«Հանուն Արցախի պաշպանության» շարժումը հորդորում և կոչ է անում Արցախի խորհրդարանական, արտախորհրդարանական քաղաքական ուժերին և բազմաթիվ հասարակական կազմակերպությունների` հավատարիմ մնալ 2022 թվականի ապրիլի 14-ին ԱՀ Ազգային Ժողովի կողմից ընդունած հայտարարությանը, որը մեծ ոգևորությամբ ողջունվել է համայն հայության կողմից:
Մասնավորապես՝
1.Արցախահայությունը քաջ գիտակցում է խաղաղության գինը: Արցախի պետականությունը և պատմական հայրենիքում ազատ ու անկախ ապրելու իրավունքը բացարձակ արժեքներ են, և դրանցից անգամ պատերազմի սպառնալիքը չի կարող մեզ հետ պահել:
2.Հայաստան-Ադրբեջան «խաղաղության» օրակարգով՝ Արցախը Ադրբեջանին բռնակցելու ցանկացած բանակցային գործընթաց ինքնին, ինչպես նաև դրանից բխող փաստաթղթի ստորագրումը, տապալում է ոչ միայն Արցախի պետականությունը, այլև արցախահայության` իր պատմական հայրենիքում ապրելու անքակտելի իրավունքը:
3.Պահանջում ենք, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները հրաժարվեն իրենց ներկայիս աղետալի դիրքորոշումից և առաջնորդվեն բացառապես այս արժեքներով:
4.Ոչ մի իշխանություն իրավունք չունի «խաղաղության» պատրվակով Արցախի համար անընդունելի կարգավիճակի, ինչպես նաև՝ միջազգայնորեն ճանաչված ինքնորոշման իրավունքի բանակցային նշաձողն իջեցնելու:
Ուստի անհրաժեշտ ենք համարում, որպեսզի բոլոր միջոցներով` այդ թվում նաև ժողովրդական ճնշման միջոցով ստիպել, որպեսզի ՀՀ իշխանություններն ու վարչապետը պետությունների ղեկավարների մակարդակով, ՀՀ-ն Արցախին կապող նոր ճանապարհի վերաբերյալ նոր եռակողմ փաստաթուղթ ստորագրեն, որտեղ հստակ նշված կլինի նոր երթուղու վերաբերյալ միջանցքային տրամաբանությունը` այդ թվում նաև միջանցքի իրավական ռեժիմը, պարամետրերը, անվտանգության երաշխիքները, ինչպես նաև Ադրբեջանի վրա հստակ պարտավորություն դրվի՝ միջանցքի անխափանության ու անխոչընդոտության վերաբերյալ:
Անհրաժեշտ ենք համարում նաև, որպեսզի նոր միջանցքով անցկացվի Հայաստանի Հանրապետության հետ Արցախի հաղորդակցական և ենթակառուցվածքային ուղիները` գազ, էլեկտրաէներգիա, կապ, համացանց:
Համոզված ենք, որ մինչև չլինի նոր եռակողմ փաստաթուղթ նոր երթուղու վերաբերյալ, մենք որևէ երաշխիք չունենք, որ այդ ճանապարհը կգործի միջանցքային տրամաբանությամբ ու կարող է անխափան և անխոչընդոտ կապ ապահովել Հայաստանի ու Արցախի միջև՝ քանզի այս միջանցքը մեր համար գոյաբանական նշանակություն ունի:
Բանավոր որևէ պայմանավորվածություն չի կարող երաշխիք լինել: Այսօր մենք կանգնած ենք Արցախի փաստացի շրջափակման շեմին, ուստի այլևս օրհասական է գործել ու պարտադրել մեզ համար կյանքի ճանապարհ համարվող միջանցքի գործունեության պահպանման համար անհրաժեշտ մեր պայմանները:
«Հանուն Արցախի պաշպանության» շարժում