Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞վ ես դու, Ռուբեն Ռուբինյան, դու հարցրե՞լ ես ինձ, որ ինչ-որ ավտովթարի դեպքի առիթով ցավակցություն ես հայտնում Քըլըչին». ԳԽ նախկին պատգամավորի բողոքը

Օգոստոս 23,2022 14:04

Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ` ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հրավիրել էր ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ, որին հրավիրվել էին ԳԽ նախկին պատգամավորներ:

Կիմ Բալայանը եւ Խոսրով Հարությունյանը

Նիստը վարելու համար հրավիրվեց ՍԴ նախկին դատավոր, ԳԽ նախկին պատգամավոր Կիմ Բալայանը: Բալայանն էլ հիշեց. «Նույն ձեւով, որպես պատվիրակության ղեկավար գնացել էի Ղարաբաղ, որպեսզի մասնակցեի ԼՂ ԳԽ-ի առաջին նիստին: Ստացվեց այնպես, որ տարիքով բավականին մեծ մարդ էր ընտրական հանձնաժողովի նախագահը, նիստը շատ վատ էր վարում, պատգամավորները խնդրեցին, որ ես նիստը վարեմ: Այսօրվա պես ստացվեց: Երեւի դա իմ ճակատագիրն է: Համոզմունք ունեմ, որ այն ժամանակ Անկախության հռչակագրին կողմ քվեարկածներից որեւէ մեկը այսօր այլ կարծիք չունի անկախության վերաբերյալ, բայց ցավոք, նույնիսկ 100 հոգի չի եկել այսօրվա նիստին, ընդամենը 30 պատգամավոր»: ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը տեղից կատակեց. «Քվորում կա, սկսեք»:

Կիմ Բալայանի խոսքով՝ այսօր ամեն մեկն իրենից կախված ամեն ինչ պետք է անի, որ կարողանա հռչակագիրն իրականություն դարձնի: Նա նիստը հայտարարեց բացված:

ԳԽ նախկին պատգամավոր Մեխակ Մխիթարյանը դիմեց ներկաներին՝ այսօր ժողովրդավարությո՞ւն է. «Դուք նայում եք կառավարության նիստերը, մեկ էլ մեջտեղից մեկն է ելնում, բոլորը խրտնած, մենակ այս ժեստը չեն անում (ցույց տվեց Հիտլերին ողջունելու շարժումը), անձի պաշտամունքի դրսեւորման այդպիսի էլեմենտ չեմ տեսել, սրա՞նք են ժողովրդավարության ատրիբուտները, այդպիսի իրավիճակ երեւի Կորեայում էլ չկա՝ վեր թռնել, երկրպագել՝ մոլեռանդ ձեւով»:

Armenian opposition holds an event dedicated to the Independence Day by recreating the symbolic session of the Supreme Council of the first convocation of RA at the Doubletree by Hilton Hotel of Yerevan, Armenia

Նա ասաց, որ երբ նայում է կառավարության գործունեությունը, տեսնում է միայն «շիբինա-բիտումային, ասֆալտային» տրամաբանություն. «Նայում եմ ԱԺ-ի այսպես ասած միանձնյա ղեկավարությունը, օգտվելով առիթից, որ ընդդիմությունը չի մասնակցում, «քըլըչի» տրամաբանություն: Հասել ենք այնտեղ, որ ԱԺ նախագահի տեղակալ մարդը, դու ընտրված մարդ ես, ենթադրենք, մի ընտրող էլ ես եմ, դու հարցրե՞լ ես ինձ, որ ինչ-որ ավտովթարի դեպքի առիթով ցավակցություն ես հայտնում Քըլըչին: Այն դեպքում, երբ Եղեռնի օրը՝ ապրիլի 24-ին թուրքերը հավաքվում են Մարգարայի կամրջի մոտ ու նշում, ուրախանում են, քեֆ են անում դիտավորյալ։ Էդ ո՞նց եղավ, որ Թուրքիայում երկու մեքենա խփել են իրար, հիմա Քըլըչին ցավակցություն հայտնենք, ո՞վ ես դու, պարոն Ռուբինյան, քո հայրն էլ նստած է եղել ԳԽ-ում ու մեզ հետ միասին ժողովրդավարական գործընթացների հիմնադիրներից մեկն է»:

Նա դիմեց ներկաներին՝ ասելով, որ այս իշխանությունները անտեսել են իրենց, կարող էին գոնե խորհրդականի կարգավիճակում նախկին փորձառուներին ընդգրկել, պահել իշխանական օղակներում, բայց քանի որ նրանք «ամենագետներ» են, խորհրդի կարիք չունեն:

Մեխակ Մխիթարյանը հայտարարեց. «Հորդորում եմ իմ գործընկերներին, մեր ժողովրդին, որ կանգնեն այն ուժերի, այն անհատների կողքին, որոնք մտածում են՝ այսօրվա իշխանություններին պետք է ասել՝ ցտեսություն, մավրն իր սեւ գործն արել է, պետք է հեռանա»:

Armenian opposition holds an event dedicated to the Independence Day by recreating the symbolic session of the Supreme Council of the first convocation of RA at the Doubletree by Hilton Hotel of Yerevan, Armenia

Ռուբեն Հակոբյանն ասաց, որ հռչակագրից ոչ մի կետ չի պահպանվել. «Մեր հայրենիք, թշվառ, անտերը փոխեցին, դարձրեցին՝ «մեր հայրենիք, ազատ, անկախ, բայց այսօր մեր հայրենիքը թշվառ ու անտեր է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031