Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, եւ սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան. Լևոն Մազմանյան

Օգոստոս 23,2022 11:51

Վարչապետի՝ ռազմավարության գծով նախկին խորհրդական Լևոն Մազմանյանի ֆեյսբուքյան գրառումը

Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձը:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի կողմից ընդունված Հռչակագիրն այն մասին է, որ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունն անկախ պետության հաստատման գործընթացի սկիզբ է դնում:

Մեկնարկած այդ գործընթացը դե յուրե ավարտվեց 1991 թվականի սեպտեմբերի 21-ի անկախության հանրաքվեով եւ միջազգային հանրության կողմից Հայաստանի Հանրապետության ճանաչմամբ:

Դե ֆակտո այդ գործընթացը չի ավարտվել մինչեւ օրս, ոչ թե այն պատճառով, որ անկախություն չունենք, այլ այն պատճառով, որ անկախությունը նման է առողջության, որի համար մենք հոգ չտարանք եւ այդ պատճառով հաջորդ սերնդին փոխանցեցինք ավելի վատառողջ Հայաստան:

Կառավարությունն այնպես է ամեն օր պայքարում Հայաստանի Հանրապետության անկախության համար, որ մեր անկախությունը ճաք է տալիս բոլորիս աչքի առաջ, եւ առաջիններից այդ ճաքը ցավոք արտահայտվեց Լեռնային Ղարաբաղում:

Անկախությունը կարգավորված հարաբերություններ են հարեւանների հետ. մենք, թեեւ, մեր հարեւաններից մի մասի հետ ունենք փայլուն հարաբերություններ: Մյուս մասի հետ հարաբերություններում որեւէ էական առաջընթաց չի արձանագրվում, որովհետեւ նրանք չափազանց մեծ գին են պահանջում մեզնից, կամ էլ համարում են, որ մենք ենք իրենցից չափազանց մեծ գին պահանջում: Հետևաբար` մենք ստիպված ենք նրանց ավելի մեծ գին վճարել եւ իրենցից ավելի փոքր գին պահանջել, քանի որ այլ բան չենք կարողանում մտածել կամ իրագործել:

Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլեւ նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ, ինչը նորմալ է այն դեպքերի համար, երբ դու չես կարողանում ավելի մեծ արժեք ներկայացնել քո դաշնակիցների համար:

Անկախությունն առերեսում է, եւ հանուն մեր անկախության ու պետականության՝ մենք պետք է ինքներս մեզ հետ, մեր պատմության ու աշխարհընկալման հետ առերեսվելու կամք ունենանք, եւ այդ կամքը պիտի քարից էլ ամուր լինի, բայց, ավաղ, այն այդպիսին չգտնվեց:

Անկախությունը մտածողություն է, պետականակենտրոն մտածողություն, եւ սրա չգոյությունը մսխում է ինքնիշխանությունը, անվտանգությունը, ապագան, ինչը մենք ի ցույց դրեցինք մեր գործողություններով ու անգործությամբ:

Անկախությունն ազատություն է, եւ մեր ընկալմամբ՝ ժողովուրդն անկախ պետություն ստեղծել է այնտեղ իրեն ազատ եւ անվտանգ զգալու համար: Հիմա անկախությունը թևակոխում է մի այնպիսի դարաշրջան, որտեղ ազատության ու անվտանգության զգացողության կարիք չի լինի:

Անկախությունը կրթություն է, եւ քանի դեռ ամենահեռավոր գյուղում ապրող յուրաքանչյուր երեխայի կրթությունը նույնքան հասանելի չէ, որքան մայրաքաղաքի կենտրոնում, պիտի տրտմենք մեր ապագայի համար` արդեն այլ վայրերում, քանի որ հեռավոր գյուղերը չկարողացանք բնակեցնել:

Անկախությունն իրավակարգ է, օրենքի, իրավունքի գերակայություն. օրենքը հարգելը եւ ոչ թե այն շրջանցելը կամ անձնական հակառակորդների դեմ որպես գործիք օգտագործելը պիտի լինի առավելության նշան:

Անկախությունն աշխատանք է, այնպիսի աշխատանք, որը պետք է ստեղծի եւ արարի եւ ոչ թե մսխի ու փչացնի:

Անկախությունը նման է աստվածաշնչյան տասը մնասի առակին, որի խորհուրդը հետեւյալն է. ով ունի, նրան կտրվի, իսկ ով չունի, նրանից նույնիսկ իր ունեցածը կվերցվի: Եվ հետեւաբար ունենանք Անկախություն եւ վե՜րջ, կունենա՛նք Անկախություն եւ վե՜րջ:

Շնորհավորում եմ բոլորիս օգոստոսի 23-ի առիթով:

——

Այսպես ավելի ազնիվ կլիներ:

——

Սև գծին, միևնույն է, հաջորդելու է սպիտակ գիծը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031