Հայաստանի տնտեսության զարգացման առանցքային հիմնախնդիրներից է տնտեսական ինստիտուտների կայացումը։
Տնտեսական ինստիտուտները կարևոր են նաև, քանի որ դրանք օգնում են նյութական և ֆինանսական ռեսուրսները բաշխել ըստ իրենց ավելի արդյունավետ օգտագործման, դրանք են որոշում, թե ով է ստանում շահույթը, եկամուտները և իրականացնում վերջնական վերահսկողությունը։ Եթե տնտեսական ինստիտուտները նպաստում և խթանում են տնտեսական աճը, ապա այդ հասարակությունները տնտեսապես ծաղկում են։ Տարբեր երկրների զարգացման պատմական ընթացքը ցույց է տալիս, որ տնտեսական ինստիտուտներն են որոշում տնտեսական խաղացողների խթանները, տնտեսական արդյունքները և նոր ստեղծված ավելացված արժեքը։ Ընդհանուր առմամբ, տնտեսությունում առկա են տարբեր սոցիալական խմբեր և անհատներ, որոնք օգուտ են ստանում և շահում են տարբեր տնտեսական ինստիտուտներից։ Հետևաբար, սոցիալական խմբերի միջև առկա են որոշակի հակասություններ, որոնք վերջնականապես լուծվում են այն խմբերի օգտին, որոնք ձեռք են բերել քաղաքական մեծ իշխանություն։
Տարբեր երկրներում տնտեսական և քաղաքական ինստիտուտների կայացման պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ անհատների որոշ խմբեր չեն ստացել քաղաքական իշխանություն, ապա նրանք հաճախ կարողացել են ապստամբել, օգտագործել զինված խմբեր և վարձու ուժեր կամ օգտագործել տնտեսապես ծախսատար, բայց լայնորեն ընդունված խաղաղ բողոքի գործողություններ, որպեսզի իրենց ցանկությունները պարտադրեն հասարակությանը։ Տնտեսական ինստիտուտների ձևավորման և պատմական զարգացման ընթացքը ցույց է տալիս, որ այն սոցիալական խմբերը, որոնք ունեն հակառակ շահեր, հաճախ համաձայնության չեն գալիս, որպեսզի սահմանեն այնպիսի տնտեսական ինստիտուտներ, որոնք առավելագույնի կհասցնեն ընդհանուր տնտեսական աճը և հասարակության սոցիալական բարեկեցությունը։
Դա պայմանավորված է նրանով, որ նման համաձայնության գալը կհանգեցներ քաղաքական իշխանության նվազման, որն իր հերթին կնպաստեր, որ գործող քաղաքական իշխանությունը կկորցներ ռեսուրսների վերաբաշխման մի մասի նկատմամբ վերահսկողությունը։ Տնտեսական ինստիտուտների կայացման փորձը հնարավորություն է ընձեռում ներկայացնել այն հիմնական հարցի պատասխանը, թե ինչու որոշ հասարակություններ ընտրում են «լավ տնտեսական ինստիտուտներ»։ Ըստ էության, «լավ տնտեսական ինստիտուտներն» այն կառույցներն են, որոնք ապահովում են սեփականության իրավունքի պաշտպանությունը և հասարակության լայն շրջանակների համար տնտեսական ռեսուրսներից օգտվելու հարաբերականորեն հավասար իրավունք։ Չնայած այս մոտեցումը չի ներառում հասարակությունում հավասար հնարավորությունների պահանջ, այնուհանդերձ, շեշտադրում է, որ երբ հասարակության միայն շատ փոքր մասն ունի լավ պաշտպանված սեփականության իրավունք, ապա այդ հասարակությունը չունի «լավ տնտեսական ինստիտուտներ»։
Կարդացեք նաև
Այսպիսով, եթե քաղաքական ինստիտուտները, որոնք հսկողություն են սահմանում նրանց նկատմամբ, որոնց ձեռքում է գտնվում քաղաքական իշխանությունը, մասնավորապես հասարակությունում ստեղծելով իշխանության հաշվեկշռված բաշխվածություն, ապա դա օգտակար է, որպեսզի ի հայտ գան «լավ տնտեսական ինստիտուտներ»։ Առանց քաղաքական իշխանության վրա հսկողության, իշխանություն ունեցողները ավելի հավանական է, որ կընդունեն այնպիսի տնտեսական ինստիտուտների համակարգ, որոնք բարենպաստ են իրենց համար և միաժամանակ վնասակար են հասարակության մնացած մասի համար՝ ձախողելով հասարակության լայն շրջանակների համար սեփականության իրավունքի պաշտպանությունը։
Մյուս կողմից՝ ավելի հավանական է, որ «լավ տնտեսական ինստիտուտները» առաջ կգան, երբ քաղաքական իշխանությունը գտնվում է համեմատաբար լայն խմբերի ձեռքում, որոնք ունեն ներդրումներ կատարելու զգալի հնարավորություններ։ Երբ նշանակալի ֆինանսական հնարավորություններով փոքր խումբը իր ձեռքում է պահում իշխանությունը, ապա նրանք կարող են որոշ ժամանակ ընդունելի համարել այնպիսի համակարգ, որտեղ իրենց սեփականության իրավունքը պաշտպանված է, բայց ուրիշներինը՝ ոչ։ Այն պարագայում, երբ հասարակության առավել լայն խմբեր են տնօրինում քաղաքական իշխանությունը, նրանց կողմից բոլորի համար ապահով սեփականության իրավունքի ինստիտուտ ներդնելը շահավետ է հենց իրենց համար։
Ռոլան ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ
Տնտեսագիտության թեկնածու
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։