիության շրջանակներում կգրանցվի Գերմանիայում՝ 1,2%: Զարգացող երկրներում ամենախոր անկումը կգրանցվի Ռուսաստանում՝ -6%, Հնդկաստանում կանխատեսվում է 7,4% տնտեսական աճ, Չինաստանում՝ 3,3%: Ինչ խոսք, կանխատեսումների շարունակվող նվազումները պայմանավորված են բնակչության գնողունակության անկմամբ, էներգակիրների և սննդամթերքի գների բարձրացմամբ, համաշխարհային տնտեսության մեջ առաջարկի ու պահանջարկի միջև խորացող անհաշվեկշռվածությամբ, անշուշտ նաև ահագնացող գնաճով: Կանխատեսվում է, որ գնաճը զարգացած երկրներում կկազմի 6,6%, իսկ զարգացող երկրներում՝ 9,5%: Գնաճը պայմանավորված է նաև գլոբալ մատակարարման շղթաների դեռևս նկատելի խաթարումներով, ինչպես նաև աշխատաշուկայի առավել կոշտ վարքագծով: Բնականաբար կիրառվող դրամավարկային քաղաքականության արդյունքում, այն է՝ համատարած Կենտրոնական բանկերի կողմից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման հետևանքով տնտեսական աճի տեմպերն առաջիկա տարում՝ 2023թ., կշարունակեն նվազել՝ կազմելով 2,9% համաշխարհային տնտեսության մեջ: «Թանկ փողեր»-ի քաղաքականությունն անխուսափելիորեն հանգեցնում է ռեցեսիայի։

Որոշ փորձագետներ ներկայացնում են առավել հոռետեսական դիպաշարեր: Այսպես, բավական է նշել տնտեսագետ Ն. Ռուբինի անհանգստություններն ԱՄՆ-ում սպասվող զարգացումների վերաբերյալ: Նա նշում է, որ գլոբալ տնտեսական աճը դանդաղում է ավելի մռայլ ու անորոշ հեռանկարի խորապատկերին: Եվ ամենևին մոլորություն չէ, որ ԱՄՆ-ը ռեցեսիայի մեջ է հայտնվում բարձր գնաճի և ծանր պարտքային բեռի, սպասվող ֆինանսական ճգնաժամի հետևանքով: Սպասվող ստագֆլյացիան և ծանր պարտքային բեռն ԱՄՆ-ում կարող են ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան 70-ականներին էր: Ռեցեսիան խորանում է խստացված դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության շրջանակների սեղմման արդյունքում: Ապրիլյան թողարկման մեջ Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից հնչեցված անցանկալի ռիսկերն իրականություն են դառնում ոչ միայն ԱՄՆ-ում, այլև Չինաստանում: Տնտեսական աճի դանդաղումը Չինաստանում, ավելին՝ COVID-19 համավարակի նոր բռնկումները, «Zero-Covid» ռազմավարությունը և «աշխարհի գործարանի» որոշակի ինքնամեկուսացումը թանկ կարող են արժենալ աշխարհի համար:

Եվրամիությունում նույնպես սոցիալ-տնտեսական իրավիճակը բարդանում է: Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն՝ 2022թ. Եվրամիությունում կանխատեսվում է 2,6% տնտեսական աճ, այն դեպքում, երբ 2021թ․ այն կազմել էր 5,4%: 2023թ. կանխատեսվում է 1,2% տնտեսական աճ:

Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) ղեկավար Ֆատիի Բիրոլը դեռևս մայիս ամսին հայտարարել է աշխարհում եռակի՝ նավթի, գազի, էլեկտրաէներգիայի էներգետիկ ճգնաժամի մասին: 1970-ականների և 80-ականների նավթային ճգնաժամերն ավելի մեղմ էին: Այս ճգնաժամի ծավալներն անհամեմատ մեծ են, և հավանականությունն ավելի մեծ է, որ այն նաև երկարաժամկետ կլինի: Նա նշել է, որ «… ձմռանը Եվրոպայում դժվարություններ կլինեն հատկապես այն երկրներում, որոնք զգալի կախվածություն ունեն Ռուսաստանից, մասնավորապես Գերմանիան…»: Ավելի ուշ՝ հունիսի 22-ին, Financial Times-ին տված հարցազրույցում Ֆաթիի Բիրոլը հայտարարեց․ «Որքան մոտենում ենք ձմռանը, այնքան ավելի լավ ենք հասկանում Ռուսաստանի մտադրությունները: Կարծում եմ, որ արտահանումն այժմ կրճատվում է…. ինչը կուժեղացնի Ռուսաստանի «ճնշման լծակները» ձմռան ամիսներին։ Այս հարցադրումների շրջանակում կուզենայինք հատկապես նշել Եվրամիության երկրների տնտեսությունների վրա ռուս-ուկրաինական պատերազմի ավելի ծանր ազդեցությունների փաստը՝ կապված Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման արդյունքում բումերանգի էֆեկտի հետ:

Եվրամիությունն ահազանգում է նաև աֆրիկյան երկրներում «զանգվածային աղետալի սովի» վտանգի մասին, մասնավորապես նշվում է․ «․… Եվրամիությունը մտահոգված է, որ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքները կհանգեցնեն «աղետալի զանգվածային սովի» և կառաջացնեն միգրացիոն ալիքներ: Հացահատիկի և այլ հիմնական գյուղատնտեսական ապրանքների պակասը, ինչպես նաև առանցքային ապրանքների և սննդամթերքի գների աճն ու սուբսիդիաների կրճատումը կարող են հանգեցնել ծանր տնտեսական և սոցիալական ճգնաժամերի»:

Արդ, համաշխարհային տնտեսության նման տագնապալի մարտահրավերների խորապատկերին ի՞նչ է սպասվում Հայաստանին:

Համավարակի, հետհամավարակային, հետպատերազմյան Հայաստանի մակրոտնտեսական իրավիճակի վերաբերյալ մի քանի ուսումնասիրություններ ենք կատարել: Պարզապես հակիրճ ներկայացնենք, որ ինչպես աշխարհում, այնպես էլ մեր երկրում նախորդ տարում վերականգնողական շրջան էր, այն նույնիսկ 2022թ. առաջին կիսամյակում դրսևորվեց բավականաչափ խոստումնալից ցուցանիշներով, սակայն ռիսկերը և մարտահրավերները չեն նահանջում: Աշխարհում նկատելի հետընթացը հատուկ է նաև Հայաստանին: Արժույթի միջազգային հիմնադրամը նվազեցրել է Հայաստանի վերաբերյալ կանխատեսումները, մասնավորապես 2022թ. տնտեսական աճը կանխատեսվում է՝ 1,5%, սպառողական գների ինդեքսը՝ 7,6%: Նման իրավիճակում ինչպես այլ երկրների, այնպես էլ ՀՀ կենտրոնական բանկը դիմում է վերաֆինանսավորման տոկոսադրույքի աջակցությանը․ այն բարձրացվեց և կազմում է 9,5%: Նպատակը գնաճի կայունության ապահովումն է ու գնաճային սպասումների ապախարսխման ցանկացած ռիսկի չեզոքացումը: Վերևում արդեն նշեցինք, թե նման գործիքների կիրառմամբ ինչ մարտահրավերների առաջ է կանգնած համաշխարհային տնտեսությունը: Ուստի միանգամայն օրինաչափ են նման քաղաքականության սպասվող հետևանքները մեր երկրում: Այն, որ Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2022թ. հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 11,8%-ով, դեռ չի նշանակում կայուն մակրոտնտեսական միջավայրի ապահովում: Թերևս նշենք այն փաստը, որ այդ աճը հիմնականում ոչ գեներացվող, ռազմավարական զարգացումների խորապատկերին ոչ մրցունակ ճյուղերի հաշվին է: Այսպես, Ազգային վիճակագրական ծառայության ամփոփ հրապարակումից տեղեկանում ենք, որ նշյալ ժամանակահատվածում ծառայությունների ոլորտի ծավալն աճել է 26,9%-ով, շինարարությանը՝ 12,7%-ով, առևտրի շրջանառությանը՝ 10,7%-ով: Արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 5,8%-ով: Ընդ որում, այս իրավիճակում սպառողական գների ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է 8,1%-ով, արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը՝ 7,8%-ով: Ռեցեսիայի մեկնարկի մասին կարող է վկայել գյուղատնտեսության ոլորտի՝ արդեն երկար ժամանակ գրանցվող անկումը, այս ցուցանիշների տիրույթում՝ -5,5%: Սպասվող տնտեսական զարգացումների ընթացքը խոստումնալից չէ, և աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ մասնավորապես ռուս-ուկրաինական պատերազմը, լուրջ մարտահրավերներ են պարունակում արդյունաբերության ոլորտի հետագա զարգացումներում:

Եզրահանգումը մեկն է՝ երկրում իրականացվող տնտեսական քաղաքականությունը միտված է գերազանցապես իրավիճակային խնդիրների լուծմանը՝ հաճախ շրջանցելով երկրի տնտեսության զարգացման հեռանկարները:

Այսպիսով, չնայած վերջին տարիներին համաշխարհային տնտեսության տարընթաց զարգացումներին՝ այդուհանդերձ, Հայաստանում մակրոտնտեսական իրավիճակը դրսևորվել է որոշակի կայունությամբ: Սակայն համաշխարհային տնտեսության մեջ ծագած նոր մարտահրավերները կարող են խաթարել նման իրավիճակի փխրունությունը, ուստի և ինչպես առաջարկում են միջազգային տնտեսական կառույցները, հարկավոր է կոնսոլիդացնել ՀՀ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունները: Հակառակ դեպքում կարող ենք բախվել նոր ռիսկերի և երկիրը կանգնեցնել ռեցեսիայի առջև:

Այսպիսով, համաշխարհային տնտեսության գլոբալացման գործընթացի վերջին տարիների զարգացումներում համավարակը, կարծես թե, նոր հորիզոններ բացեց Չինաստանի համար՝ ի դեմս Չինաստանի «Դիմակային դիվանագիտության», և կարծես այդ մրցապայքարում Չինաստանը կարող էր համագործակցել Ամերիկայի հետ Գլոբալացում-4-ի տիրույթում: Սակայն COVID-19 համավարակի նորանոր բռնկումները, ավելին, ռուս-ուկրաինական պատերազմն էապես փոխեցին իրավիճակն աշխարհում: Երկրները սկսեցին ավելի հաճախ կիրառել հակագլոբալիստական գործիքներ, պահպանողական տնտեսական քաղաքականություն: Այս ամենին ավելացան նաև բոլոր երկրների վրա արտաքին ճնշումները, գնաճը, հատկապես էներգակիրների և պարենային ապրանքների: Համաշխարհային տնտեսությունն աստիճանաբար հայտնվում է ռեցեսիայի մեջ՝ դրանից բխող սոցիալ-տնտեսական ծանր հետևանքներով՝ բնակչության կենսամակարդակի անկում, աղքատության, գործազրկության մակարդակի բարձրացում, արտաքին պարտքի հիմնախնդրի սրում և ամենավտանգավորը՝ ֆինանսական շուկաների ճգնաժամ: Ինչ խոսք, գլոբալ տնտեսության նման իրավիճակում ամենախոցելին զարգացող երկրներն են:

Միջազգային տնտեսական կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն, փորձում են մշակել գլոբալ ծրագրեր՝ նման անկանխատեսելի իրավիճակներում հնարավոր ռիսկերի մեղմման և մարտահրավերներին դիմակայելու նպատակով: Մասնավորապես, Համաշխարհային բանկի 2022թ. հունիսյան «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ»-ում նշվում է․ «..․ շուկայական տնտեսությամբ և զարգացող երկրների համար հրատապ է դառնում համախմբել իրենց բյուջետային և արտաքին պահուստները, ամրապնդել իրենց դրամավարկային քաղաքականության շրջանակը և բարեփոխումներ իրականացնել աճը վերականգնելու համար»:

Հատկապես միջոցառումներ են մշակվում ֆինանսական շուկաների կայունացման, արդեն սահմանված պատժամիջոցները մեղմելու, երկրների միջև համագործակցության նոր կառուցակարգ ձևավորելու ուղղությամբ:

Մասնավորապես, ներկա իրավիճակում ՀՀ կառավարության կողմից իրականացվող տնտեսական քաղաքականության շրջանակներում խիստ անհրաժեշտ է.

  • սահմանափակել դրամի արժևորման գործընթացը,
  • «դոլարային ավելցուկն» օգտագործելու մեխանիզմներ մշակել, և ցածր տոկոսադրույքով այն տրամադրել փոքր և միջին ձեռնարկատերերին։

Ռազմավարական զարգացումների համատեքստում առաջարկում ենք.

  • շարունակել այն միջոցառումները, որոնք ուղղված են պարենային անվտանգության ապահովմանը,
  • ֆինանսական միջոցների հասանելիության և հարկային դաշտում ՓՄՁ-ի համար ձևավորել գործունեության բարենպաստ միջավայր,
  • ձևավորել որևէ կայունացնող հիմնադրամ՝ ֆինանսական շուկաներում անկանխատեսելի իրավիճակներն (օրինակ, արտարժույթի ավելցուկ) արդյունավետ կառավարելու համար,
  • և, ամենակարևորը, առանձնացնել տնտեսության զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և թե´ հարկաբյուջետային և թե´ դրամավարկային քաղաքականությունների հիմնական գործիքներն ուղղել գերակա նպատակների իրականացմանը:

Այսպիսով, նման մարտահրավերներով լեցուն աշխարհում վերագլոբալացումն օբյեկտիվ անհրաժեշտություն է, որի տիրույթում Հայաստանն ու մյուս շուկայական տնտեսությամբ և զարգացող երկրներն իրենց տնտեսական քաղաքականությամբ պարտավոր են լինել առավել զգոն և ճկուն:

Ջուլիետա ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ

«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031