ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման առթիվ
Սիրելի հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման օրը։
1990 թվականի օգոստոսի 23-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը՝ «արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը», ինչպես նշված է հռչակագրի հենց առաջին տողում և առաջին քայլն արեց անկախ պետականության կերտման ճանապարհին: Անկախության հռչակագրով սահմանվեցին մեր պետականության ուղենիշային նպատակները՝ ունենալ ինքնիշխան պետություն, ապահովել երկրի ներքին ու արտաքին անվտանգությունը, սահմանել ժողովրդավարական ազատություններ և երաշխավորել Հայաստանի քաղաքացիների՝ աշխատելու, արարելու, սեփական բարեկեցիկ ապագան կերտելու անքակտելի իրավունքների իրականացումը:
Անկախության հռչակագրի այս բովանդակությունը մշտապես արդիական է, քանի որ արտահայտում է մեր որպես պետականության և որպես հանրության հավաքական նպատակներն ու իղձերը:
Կարդացեք նաև
Եվ այսօր, ինչպես և երեք տասնամյակ առաջ, մենք հավաքական ջանքով պետք է պատրաստ լինենք դիմագրավելու ու հաղթահարելու մեր հայրենիքի առջև ծառացած բոլոր փորձությունները՝ որպես ուղեցույց և հավատամք ունենալով Անկախության հռչակագիրն ու Անկախության գաղափարը:
Շնորհավորում եմ բոլորիս այս կարևորագույն խորհրդանշական օրվա կապակցությամբ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ