Լրահոս
Օրվա լրահոսը

Բոլորդ էլ, իրավամբ, նախկին եք և անկեղծ չեք, ինչի պատճառով տուժել և տուժում է օրինապաշտ քաղաքացին․ Լևոն Բաղդասարյան

Օգոստոս 23,2022 13:25

Հինգ օր գործնական հարթակում գտնվելով արտերկրում՝ ականատեսը եղա պետական ներքին ազնիվ  քաղաքականության արդյունքում բիզնես հարթակի, կորպորատիվ ծառայության, պետական լիազոր մարմինների նախանձ առաջացնող ներդաշնակությանը, որի համար բոլոր հիմքերը, արձանագրում եմ, Հայաստանում առկա են։

Գլխավոր նախապայմանը մեկն է։

Միմյանց չխաբել, այսինքն` լինել անկեղծ, անգամ եթե այն լինելու է ցավոտ։

Ներկայիս Հայաստանն իմ՝ իրավապաշտպանիս, աչքերով նման է ծխացող մոխրակույտի, որի տակ ծվարած մարդկանց գիտակցության մեջ կախված է գլխավոր հարց. ինչու և բազմաթիվ ինչուներ։ Ոչ պետական, ոչ քաղաքական, ոչ իրավական, ոչ ռազմական հարթակներում չստանալով հարցերի պատասխան, անորոշ վիճակ ու կարգավիճակ, բռնում ես ամոթի, ստորացման և որպես հետևանք՝ տառապանքի գիտակցումը։ Այդ գիտակցմամբ ունակ և ընդունակ ես առերևույթ սխալվելու, իսկ պետական մարմինների, բիզնեսի, կորպորատիվ  ծառայությունների ներդաշնակության մասին խոսել կամ գործելն, իրավամբ, շինծու և առոչինչ գործառույթ է։ Ահավասիկ, այս քաոսում են բացառապես ծնվում այն «փրկիչները», որոնք, իրավամբ, բարձրաձայնում են իշխանությունների ապիկար գործառույթների պատճառով երկրի օրինապաշտ քաղաքացուն տառապանքի հասցնելն ու խոշտանգելն ու, որպես փրկիչ, գոռում են՝ ի մարտ, երբ իրենց զավակները կամ չեն ծառայել, կամ քաղաքացիությունը փոխել են, կամ գտնվում են արտերկրում։

Անկեղծ չեք։ Նախորդներից և ներկաներից ավելի վտանգավոր եք։

Արձանագրում եմ, որ այսօրվա իշխանության, ըստ իս, անատամ քաղաքականության արդյունքում հարկադրաբար Բեր Ձորն ու մնացյալ բնակավայրերը լքելը նախկին իշխանավորների երեսուն տարիների լուռ համաձայնության ու իր քաղաքացու հետ անկեղծ չլինելու արդյունքն է։

Ցավն էլ է մարդու համար, պարտությունն էլ։

Եվ երեկ, և այսօր  ձեր պատճառով  ցավի տեր դարձրած, տասնյակ տարիներ տուն սարքած, հարկադրաբար կորցրած, խոշտանգված, գաղթականի ցուպն առած հայի հետ դուք անկեղծ չեք։ Եվ քանի անկեղծ չեք, չի լինելու այն ներդաշնակությունը, որի ուժով միայն հնարավոր կլինի մոխիրներից վեր հառնել ու ետ բերել հարկադրաբար խլված արժանապատվությունը։

Մի կարևոր բան էլ։ Նախկինս որն է, ներկաս որն է։ Բոլորդ էլ, իրավամբ, նախկին եք և անկեղծ չեք, ինչի պատճառով տուժել և տուժում է օրինապաշտ քաղաքացին։

Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ,
փաստաբան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031