Այսօր հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի նախաձեռնությամբ՝ ՀՀ Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի առթիվ հրավիրել էր ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի խորհրդանշանական նիստ:
Նա բացման խոսքում ասաց. «Ես՝ իբրեւ ձեր որոշման շահառու, ՀՀ քաղաքացի, որն այդ ժամանակ սովորում էր դպրոցում եւ չգիտեր, թե իրեն ինչ ապագա էր սպասվում՝ պայքար, զոհողություն, անձնազոհություն հայրենիքի համար, թե հրաշքով փրկվել եւ պայքարել այդ հայրենիքի շենացման ու զարգացման համար: Այդ ժամանակ մեր սերնդի ճակատագրերը կիսվել էին եւ իմ շատ հասակակիցներ ավելի հզոր ու պայծառ, վեհ են գտնվել եւ կարողացել են իրենց կյանքը զոհել՝ հանուն Հայաստանի: Ես մեղքի բաժին եմ ստացել՝ ապրել պատասխանատվության գիտակցումով՝ արդարացնելու համար իմ գոյությունը՝ ծառայելով ՀՀ-ին ու նրա ժողովրդին: Այսօր մենք կանգնած ենք ցավալի իրողության առաջ, որ նկատում ենք վտանգներ հայոց անկախ պետականության կորստի: Եվ ինձ ոչ միայն որպես ձեր որոշման շահառու ՀՀ քաղաքացու, այլ նաեւ ձեր ընկերոջ որդու՝ առաջին գումարման խորհրդարանի պատգամավոր Ֆերդինանդ Ղազարյանի որդու, անհանգստությունը բերել է մի խորհրդի, մի խնդրանքի, որպեսզի դուք այսօր հավաքվեք միասին: Ես այս նախաձեռնությունը հանդես չէի բերի, եթե ողջ լիներ Ֆերդինանդ Ղազարյանը: Բայց ողջ է իմ որդի Ֆերդինանդ Ղազարյանը եւ ես ձեզ որդիաբար խնդրում եմ, որ փոխարինեք իմ հայրիկին եւ տեր կանգնեք ձեր որոշմանը, փոխանցեք ձեր կերտած անկախ հայրենիքը մեզ, օգնեք մեզ՝ դիմակայելու այս փորձությանը, որ դժվար է ասել, թե որ կողմերից է պատուհասել մեր պետությանը, մեր ժողովրդին, որպեսզի ես էլ հնարավորություն ունենամ փոխանցել այն իմ որդուն՝ Ֆերդինանդ Ղազարյանին»:
Նա ասաց, որ այս նախաձեռնության մեջ քաղաքական բովանդակություն եւ իմաստ գոյություն չունի. «Առաջին գումարման ԳԽ պատգամավորների ցանկը հիմա նայելուց տեսնում ենք մեր պետականության երեւելի գործիչների, որոնք իրենց հարգարժան կյանքով մինչեւ 1990 թվականը եւ դրանից հետո ունեցել են կյանքի ճանապարհներ, տարբեր քաղաքական պատկերացումներ, բայց ես կարծում եմ, այսօր պետք է իջեցնել բոլոր դրոշները եւ բարձրացնել միայն մեկ դրոշ՝ ՀՀ պետականության դրոշը ու առաջնորդվել միայն մեկ շահով՝ ՀՀ պետականության շահով: Գլուխս եմ խոնարհում ձեր առջեւ՝ ձեր կայացրած որոշման համար»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ շատ պատգամավորներ, որոնք չեն եկել, առողջական խնդիրներ ունեն, ոմանք երկրում չեն, բացի այդ, լուրջ կազմակերպչական խնդիրներ են առաջացրել իշխանությունները, մերժել են տրամադրել դահլիճներ, անգամ մասնավոր տարածք տրամադրել են մերժել արդեն այն պահին, երբ բաժանված են եղել բոլոր հրավիրատոմսերը, պետական համակարգում աշխատողները հրաժարվել են իրենց հանձնառությունից՝ տեղեկացնելու պատգամավորներին նիստի կազմակերպման վայրը. «Իմ առաքելությունը այս իմաստով համարում եմ ավարտված: Նիստը այսօր պետք է նախագահեր առաջին գումարման ԳԽ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Երեկ հանդիպում էի խնդրել, չի կայացել: ԳԽ այդ ժամանակվա քարտուղար Արա Սահակյանը վատառողջ է»:
Սա հաշվի առնելով՝ նա խնդրեց, որ ԳԽ պատգամավոր, ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանը վարի այսօրվա խորհրդանշական նիստը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ