Aravot.am-ի տեղեկություններով, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը գրություն է հասցեագրել ՀՀ ոստիկանության պետ, գեներալ մայոր Վահե Ղազարյանին այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական տարածքում գտնվող մթա 2-րդ-1-ին հազարամյակների «Դամբարանադաշտի» պահպանական գոտու տարածքում պեղումներ իրականացնող հայ-գերմանական արշավախմբի հայտնած տեղեկություններով, մի խումբ անձանց կողմից կատարվել են հողատարածքի չափումներ, պեղումների ավարտից եւ արշավախմբի հեռանալուց հետո չափումների ուղեծրով տեխնիկայի կիրառմամբ անօրինական փորվել է երկար խրամուղի: Հաղորդումը, զեկուցագիրը եւ կից փաստաթղթերը ուղարկվել էին Սևանի քննչական բաժին:
Aravot.am-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց ԿԳՄՍ նախարարությունից: «Տվյալ դեպքը գրանցվել էր Գեղարքունիքի մարզի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական տարածքում գտնվող «Դամբարանադաշտի» տարածքում, որը թվագրվում է 2-րդ-1-ին հազարամյակներ: Այն հանրապետական նշանակության հուշարձան է, որի տարածքում 2020-21թթ մի շարք իրավախախտումներ էին տեղի ունեցել, որոնց հետ կապված տարբեր գրություններով անընդհատ դիմել էինք ոստիկանություն՝ բոլոր դեպքերով: Ոստիկանությունից այժմ ստացել ենք պատասխան, որ քրեական գործ կա հարուցված, եւ նախաքննություն է իրականացվում, հանգամանքները պարզվում են»,- ասաց ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը:
Հետաքրքրվեցինք, թե քանի՞ մարդ է այդ գործով անցնում: ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետն ասաց, որ այդ մանրամասներին չեն տիրապետում, ապա հավելեց. «Մեր լիազորությունների շրջանակներում ցանկացած իրավախախտման դեպքում մենք պարտավոր ենք դիմել համապատասխան մարմիններին: Հանցակազմի դեպքում քրեական գործեր են հարուցվում: Հույս ունենք, որ այս դեպքում էլ իրավախախտում կատարած անձինք կբացահայտվեն եւ օրենքով սահմանված կարգով կպատժվեն»:
Հիշեցնենք, որ 2020–ի մայիսի 21–ին ՀՀ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ–ը հաղորդել էր․ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի պահապանի հերթական այցի ժամանակ հայտնաբերվել է, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակի տարածաշրջանի Շողակաթ համայնքի Շորժա բնակավայրի վարչական սահմաններում գտնվող «Դամբարանադաշտ» հանրապետական նշանակության հուշարձանի պահպանական գոտու տարածքի մեկ դամբարան անհայտ անձինք, գանձագողության նպատակով, մոտ 1․6 մ լայնությամբ, 1․7 մ երկարությամբ, 1․5 մ խորությամբ քանդել և թալանել են։
Կարդացեք նաև
Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային ծառայությունը դիմել է ՀՀ ոստիկանության վարչության Ճամբարակի բաժին, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն իրավախախտներին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ԿԳՄՍ նախարարություն Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ–ի ֆեյսբուքյան էջից